Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ



ՀՀ ՊՆ համազորային զորավարժարանում սպասում են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) այն ստորաբաժանումներին, որոնք պետք է մասնակցեն «Փոխգործակցություն-2012» զորավարժությանը: Հայկական հյուրընկալության լավագույն ավանդույթները պահպանվում են նաև ռազմական համագործակցության ասպարեզում. մասնակիցների համար դաշտային պայմաններում ապահովվում է առավելագույն հարմարավետություն՝ ինչպես մարտական պատրաստությամբ զբաղվելու, այնպես էլ առօրյա կենսագործունեությունն ապահովելու նպատակով:

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ԴԱՇՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Բնակլիմայական այն պայմանները, որոնցում գտնվում է զորավարժարանը, ստիպում են առաջնահերթ ուշադրություն դարձնել ջրի հիմնախնդրին: Ամռան ամենաշոգ օրերին օդի ջերմաստիճանն այստեղ 40 աստիճանից բարձր է, իսկ տեղանքն այնպիսին, որ արդեն 100 մետր քայլելուց հետո կոշիկները պատվում են փոշու հաստ շերտով: Ծարավ, քրտինք և փոշի՝ ահա այն խնդիրները, որոնց օրվա մեջ բազմաթիվ անգամներ բախվում են զորավարժարանում գտնվող զինծառայողները: Բոլոր այդ խնդիրներն ունեն մեկ լուծում՝ ջուր:

Ինչպես արդեն նշել ենք մեր թերթի նախորդ հրապարակումներում, զորավարժարանում մշտական ջրի խնդիրը լուծված է. լվացարանների ծորակներից ջուրը հորդում է հզոր շիթով: Ջրի բաղադրությունը մասնագետները խստագույնս վերահսկում են՝ շաբաթական առնվազն երկու անգամ կատարելով լաբորատոր հետազոտություն: Ջրագծով բերված ջուրը պիտանի է նաև խմելու համար, բայց քանի որ խմելու ջրին որակական շատ բարձր պահանջներ են ներկայացվում, իսկ այդ ջրի կոշտությունը նորմայից փոքր-ինչ ավելի է, այն խմելն արգելված է: Զորավարժության ընթացքում խմելու ջուրը մատակարարվելու է շշալցված:

Դաշտային երկու բաղնիքները, ճամբարային հավաքների բուժծառայության պետ, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Պ.Մանուկյանի խոսքով, ամեն օր աշխատում են: Ջրամատակարարում է ապահովված դաշտային զուգարաններում: Ճամբարի տարածքի իդեալական մաքրությունն ապահովվում է քաղաքացիական անձնակազմի բարեխիղճ աշխատանքով և աղբահան հատուկ մեքենաներով:

Ճամբարային ավանի հրամանատարությունը մեծ ուշադրություն է դարձնում զինվորական սննդի ինչպես որակին (զորավարժությանը մասնակցում են ազգային բանակի լավագույն խոհարարները), այնպես էլ անվտանգությանը. խոհարարները շաբաթը մեկ ենթարկվում են մանրէաբանական հետազոտության:

ՀՀ ԶՈՒ ԳՇ ԶԾ և ԶԾԱԱ վարչության պետի տեղակալ գնդապետ Ա. Աղասյանը մեզ ծանոթացրեց ճամբարային ավանի կառուցվածքին: Բացի վրան-զորանոցներից, կան նաև վրանների տակ բոլորովին նոր գույքով կահավորված դասասենյակներ, կենցաղային սենյակներ, սպաների աշխատասենյակներ, մշակութային ժամանցի սենյակներ, պահակատուն, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած բուժկետ, ճաշարան, բաղնիք, լվացքատուն: Մի քանի օր առաջ ավարտվել էին մարզահրապարակի շինարարությունը և շարահրապարակի ասֆալտապատումը:

ԳԵՐԱԶԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ

ՀԱՊԿ ԱԱՀՈՒ ստորաբաժանումների նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ է կազմակերպչական վիթխարի աշխատանք: Ու թեպետ ճամբարային ավանում առայժմ միայն հայկական զորախումբն է, կազմակերպչական արդեն իսկ լուծված խնդիրները նպաստելու են նաև ՀԱՊԿ անդամ մյուս երկրների զորախմբերի կենսագործունեությունն ապահովելուն:

Հաշվի առնելով կազմակերպչական խնդիրների մեծ ծավալը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով նշանակվել է ճամբարային հավաքների վարչակազմ՝ բաղկացած հավաքների պետից, նրա տեղակալից, շտաբի պետից, թիկունքի, կապի և սպառազինության պետերից: Հատկանշական է նաև, որ ինչպես հավաքների վարչակազմում, այնպես էլ ՀԱՊԿ ԱԱՀՈՒ հայկական զորախմբի կազմում ընդգրկված են ազգային բանակի ամենալավ մասնագետները, ամենափորձառու սպաները և ամենամարտունակ ստորաբաժանումները (ի դեպ՝ իր հարցազրույցներից մեկում այս մասին հայտարարել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը):

