ԲՈՇԱՅԻՑ ՓԱՇԱ
Մարդասպան Ռամիլ Սաֆարովին այս քանի օրս շատ խիստ ու անպատիվ բառերով բնորոշեցին. է՛լ ստոր, է՛լ նենգ, է՛լ տականք, է՛լ տմարդի, է՛լ ուխտադրուժ, է՛լ փոքրոգի, է՛լ դաժանաբարո, է՛լ լկտի, է՛լ ճիվաղ, է՛լ ստահակ, է՛լ ոչնչություն… Իհարկե, այս բոլոր բառերն այս կամ այն չափով բնորոշում են նրան ու նրա արարքը։ Բայց, չգիտեմ ինչու, ինձ այնպես է թվում, թե Ռամիլին շատ ավելի հասարակ, նույնիսկ կենցաղային բառ կսազի, ասենք՝ քաքլան։
Էլի հասկանալի կլիներ, եթե մարդուն, որ, ասենք, օրը ցերեկով վիրավորել է քո ազգուտակը, դինն ու մասհաբը, տեղն ու տեղը դիմահար կրակոցով սպանեիր, դանակահարեիր, մորթեիր… Բայց սպասես՝ մթնի, ու մթության քողի տակ, գաղտագողի գաս ու քնած մարդուն կացնահարե՞ս… Չէ, նման «մարդը» ո՛չ ստահակ է, ո՛չ ճիվաղ, ո՛չ նենգ ու ստոր, նման տղամարդը, մանավանդ սպան, ընդամենը քաքլանի մեկն է։
Հանցագործ Ռամիլ Սաֆարովի հետ կապված այս ձնագնդիկի պես մեծացող պատմության մեջ, որին երկրներ են խառնված, նախագահներ, իրավական ու քաղաքական խնդիրներ, ճակատագրեր, ես ամենից շատ, հավատացեք, խղճում եմ ադրբեջանցի ժողովրդին ու ադրբեջանցի զինվորին… Այո՛, նաև սահմանին կանգնած այն ադրբեջանցի զինվորին, որ մի գեղեցիկ օր արթնանում է ու տեսնում, որ քնած մարդուն կացնահարողը իր հարազատ պետության նույնքան հերոսական ջանքերի շնորհիվ հերոսի պատվանդանին է հայտնվել՝ ժողովրդի ու մանավանդ բանակի մարտական ոգին բարձրացնելու համար… Վա՜յ այն բանակին ու այն զինվորին, որի հերոսը… քաքլանն է։ Նմանները բանտերում, էլ չեմ ասում՝ հասարակության մեջ, մի անուն ունեն՝ «պետուխ» կամ էլ պ…ստ, ու նմանների հետ չեն նստում-վերկենում, ձեռք չեն տալիս, հաց չեն կիսում…
Ահա քո հերոսը, ադրբեջանցի զինվոր…
Նախանձելի չէ քո վիճակը, եղբայր իմ, քեզ կարելի է միայն խղճալ ու կարեկցել։
Եթե քաքլանն է քո երկրում փառաբանվում ու հերոսացվում, ուրեմն քո ձեռքի զենքը, որի համար քո երկրի ղեկավարությունը միլիոններ, միլիարդներ է ծախսել, փայտե հրացանի արժեք անգամ չունի։ Չունի, քանզի Ռամիլ Սաֆարովի նման «հերոսները» կոտրում են ամենից առաջ քո ոգին, քո կամքը, թքում են ամենից առաջ զինվորի ու տղամարդու, քո պատվի ու արժանապատվության վրա… Եթե ռամիլներն են քո հերոսները, դու չես կարող երկիր պահել, սահման պաշտպանել…
Ահա քո հերոսը, որ հաղթական ու ժպտերես քայլում է շահիդների ծառուղով մի գեղեցկուհու ուղեկցությամբ… Իսկ գեղեցկուհին ոչ անհայտ Գանիա Փաշաևան է, մեջլիսի պատգամավորուհին։ Նա էլ է «հերոս». ամիսներ առաջ, երբ Ֆրանսիայի սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքը, նա ի նշան բողոքի հարյուրավոր լրագրողների ներկայությամբ, հրապարակավ իր բարալիկ մատիկներով հագից հանեց ժանեկազարդ ու մատաքսահյուս ֆրանսիական արտադրության իր վարտիքն ու հարյուրավոր վավաշոտ հայացքների ուղեկցությամբ նետեց աղբարկղը… Ահա բարոյական արժեքների այն սանդղակը, ադրբեջանցի զինվոր, որով չափվում ու գնահատվում են քո հերոսները։ Թերևս մետաքսե այդ վարտիքն արդեն որպես անօրինակ քաջության ու բոլորանվեր հայրենասիրության փաստական վկայություն, որպես սուրբ մասունք կամ հաղթական դրոշ արդեն իր մշտական տեղն է գտել ձեր զինվորական կամ հաղթանակի, պատվի ու արժանապատվության պետական թանգարանում։ Կամ էլ արդեն պատառ-պատառ բաժանվել, տներն է տարվել որպես ուժի ու կորովի թալիսման։ Ահա ինչ օրինակներով են փորձում դաստիարակել քեզ, մատաղ սերնդին ու ամբողջ ադրբեջանցի ժողովրդին։
Նրանք կոտրել են քո մեջ զինվորին, մարդուն, տղամարդուն, և դու այլևս ի վիճակի չես ո՛չ կռվելու, ո՛չ էլ հայրենիք պաշտպանելու։
Ամենախիստ բնորոշումներով կարելի է դատապարտել Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության, Հունգարիայի, որ Արևմտյան գործընկերության մասն է կազմում և եվրոպական արժեքների կրող է, քաղաքական «ստորգետնյա» քայլերը։ Բայց առաջինը նրանց ուղղությամբ քար նետողը ադրբեջանցի ժողովուրդը պետք է լինի, քանզի այս պատմության միակ զոհը հենց նա է։ Ադրբեջանի ղեկավարության քաղաքական անհեռատեսությունը ադրբեջանցի ժողովրդին զրկեց ապագայից։
Այսպիսին է դաժան իրականությունը՝ ամեն ինչ իր գինն ունի։
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
Խորագիր՝ #35 (951) 6.09.2012 – 12.09.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական