Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՔ



ՀԱՅՈՑ ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ

Հայերի մեջ ազգանունը, որպես անձի տոհմական անվանում, պատմական խոր անցյալ ունի։ Հին եւ միջին դարերում այն կրել են ազնվական ընտանիքները, օրինակ՝ Մամիկոնյաններ, Արծրունիներ։ Սովորաբար, ազգանուններին ավելացվել են «ազգ» կամ «տուն» բառերը։ Օրինակ՝ «ազգն Ռշտունյաց», «տունն Արծրունյաց»։

Հայոց շատ ազգանուններ ստեղծվել են ըստ անձի ծնվելու, հաճախ էլ՝ գործունեություն ծավալելու վայրի։ Օրինակ՝ Մովսես Խորենացի, Գրիգոր Նարեկացի։

Տարածվել է նաեւ «ունի» ուրարտական վերջածանցը, որը մատնանշել է անձի պատկանելն այս կամ այն ազգակից խմբին։ Օրինակ՝ Պահլավունի, Բագրատունի, Ռշտունի։

Շատ են դեպքերը, երբ ազգանուն է դարձել պատվանունը։ Օրինակ՝ Ներսես Շնորհալի, Դավիթ Անհաղթ։

Հայերն ունեցել են եւ ունեն նաեւ ազգանուններ «ենց», «ունց», «ոնց» վերջածանցներով։ Ամենատարածվածը, իհարկե, «յան» վերջածանցն է, որը գրաբարյան գրությամբ գալիս է դեռեւս 5□րդ դարից եւ լայն տարածում է գտել 19□րդ դարից սկսած։ Շատ են դեպքերը, երբ այն ավելացվել է մականվանը (Կարճիկյան, Չոլախյան, Վարդերեսյան), զբաղմունքի կամ մասնագիտության անվանմանը (Խաղողագործյան, Հացագործյան, Ժամհարյան, Վարժապետյան)։

Հետաքրքիր է, որտեղի՞ց է գալիս 19□րդ դարի հայ բառարանագիր Հովհաննես Հյունքյարպեյենտյանի ազգանունը, որը, խոստովանենք, ոչ միայն դժվար է արտաբերել, այլեւ ուղղակի գրել։

ՕՏԱՐՆԵՐԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ

Պատմությունը չգիտի, ավելին կասեմ, ինքը՝ արեւը չգիտի, որին, օգտվելով Վիրգիլիոսի խոսքերից, ոչ ոք չի կարող մեղադրել ստի մեջ, ինքը՝ արեւը չգիտի, տեսե՞լ է նա արդյոք մեր մռայլ, բազմաթիվ մեղքերով արյունոտված մոլորակի վրա այնպիսի սոսկալի պատկերներ, որոնց ես ականատես եղա 1895□1896 թվականներին, հայկական բարձունքների վրա□

Լ. Բոլյե, ֆրանսիացի
հրապարակախոս, տնտեսագետ

ՀԱՅԵՐԸ ԵՎ… ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ

Ժամանակակից հրետանային հեռահար զենքը՝ թնդանոթը, ունի իր երկար պատմությունը։ Եվրոպայում առաջին թնդանոթները պատրաստվել են դեռեւս 14-րդ դարում։ Մինչեւ 19-րդ դարն այն պատրաստում էին չուգունից, հարթ փողերով։ Արդեն 19-րդ դարում ստեղծվեցին ակոսավոր փողերով պողպատե թնդանոթներ։ Հետագայում դրանք ավելի ու ավելի կատարելագործվեցին։

Թնդանոթի զարգացման պատմությունն անհնար է պատկերացնել առանց հայերի։ Մի քանի բնորոշ օրինակներ բերենք։

Խոսքը վերաբերում է 16-րդ դարին։ Տարբեր երկրներ իրենց ռազմական նավատորմը զինել էին թնդանոթներով, ուժեղացրել այն, բայց դա նաեւ որոշակի անհարմարություններ էր ստեղծում՝ յուրաքանչյուր հրաձգությունից հետո նավերն ընկնում էին ուժեղ ցնցումների մեջ, եւ մինչեւ հաջորդ արկի արձակումը բավական ժամանակ էր պահանջվում։

Համարձակ մտահղացմամբ հանդես եկավ Թուրքիայի նավատորմի հայազգի սպա Կարապետ-բեյը։ Նա առաջարկեց նավային թնդանոթներն ամրացնել շարժական հենարանների վրա՝ կասեցնելու հրաձգությունից առաջացող հետհարվածի ուժը, թուլացնելու նավի ցնցումները։

