ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ
Սկիզբը՝ նախորդ համարում
5.1. Երկրաշարժեր
Հայաստան աշխարհը տեսել է բազմաթիվ ավերիչ երկրաշարժեր, որոնք երկրի երեսից ջնջել են բնակավայրեր, ավերել պատմական կոթողներ, հիմնովին փլատակների վերածել մայրաքաղաքներ:
Երկրաշարժերը տարբեր ծագում ունեն (տեկտոնական, հրաբխային, փլուզումային և այլն): Հայաստանին առանձնահատուկ երկրաշարժերը տեկտոնական երկրաշարժերն են:
Երկրագունդը կազմված է միջուկից, մանթիայից և երկրակեղևից:
Երկրակեղևը ամուր է, բայց ամբողջական չէ, բաժանված է առանձին մասերի` սալերի: Դրանցից ավելի խոշորներն են Եվրասիականը, Խաղաղօվկիանոսյանը և այլն:
Տարբեր ուժերի ազդեցության հետևանքով տեղի է ունենում սալերի տեղաշարժ մեկը մյուսի նկատմամբ: Այսպես կոչված լիթոսֆերային (քարոլորտային) սալերը տեղաշարժվում են, կարծես լողալով վերին թիկնոցի առաձգական մակերևույթին, որի հետևանքով սալերը հեռանում են միմյանցից կամ սահում են եզրերով` մեկը մյուսի երկարությամբ, կամ սահմանակցող սալերի ամբողջ ճակատով բախվում են մեկը մյուսին, մեկը մյուսի տակ է խցկվում և այլն: Սալերի բախումը, միջսալային տարածության ընդարձակումը բախման ու ընդարձակման գոտիներում առաջացնում են լիթոսֆերային շերտերի խզումներ, որոնք ուղեկցվում են երկրաշարժերով: Փաստորեն, խախտվում է ապարազանգվածների ամբողջականությունը, առաջանում են խզումներ, սահքեր, անջատվում է հսկայական էներգիա: Տարածության այն կետը, որտեղ սկսվում է խզվածքի առաջացումը, և որտեղից տարածվում են սկզբնական սեյսմիկական ալիքները, կոչվում է երկրաշարժի հիպոկենտրոն, իսկ նրա պրոյեկցիան երկրի վրա` էպիկենտրոն: Այդ կետերի միջև եղած հեռավորությունը երկրաշարժի օջախի խորությունն է:
Երկրակեղևի սալերն էլ իրենց հերթին ակտիվ բեկվածքներով բաժանվում են ենթասալերի, բեկորների և այլն:
Երկրաշարժից առաջ տեղի են ունենում ռելիեֆի, ստորգետնյա ջրերի, մագնիսական դաշտի, որոշ կենդանիների վարքի և այլ բնութագրերի ֆոնային փոփոխություններ, որոնց հաճախ չի հաջորդում երկրաշարժ:
Ուժեղ երկրաշարժերին երբեմն նախորդում են ավելի թույլ ցնցումներ` նախացնցումներ (ֆորշոկեր): Ավելի հաճախ երկրաշարժին հաջորդում են հետցնցումներ` ավթերշոկեր, որոնք սովորաբար ամիսներ են տևում:
Երկրաշարժի էներգետիկ գնահատականը տրվում է մագնիտուդի (M) օգնությամբ: Այն բնորոշում է երկրաշարժի օջախում առաջացած սեյսմիկական ալիքների հարաբերական էներգիան: Մագնիտուդների գնահատման համար գոյություն ունի հատուկ սանդղակ` Ռիխտերի սանդղակը:
Միևնույն էներգիայի, բայց օջախի տարբեր խորության երկրաշարժերը երկրի մակերևույթի վրա առաջացնում են տարբեր ուժգնության ցնցումներ: Որքան մեծ է օջախի խորությունը, այնքան փոքր ավերիչ էներգիա է հասնում երկրի մակերևույթ:
Երկրաշարժի դրսևորման ուժգնությունը երկրի մակերևույթի վրա երկրաշարժից առաջացած սեյսմիկական ալիքների ուժն է, որը բնորոշում է ավերումների աստիճանը և արտահայտվում հատուկ սանդղակի բալերով (12 բալանոց MSK-64):
Հայաստանի պատմագրություններում պահպանվել են բազմաթիվ տեղեկություններ հզոր համաղետների մասին: Ըստ մեզ հասած տվյալների, 735թ. ամբողջությամբ կործանվեց Մոզ քաղաքը, որը գտնվում էր այժմյան Վայոց Ձորի մարզի տարածքում: Այստեղ զոհվեց 10000 մարդ:
