ՏԱՊԱԿԱՅԻՆ ՀՈԳԻ Է…
Ազատամարտի զոհվածներին նվիրված միջոցառում էր։ Կազմակերպիչները հոգացել էին ամեն ինչի մասին։ Մասնակիցների մեջ շատ էին ուսանող-ուսանողուհիներ տարբեր կրթական հաստատություններից։ Տարբեր հեռուստաալիքներից եկել էին հեռուստալրագրողներ։
Սակայն այդ մասին չէ, որ ուզում եմ պատմել։ Կազմակերպիչներից մեկը գլխին հավաքած հեռուստալրագրողների, շուրջբոլորը հայացքը պտտեցնելով, ինչ-որ բան է պատմում ոգեւորությամբ։ Հետո ասաց, որ կանչեն մի աղջնակի՝ ավելացնելով, որ լավ կլինի գրվի այդ աղջկա մասին։ Իսկ մինչ աղջկա «տեղ հասնելը»՝ նա խոսեց ու ներկայացրեց.- Անխղճացել ենք, դաժանացել, մոռացել ենք օգնության ձեռք մեկնել իրար։ Այ, վերջերս, երբ լսեցի այս աղջնակի, նրանց ընտանիքի մասին, գտա նրան եւ գումար տվեցի։ Չէր վերցնում՝ համոզեցի, խնդրեցի՝ վերջը մի կերպ գրպանը խցկեցի։ Ախր, գիտեմ, շատ է անհրաժեշտ՝ հայրը պատերազմի վերքերից մահացել է, ինքն է ու մայրը։ Մայրն էլ հաշմասայլակին գամված է։ Հավատացեք՝ շա՜տ ենք չարացել, մոռացել ենք բարեգործության մասին։ Շատ համոզեցի մինչեւ վերցրեց այդ գումարը, իմ օգնությունը…
Պատմությունը երեւի դեռ էլի կշարունակվեր… Մեզ մոտեցավ մի գեղեցիկ աղջիկ։ Իրոք, շատ էր գեղեցիկ, հմայիչ ու քնքուշ։ Միգուցե հայացքն էր կամ էլ աչքերի տխրությունը, որը նրան առանձնացնում էր իր շրջապատում… Աչքերի մեջ այնպիսի մի տառապանք կար, կսկիծ ու կրակ, որ միայն մաքուր հոգով այնտեղ կարելի էր նայել, տեսնել… Նա եկավ, բարեւեց ու լուռ կանգնեց։ Հետո, երբ հայացքը հառեց «բարեգործին», զգացվեց, որ իր համար արդեն ամեն ինչ պարզ է։ Առավել եւս, երբ տխրությամբ կախեց-փախցրեց հայացքը։ Շատ տխրությամբ հիշեցի «Տժվժիկը»։ Շատ սիրեցի կինոնկարի երիտասարդ ռեժիսորին, որի կարծեմ միակ ֆիլմն է Հայաստանում…
Աղջիկը լուռ ու խոնարհ կանգնել-սպասում էր։ Ասես այդ սպասումը երկինք առաքված հրթիռի էներգիան ուներ իր մեջ։ Դա զգացվում էր…
Հետո բարեգործը ասաց, որ եթե չենք հավատում իր պատմածին՝ կարող ենք հարցնել, եւ ինքը նորից սկսեց.
-Աղջի՛կ ջան, լրագրողներին պատմում եմ, թե վերջերս, երբ հանդիպեցինք ու ես…
Կողքի հավաքվածները, ուսանողները ժպտում էին՝ իրենց ծանոթ պատմությունն էր սկսվում՝ մի նոր «Տժվժիկ», որտեղ սակայն այս անգամ սիրտ ու թոքի, երիկամի փոխարեն տապակա-թավային հոգի էր, մարդկային աներեւույթ մի հոգի…
Աղջիկը դառը ժպիտով ասաց. «Իմ անուն-ազգանունը պետք չէ գրել, գրեք միայն բարեգործի անունը»…
… Չեմ գրում աղջկա անուն-ազգանունը, ոչ էլ ծնողների, առավել եւս չեմ ուզում գրել «բարեգործի» անունը եւ նրա այնքան չնչին գումարի չափը։ Բարեգործ, ով անվերջ իր անձից էր խոսում՝ որոնելով փառք ու համբավ… Հույս ունեմ, որ նա մի օր կկարդա այս տողերը։ Այս տողերը կկարդա նաեւ այն տխուր աչքերով աղջիկը, որին ուզում եմ ասել.
-Ապրե՛ս, ի՛մ աղջիկ, ի՛մ քույր, ի՛մ մայր, ի՛մ տատ՝ մի խոսքով՝ հայուհի։ Դժվար ապրող, բայց դիմակայող, արժանապատիվ ապրող աղջիկ։ Կապրի քո հայրը, ապրի քո մայրը։ Հավատա՝ դուք ապրում եք լիարժեք, որովհետեւ սերը ձեզ պահում է, պահելու է այս հողի վրա, որովհետեւ ապրել այդպես արժանապատվորեն, նշանակում է ապրեցնել, մաքուր պահել կապույտ, մաքրամաքուր մի առվակ, մի երակ, մի երկինք, որից սնվածներն են դուրս գալու այս հող ու ջրի հարատեւության համար։ Ոչինչ, որ նրանց փառքը ծվեն-ծվեն են անում…
Գ. Շ.
Խորագիր՝ #35 (951) 6.09.2012 – 12.09.2012, Հոգևոր-մշակութային