Ինչպես նշեց ճամբարային հավաքների պետ, ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ գնդապետ Հ.Կարապետյանը, հավաքների վարչակազմի հիմնական գործառույթը զորքերի կենսագործունեության և ներքին կարգուկանոնի ապահովումն է: Այն իրականացվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից հաստատված կարգացուցակի համաձայն: Ըստ վերջինի՝ ժամը 7:00-ին հայտարարվում է վերկաց, այնուհետև մարմնամարզություն, նախաճաշ և դաշտային պարապմունքներ, որոնց ընթացքում մշակվում են հիմնականում «Փոխգործակցություն-2012» զորավարժության սցենարով նախատեսվող գործողությունները: Հաշվի առնելով շոգը՝ դաշտային պարապմունքներն իրականացվում են երկու փուլով՝ մինչև ժամը 13:00-ն (այնուհետև ճաշ և հանգիստ) և ժամը 17:00-ից մինչև 20:00-ն:

«Ներքին կարգապահությանը շատ խիստ եմ հետևում»,- ասաց գնդապետ Հ.Կարապետյանը՝ նշելով, որ այդ գործում մեծ է ռազմական ոստիկանության Արմավիրի կայազորի պարետատան անձնակազմի աջակցությունը:

Ճամբարային ավանում բարձր մակարդակով է կազմակերպված զինվորական ծառայության անվտանգության ապահովումը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության երկու հրշեջ հաշվարկներ մշտապես հերթապահում են ճամբարային ավանում: Բացի դրանից, զորախմբի բոլոր ստորաբաժանումներում կազմված և հրահանգավորված են արտահաստիքային հրշեջ խմբեր, կան հակահրդեհային անվտանգության կանոններով վահանակներ, հրդեհ մարելու համար նախատեսված ջրով լի տարաներ:

Քանի որ զորավարժարանի բնակլիմայական պայմանները նպաստավոր են օձերի, կարիճների և թունավոր զեռունների համար, անձնակազմը մանրամասն հրահանգավորված է դրանց խայթոցներից խուսափելու և անհրաժեշտության դեպքում տուժածին առաջին օգնություն ցույց տալու վերաբերյալ: Բարեբախտաբար, նման դեպքեր չեն եղել:

Ճամբարային հավաքների բուժծառայության պետ գնդապետ Պ.Մանուկյանի խոսքով, լուրջ հիվանդություններ ունեցող զինծառայողներ չկան: Եղել են բողոքներ թեթևակի արևահարությունից և փորացավից: Ճամբարի բուժկետը լիովին ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, սարքավորումներով, ունի հերթապահ երկու մեքենա, իսկ զորավարժության ընթացքում կհամալրվի նաև ռեանիմոբիլով և համապատասխան անձնակազմով: Բուժանձնակազմը բաղկացած է վիրաբույժից, վնասվածքաբանից, թերապևտից և համաճարակաբանից:

Կազմակերպչական բոլոր հարցերում ճամբարային հավաքների վարչակազմին անհրաժեշտության դեպքում մեծ աջակցություն է ցույց տալիս զորավարժարանի հրամանատարությունը: «Համագործակցում ենք զորավարժարանի պետ փոխգնդապետ Լևոն Գալստյանի հետ՝ խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետում լուծելու նպատակով»,- նշեց գնդապետ Կարապետյանը:

ԿԱՐՎԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ

Շարունակվում է նաև կենտրոնական հրամանատարական կետի նորոգումն ու կահավորումը նորագույն սարքավորումներով: Օգոստոսի 28-ի դրությամբ պատրաստ էին ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաքաղաքական ղեկավարության ու բարձրագույն ղեկավար կազմի համար նախատեսված աշխատասենյակները, նորոգվում էր խորհրդակցությունների դահլիճը, իսկ զորավարժության դիտորդների համար նախատեսված սրահում տեղադրվում էր «տեսափրեզենթային» համակարգ: Վերջինիս էությունն այն է, որ սրահից դուրս տեղադրված հեռուստախցիկով նկարահանված պատկերներն արտաբերվում են սրահում տեղադրված մոնիտորների վրա:

Համակարգի տեղադրման աշխատանքները համատեղ իրականացնում էին ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և կապիտալ շինարարության ու զորքերի բնակավորման վարչության մասնագետները: Տ և ՀԿ վարչության աշխատակից կապիտան Աշոտ Շահնազարյանի խոսքով, կատարվում է կապի և ԱԿՀ ու Տ և ՀԿ վարչությունների տեխնիկական միջոցների ինտեգրում, իսկ մալուխների անցկացումն իրականացնում է ԿՇ եւ ԶԲ վարչությունը:

ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության բաժնի պետ փոխգնդապետ Արամ Գևորգյանն էլ նշեց, որ համակարգի տեղադրման հաջողությունը կախված է նախնական հաշվարկի և համապատասխան նախագծի ճշգրտությունից: «Մենք այսպիսի աշխատանքի մեծ փորձ ունենք»,- ասաց նա:

Մայոր Անդրանիկ Մարգարյանը հավելեց, որ ավարտին է մոտենում ուղղաթիռների թռիչքահրապարակի շինարարությունը: «Մինչև զորավարժությունը կհասցնե՞ք վերջացնել բոլոր աշխատանքները» հարցին նա վստահ պատասխանեց՝ անկասկա՛ծ:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Լուսանկարները`
ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #34 (950) 30.08.2012 – 05.09.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


05/09/2012