893թ. ամբողջությամբ քանդվեց Հայաստանի մայրաքաղաք Դվինը, 1139թ. Գանձակի երկրաշարժից զոհվեց 60000 մարդ, 1319թ. երկրաշարժից մեծապես տուժեց Հայաստանի մյուս մայրաքաղաք Անին:
1642թ. երկրաշարժից մեծ ավերածություններ եղան Վանում, քանդվեցին քաղաքի պարսպի կեսը, բոլոր եկեղեցիները և մզկիթները, որոնց փլատակների տակ մահացան բազմաթիվ մարդիկ:
Աղետալի էր նաև 1679 թ. Գառնիի երկրաշարժը, որի ժամանակ զոհերի թիվը անցավ 8000-ից, հիմնահատակ քանդվեցին մի քանի բնակավայրեր և Գառնիի տաճարը: Վերջինս վերականգնվեց XX դարում:
Ականատեսների վկայությամբ՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ փոշու գորշ անթափանց ամպ բարձրացավ, որն ամբողջությամբ փակեց արևը և ավերված շենքերի վրայով տարածվեց դեպի երկինք: Քառասուն վայրկյանի ընթացքում միայն Լենինականում (Գյումրի) ավերվեց կամ կիսափուլ դարձավ 774 շինություն: Ականատեսների կողմից նշվում է, որ գետնի տակից ձայներ էին լսվում, երբ շենքը քանդվում էր, քարերը թռչում էին դեպի վեր: Դժվար էր ոտքի վրա մնալը: Փողոցներում կային հորիզոնական և ուղղաձիգ ճեղքվածքներ: Նշվում է նաև ուղղաձիգ և հորիզոնական երկու ցնցումների փաստը: Որոշ վերապրողներ ժամը 11-ին մոտ զգացել են սրտխառնոց և գլխապտույտ: Ցնցումների տևողությունը նրանց կողմից գնահատվել է 30 վրկ-ից մինչև 5 րոպե: ճանապարհի ասֆալտը ալիքաձև բարձրանում և իջնում էր: Այնպիսի ձայներ էին լսվում, որ թվում էր, թե փողոցով տանկեր են անցնում: Սպիտակում ամբողջությամբ հողին հավասարվեցին բնակելի տները, գործարանները, ֆաբրիկաները և այլն, Կիրովականում (Վանաձորում) փուլ եկավ 8000 բնակարան, Ստեփանավանում` երեք տասնյակ բարձրահարկ շենք, ավելի քան 2500 տուն: Ընդհանուր առմամբ, առանձնապես տուժեցին 21 քաղաք, 342 գյուղ, որոնցից 58 գյուղերում ոչ մի շենք չէր մնացել: 514000 մարդ մնաց անօթևան, 25000-ից ավելի մարդ զոհվեց:
Երկրաշարժի հետևանքները մեղմացնելու հիմնական ուղղություններից մեկը բնակչության ուսուցումն է:
Հաշվի առնելով միջազգային և տեղական փորձը, առաջարկվում է իրականացնել կորուստների նվազեցման հիմնական միջոցառումների համալիր երեք փուլով` մինչև երկրաշարժը, երկրաշարժի ժամանակ և հետո:
Երկրաշարժից առաջ
Ստորև թվարկվում են անվտանգության այն միջոցները, որոնք ապահովելու համար կարելի է ձեռնարկել նախօրոք, նոր երկրաշարժից առաջ:
1. Տանը մշտապես ունենալ խմելու ջրի, պահածոների այն քանակությամբ պաշար, որ բավարար լինի ինքնուրույն մի քանի օր դիմանալու համար: Մեկ մարդու համար օրական 3-4 լիտր ջուրը բավական է կենսունակությունը պահպանելու համար:
2. Մշտապես ձեռքի տակ ունենալ գրպանի լապտերիկ և նոր մարտկոցներ: Լապտերիկը պահել մահճակալի մոտ:
3. Տանը ինքնուրույն չկատարել շինարարական աշխատանքներ, որոնք կարող են ազդել բնակարանի սեյսմակայունության վրա:
4. Բնակարանի մուտքի դռներն ու աստիճաններն ազատել ծանրաքաշ իրերից:
5. Մահճակալները տեղավորել պատուհաններից հեռու` հենասյուների մոտ, վերևում չկախել ծանր իրեր:
6. Նախօրոք որոշել բնակարանում և աշխատավայրում առավել անվտանգ տեղերը (հենասյուների անկյունները, մուտքի և պատուհանների որմնանցքերը):
