ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԲԵՐՁՈՐՈՒՄ
Արցախյան հերոսամարտում մարտիրոսված հերոսներին նվիրված Բերձորի հուշահամալիրը գտնվում է բլրակի վրա, որտեղ 3 խոնարհված պատերին փորագրված են այն բոլոր քաջերի անունները, ովքեր հավերժի ճամփան բռնեցին Քաշաթաղի տարածքում: Այստեղ կան նաև հուշակոթողներ՝ նվիրված Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Շուշիի հերոսներին, Հատուկ գնդի նահատակներին և այլն: Արցախի անկախության հռչակման 21-ամյակին նվիրված տոնական միջոցառումներն սկսվում են հուշահամալիրից: Այստեղ էին Քաշաթաղի շրջանի ղեկավարությունը՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, դպրոցականներ, ուսուցիչներ, հյուրեր, բնակիչներ Բերձորից և մոտակա բնակավայրերից: Բերձորի դպրոցականները ծաղիկներ են տալիս հուշահամալիր բարձրացողներին: Հնչում է Արցախի օրհներգը: Այնուհետև Քարեգահ գյուղի դպրոցի սաներն իրենց ելույթով ողջունում են ներկաներին, հավաստիացնում, որ շարունակելու են ավագ սերնդի գործը և ավելի են հզորացնելու մեր երկիրը: Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը շնորհավորում է ԼՂՀ անկախության հռչակման 21-ամյակի առթիվ ԼՂՀ նախագահի հրամանով «Մխիթար Գոշ» մեդալի արժանացած շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանին և «Երախտագիտության» մեդալով պարգևատրված Մոշաթաղ և Հայկազյան գյուղական համայնքների ղեկավարներին: Շնորհավորանքի խոսք է ասում նաև Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային բաժանմունքի նախագահ Արթուր Մնացականյանը: Տոնը եզրափակվեց երեկոյան Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում: Ելույթ ունեցան Երևանի երգի պետական թատրոնի և «Պիոներ» բալետ-շոուի երգիչներն ու պարուհիները։ Երևանից ժամանած արտիստները գրենական պարագաներ, նկարակալներ և այլ անհրաժեշտ իրեր նվիրեցին Գետափում բացվող Բերձորի արվեստի և սպորտի մասնաճյուղին։ Տոնակատարության շրջանակներում նրանք համերգներով հանդես եկան նաև Գետափում և Իշխանաձորի բնակիչների և մոտակա զորամասի զինվորների առջև:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #35 (951) 6.09.2012 – 12.09.2012, Բանակ և հասարակություն