Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅԴ ՕՐՆ ԷԼ ԿԳԱ



Մոնթեն լուր էր ուղարկել Մաճկալաշեն, որ ջոկատի տղաներով անհապաղ օգնության հասնենք։ Կարմիր շուկայում ծանր մարտեր էին ընթանում,- վերհիշում է Պողոս Խամոյանը։

-Որքան հնարավոր է՝ արագ տեղ հասանք ու միանգամից մտանք մարտի մեջ։ Աջ թեւից, անսպասելի, զորեղ հարված հասցրինք թշնամուն, եւ սկսվեց անկանոն նահանջը, ավելի ճիշտ՝ փախուստը։ Երբ ամեն ինչ բարեհաջող ավարտվել էր, եւ մենք հոգնած, պատերին հենված զրույցի էինք բռնվել. կատակում-ուրախանում էինք, մեզ մոտեցավ Մոնթեն։

-Ապրե՛ք, տղանե՛ր, ապրե՛ս, Արմե՛ն (Արմեն Մելքումյանը մեր հրամանատարն էր), աղվոր տղաք ունիս, լավ կռիվ ըրին,- ասաց Մոնթեն, ու հանկարծ հայացքը չգիտեմ ինչու դարձնելով ինձ՝ հարցրեց.

-Աղվո՛ր տղա, որտեղացի՞ ես։

-Թալինի Դավթաշեն գյուղից է, հրամանատա՛ր, նախնիները սասունցի են, գաղթել են Մեծ եղեռնին,- ներկայացրեց հրամանատարը։

Սասուն անունը լսելուց Մոնթեի դեմքին ժպիտ երեւաց.

-Ա՜յ, թե Սասունից եկած լինեիր, է՜, քո ջոկատով, սասունցիների դեմ էլ թուրքն ու՞մ շունը կլիներ…

Հետո ընդհանուր խոսք-զրույց սկսվեց, քննարկումներ… Բաժանումին Մոնթեն հերթով սեղմեց ջոկատի տղաների ձեռքը, երբ հասավ ինձ, կատակով դիմեց Արմենին.

-Արմեն, հո չե՞ք նեղացնում սասունցուն, տեսեք, հա, Սասունից եկել-հասել է Ղարաբաղ օգնության։ Ի՞նչ իմանաս, որ վաղն էլ դուք չեք օգնության գնալու Սասուն…

Գ. Շ.

Խորագիր՝ #35 (951) 6.09.2012 – 12.09.2012, Հոգևոր-մշակութային


12/09/2012