7. Տանը կամ երկար ժամանակ գտնվելու վայրում ունենալ մարտկոցային ռադիոընդունիչ:
8. Հարմար և մատչելի տեղում պահել մեկ կամ մի քանի կրակմարիչ:
9. Ձեռքի տակ պահել առաջին օգնության դեղարկղիկ և կարողանալ օգտվել դրանից: Ունենալ անհրաժեշտ դեղորայքի բավականաչափ պահուստ:
10. Արտագրել և հեռախոսի ապարատի կողքին պահել շտապ օգնության, արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ծառայությունների և ոստիկանության կանչի համարները:
11. Ընտանիքի անդամներին, աշխատակիցներին և այլ անձանց բացատրել, թե ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ և դրանից հետո:
12. Մանկահասակ երեխաներին ասել, թե ինչպես վարվեն երկրաշարժի ժամանակ, եթե գտնվեն դպրոցում (մնան դպրոցում մինչև ծնողները, կամ որևէ մեկը գա նրանց ետևից):
13. Ձեռքի տակ ունենալ պայուսակ` առաջին անհրաժեշտության իրերով և տաք հագուստով:
14. Նախապես պայմանավորվել ընտանիքի անդամների հետ և որոշել տարհանման (էվակուացիայի) ժամանակ հանդիպելու վայրը:
15. Բնակարանի կամ աշխատավայրի գտնվելու տեղի վտանգավորության (ամբարտակի, ոռոգման ջրանցքի պատերի փլուզում, սողանք) հետ կապված ընտանիքի անդամների, հարևանների, աշխատակիցների հետ համատեղ ծրագրավորել տարհանման կարգը` նախապես նշելով ժամանակավոր կացության մոտավոր տեղը:
16. Աշխատավայրում, դպրոցում և տանը առօրյա գործունեության ընթացքում միջանցքները, ելքերը, մերձատար ուղիները չծանրաբեռնել մեծածավալ իրերով` պահարաններով, մետաղյա չհրկիզվող պահարաններով, հեծանիվներով, ձեռնասայլակներով և այլն: Աղետի ժամանակ կարևոր է, որ բոլոր անցումները լինեն ազատ` բնակչության տարհանման և փրկարարների տեղաշարժերի համար:
17. Վտանգավոր նյութերը (արագբռնկվող հեղուկները, թունավոր նյութերը) պահել անվտանգ տեղում, որպեսզի դրանք չընկնեն, չփոշեցրվեն, չթափվեն: Վերին դարակաշարերի վրայի ծանր առարկաները դնել հատակին կամ ստորին դարակաշարերի վրա:
18. Ջրատաքացուցիչը և գազավառարանը ձգել ճկուն մետաղյա ժապավենով և հուսալիորեն ամրացնել պատին: Հենարաններն ամրացնել հատակին:
19. Պատերին և հատակին հուսալիորեն ամրացնել գրապահարանները և մյուս ծանր կահույքը, որոնք կարող են շուռ գալ և վնասվածքներ պատճառել:
20. Պահպանել երկրաշարժին և մյուս աղետներին նախապատրաստվելու հասարակական ծրագրերը: Զորավիգ լինել շինարարական նորմերի բարելավմանը: Պահպանել տեղական կանոնները, որոնցով որոշվում է սեյսմաակտիվ խզվածքներին մոտ շինարարության համար մշակված կոնստրուկցիաների բնույթը: Զորավիգ լինել հին և ոչ հուսալի կառույցների վերանախագծմանը և վերակառուցմանը, ներառյալ ոչ հուսալի եզրապատերի ու քիվերի վերացմանը կամ ամրացմանը:
21. Հետևել երկրաշարժերի կանխատեսումների ուղղությամբ գիտնականների ու ճարտարագետների աշխատանքներին և ժամանակին հետևել արտակարգ իրավիճակների նախարարության ցուցումներին:
22. Ակտիվորեն մասնակցել և աջակցել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպվող ծրագրերին և ուսումնավարժանքներին:
23. Մշտապես կամավոր հարստացնել գիտելիքներն առաջին օգնություն ցույց տալու վերաբերյալ: Ուսումնասիրել և ձեռք բերել արտակարգ իրավիճակներում գոյապահպանման հմտություններ:
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