Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ



2010թ. ընթացքում մարտական պատրաստության եվ մարտական առաջադրանքների կատարման արդյունքներով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ականազերծման կենտրոնը ճանաչվեց լավագույնը զորատեսակի կազմում եվ պարգեվատրվեց «ՀՀ ԶՈՒ լավագույն ինժեներական զորամաս» պատվո դրոշով։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Կասկածից վեր է, որ նման հաջողության հասնելու գործում կարեւոր դերակատարում ունի առաջին հերթին զորամասի հրամանատարը։ Հենց նրա ցուցաբերած կազմակերպական, հրամանատարական ունակությունների շնորհիվ է ապահովվում մարտական բարդ առաջադրանքների կատարման հաջողությունը։ Իսկ ականազերծման կենտրոնի հրամանատար գնդապետ Վոլոդյա Զալունցը, երկար տարիներ գումարտակի հրամանատար լինելով, բազմիցս ապացուցել է, որ օժտված է մարդկանց համախմբելու եւ առաջնորդելու ունակություններով։ Գնդապետ Վոլոդյա Զալունցն արցախցի է, ծնվել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա տեղափոխվել է Երեւան, ծառայել է բանակում, իսկ զորացրվելուց հետո աշխատել է արտադրությունում ու միաժամանակ սովորել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1989թ. ավարտել է ուսումը եւ գործարանում նշանակվել հերթափոխի պետ, սակայն շատ շուտով թողել է աշխատանքը եւ նվիրվել Արցախի պաշտպանությանը։
-Մեր կամավորական ջոկատը կոչվում էր «ՄԵԳՎԱԽ», այս հապավումը կազմված է Երեւանի երկաթուղային կայանի տարածքում սովետական զորքի հետ տեղի ունեցած բախումից զոհված մեր վեց ընկերների անունների սկզբնատառերից։ Հետագայում ջոկատը վերանվանվեց «Արծիվ-28», իսկ հրամանատարը գնդապետ Ռոլանդ Քելեշյանն էր,- հիշում է Վ. Զալունցը։ -Մենք մասնակցել ենք Մարտակերտի, Լաչինի, Քարվաճառի, Վայքի եւ այլ տարածաշրջանների պաշտպանական մարտերին։
1994թ. հունվարից Վ. Զալունցը ծառայության է անցնում ազգային բանակում: 2008թ. նա նշանակվում է ականազերծման կենտրոնի հրամանատար։
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար գնդապետ Վ. Զալունցը պարգեւատրվել է «Արիության», «Մարտական ծառայության», ԼՂՀ «Արիության», «Վազգեն Սարգսյան», «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», ԼՂՀ «Մայրական երախտագիտություն», «Անբասիր ծառայության» առաջին եւ երկրորդ աստիճանի մեդալներով, բազմաթիվ այլ պարգեւներով։

2010Թ. ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Անցած ուսումնական տարում սակրավորները կատարել են մարտական պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները։ Մասնավորապես՝ կարեւորվում են հուլիսին հայ-ռուսական միացյալ զորախմբի կազմում անցկացրած մարտավարական զորավարժությունը եւ գնդապետ Հ. Օհանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման հետ սեպտեմբերին անցկացրած զորավարժությունը, որին զորամասը մասնակցեց մեկ վաշտի կազմով։
Զորամասի մարտունակությունը ճշտող այս երկու զորավարժություններից էլ ականազերծողները ստացան «լավ» գնահատականներ։ Ամենակարեւոր առաջադրանքը, որ զորամասի ուժերով իրականացվեց, շուրջ 40 հեկտար անտառային եւ վարելահողային տարածքի ականազերծումն էր Կապանի շրջանում, Դավիթ Բեկ եւ Եղվարդ համայնքներում։
-Այդ հողատարածքները մաքրվեցին, եւ արդեն մշակվում են, սակայն դեռեւս շատ են ականապատված դաշտերը, եւ առաջիկայում մեր անելիքները չեն նվազելու,- ասաց գնդապետը եւ շարունակեց։ -Անցած տարում ստացել ենք բազմաթիվ ահազանգեր մարզերից, որոնց անմիջապես արձագանքել ենք եւ կատարել տարբեր տիպի պայթուցիկ նյութերի վնասազերծման աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ, հայտնաբերել եւ ոչնչացրել ենք 74 հակահետեւակային, 36 հակատանկային ականներ, յոթ նռնակ, վեց արկ եւ չպայթած մեծաքանակ՝ 1309 միավոր այլ զինամթերք։ Կատարել ենք նաեւ օգտագործման համար վտանգավոր եւ ոչ պիտանի զինամթերքի ոչնչացման աշխատանքներ։

ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ

Զորամասը նոր ուսումնական տարվան նախապատրաստվել եւ այն սկսել է հաջողությամբ։ Մարտավարաշարային եռօրյա պարապմունքների ընթացքին հետեւել եւ տեղում սակրավորներին օգնություն է ցուցաբերել ԶՈՒ ԳՇ ինժեներասակրավորային զորքերի վարչության պետ գեներալ-մայոր Ոստանիկ Ադոյանի գլխավորած հանձնաժողովը։ Այժմ ընթացքի մեջ են տեսական եւ գործնական պարապմունքները։ Շաբաթվա ընթացքում երկու օր սակրավորային վաշտերը եւ շնաբուծարանի անձնակազմերը մարտավարամասնագիտական դասընթացներ եւ գործնական պարապմունքներ են անցկացնում մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական կետում։
-Այս տարվա ընթացքում դարձյալ շատ են լինելու ականազերծման աշխատանքները։ Արդեն մարտ-ապրիլ ամիսներին կատարելու ենք Գորիսի տարածաշրջանի ճանապարհամերձ տարածքների ականազերծումը։ Սպասում ենք, որ ձյունը հալչի, որպեսզի պայմանները լինեն նպաստավոր, անվտանգ եւ գործի ընթացքում չլինեն բացթողումներ։ Քանի որ զինված ուժերի համար նախատեսված են մի շարք զորավարժություններ, մենք ձգտում ենք է՛լ ավելի բարձրացնել մեր մասնագետների գիտելիքներն ու գործնական ունակությունները, չենք մոռանում նաեւ անվտանգության ապահովման մասին,- ասաց գնդապետ Վ. Զալունցը։
Մենք նրա հետ զրուցեցինք նաեւ այն զինծառայողների մասին, որոնք առավել շատ ջանք են գործադրել, որ առաջադրանքները լիովին կատարվեն։
-Ինչպես գիտեք, մեր զորամասում ծառայության են անցնում պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած տղաները։ Հաջողության գործում բոլորն էլ իրենց ներդրումն ունեն, բայց, իհարկե, կան հիմնական ծանրությունը կրողներ, առաջատարներ։ Առաջին հերթին ես նկատի ունեմ շտաբի պետ, փոխգնդապետ Վ. Թադեւոսյանին, փոխգնդապետ Ա. Մարտիրոսյանին, մայոր Ա. Խաչիկյանին, կապիտան Գ. Բասենցյանին, ավագ լեյտենանտներ Ա. Մարտիրոսյանին, Լ. Հովհաննիսյանին եւ լեյտենանտ Ա. Փանոսյանին, սերժանտներ Արտակ Խաչատրյանին, Էդիկ եւ Արսեն Բայրամյաններին, շարքային Ռոբերտ Դմոյանին, որը վերջերս պարգեւատրվեց «Գարեգին Նժդեհ» մեդալով։
♦♦♦
Լսարանում պարապմունք էր անցկացնում ավագ լեյտենանտ Լ. Հովհաննիսյանը։ Գրատախտակին գրված էր թեմայի անվանումը՝ ««Պայթեցման գործ» պարապմունքի N1 պայթեցման միջոցները եւ օժանդակ պարագաները։ Մեխանիկական բոցավառիչ-ունիվերսալ պայթուցիչ»։ Հրամանատարն ուսուցանվող նյութը ներկայացնում էր ոգեւորությամբ, անընդհատ օգտագործում էր ուսումնական միջոցները, տեսողական նյութերը։ Ակնհայտ էր, որ նա մասնագիտությանը տիրապետում է կատարելապես եւ օժտված է սովորեցնելու-ղեկավարելու հատկանիշներով։
♦♦♦
Շնաբուծարանում նույնպես աշխատանքը չի ընդհատվում։ Սակրավորները լավ են հասկանում իրենց բարեկամ չորքոտանիներին։ Աջո շունը փորձառուներից մեկն է։ Սակրավոր կրտսեր սերժանտ Ալբերտ Հովհաննիսյանը արդեն վեց տարի է մշտապես զգում է Աջոյի աջակցությունը։
♦♦♦
Կրտսեր սերժանտ Սուրեն Վարդումյանը եւ շարքային Էրիկ Ջավադովը սակրավորներ են։ Էրիկը բռնագաղթել է Բաքվից 1988-ին Սումգայիթի ոճրագործություններից հետո։
-1993-ին զորակոչվեցի բանակ եւ մասնակցեցի Հայաստանի սահմանների պաշտպանական մարտերին, պարգեւատրվել եմ պատերազմի մասնակցի կրծքանշանով։ Արդեն հինգ տարի է, ինչ նորից անցել եմ ծառայության,- ասաց Էրիկը։
-Ես էլ Ախթալայից եմ։ Այժմ ծառայությանս զուգահեռ հեռակա սովորում եմ պետական ճարտարագիտական համալսարանում։ Սակրավորի մասնագիտությունն ինձ դուր է գալիս, բայց նաեւ շատ եմ կարեւորում կրակային պատրաստությունը։ Արդեն պարգեւատրվել եմ պատվոգրով եւ շնորհակալագրով,- ասաց Սուրեն Վարդումյանը։
Ազգային բանակի 19-րդ տարեդարձի առթիվ սակրավոր շարքային Ռոբերտ Դմոյանը պարգեւատրվեց «Գարեգին Նժդեհ» մեդալով, մինչ այդ նա արժանացել էր բազմաթիվ այլ պարգեւների, պարգեւատրվել Իրաքում խաղաղապահական առաքելության մեդալով։ Փորձառու սակրավորն Էջմիածնից է։ Երբ արցախյան խաղաղ շարժմանը ադրբեջանցիները հակազդեցին բիրտ ուժով ու ռազմական գործողություններով, բազմաթիվ էջմիածինցիների պես նաեւ Ռոբերտը անդամագրվեց կամավորական ջոկատներին։
-1991-94թթ. կռվել եմ այն ջոկատում, որի հրամանատարը Գագիկն էր, որի զոհվելուց հետո ջոկատը կոչվեց նրա անունով, իսկ հրամանատար դարձավ Սեյրան Սարոյանը։ Շատ տեղերում եմ եղել, շատ մարտերի եմ մասնակցել։ Խաղաղապահների հետ մեկնել եմ Իրաք։ Ունեմ երկու տղա, որոնք արդեն ծառայել են բանակում։ Թե մի բան եղավ, կռիվը նորից սկսվեց, տղաներիս հետ կգնամ մեր հողը պաշտպանելու,- հաստատակամորեն ասաց Ռոբերտը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #05 (870) 09.02.2011 – 16.02.2011, Ազգային բանակ


17/02/2011