Առաջարկը ներդրվեց, եւ չորս դար առաջ արված այդ նորամուծությունը մեծ ներդրում եղավ թնդանոթի զարգացման գործում։ Սկզբունքորեն այն կիրառվում է նաեւ մեր օրերում։

Մինչեւ 16-րդ դարը թնդանոթի փողը ձուլում էին խցանի օգնությամբ՝ այն պատում էին հալեցված չուգունով, սառեցնելուց հետո հանում էին, եւ սնամեջ փողը պատրաստ էր։

Պարզունակ այս եղանակը, դարձյալ 400 տարի առաջ եւ դարձյալ հայի ստեղծագործ մտքի շնորհիվ, փոխարինվեց նորով։ Թնդանոթի փողն սկսեցին ձուլել վենետիկցի ինժեներ Անտոն Սուրյանի առաջարկած լցման եղանակով։ Այլեւս խցան պետք չէր…

Թնդանոթի զարգացումը զգալի չափով առաջ մղեց հայազգի ինժեներ Քերովբե Դուզյանը 19-րդ դարում։ 1817թ. նա առաջարկեց թնդանոթի փողի ձախ ակոսավորման եղանակը, որի շնորհիվ մեծացան դիպուկությունը, արկի սկզբնական արագությունը։ Սա նշանակալից գյուտ էր եւ հայոց պրպտուն մտքի եւս մեկ վկայությունը։

ՏՈՀՄԱՆՈՒՆԸ ԾՆՎԵՑ Ի ՆՇԱՆ ՔԱՋՈՒԹՅԱՆ

Հին եւ միջնադարյան Հայաստանում նշանավոր նախարարական տոհմ են եղել Դիմաքսյանները։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ պատմում է այս տարօրինակ տոհմանվան ծագման մասին։

Ըստ պատմահոր` Արտաշես Ա□ն մի անգամ ընկնում է շրջապատման մեջ, նրա կյանքին վտանգ է սպառնում։ Կողքին լինում է իր դայակորդին՝ Գիսակը, որը զգալով վերահաս վտանգը, նետվում է առաջ եւ իր դեմքի վրա ընդունում թշնամական սրի մահացու հարվածը։ Արքան փրկվում է, բայց զոհվում է Գիսակը՝ դեմքը կիսված։

Այստեղից էլ Գիսակի տոհմին տրվում է Դիմակեսյան անվանումը, որը հետագայում հնչյունափոխվելով, դառնում է Դիմաքսյան։ Արդեն որպես ազգանուն՝ Դիմաքսյանը հանդիպում է նաեւ համեմատաբար նոր ժամանակներում։ Հիշենք Ալ. Շիրվանզադեի «Արսեն Դիմաքսյան» վիպակը։

ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ

Հայաստանում գտնված ամենահին դրամները վերաբերում են մ.թ.ա. 5□րդ դարին։ Ընդհանրապես, դրանք հայերի մեջ մեծ տարածում են գտել հելլենիստական դարաշրջանի հենց սկզբից։ Միջազգային առեւտրի զարգացման շնորհիվ Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե դրամները հայկական շուկա են թափանցել Փոքր Ասիայից եւ Միջագետքից։

Հելլենիստական դարաշրջանին բնորոշ հայկական դրամների վրա, որպես կանոն, մի երեսին միապետի դիմապատկերն է, մյուս երեսին դրվագված են դիցաբանական խորհրդանշաններ եւ արքայի անունն ու տիտղոսը հունարեն գրերով։

Հայոց թագավորները սեփական դրամները հատել են մ.թ.ա. 3□րդ դարում։ Մեզ են հասել Արտաշեսյան թագավորության դարաշրջանում հատված համեմատաբար շատ մետաղադրամներ։

Տիգրան Մեծի դիմապատկերով դրամները հատվել են Տիգրանակերտում, Արտաշատում, Անտիոքում, Դամասկոսում։ Դրանք նույնպես հայոց հնագույն դրամներից են։

Պահպանվել եւ մեր օրերն են հասել Արտաշեսյան գրեթե բոլոր գահակալների դրամների նմուշները, իսկ ահա Արշակունի թագավորների դրամանմուշներ առայսօր գտնված չեն։

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԸ ՍԽԱԼՎԵՑԻՆ…

Հռոմում թողարկված «Նվաճված Հայաստան» դրամը։

Դրամները պատմության յուրօրինակ վավերագրեր են, սկզբնաղբյուրներ, որոնցով կարելի է որոշակի գաղափար կազմել այս կամ այն պատմաշրջանի, հաճախ նաեւ որեւէ կարեւոր իրադարձության մասին։ Մեր ժամանակներում էլ կա այդ սովորույթը՝ որեւէ հիշարժան տարեթվի կամ իրադարձության առիթով հատվում է մետաղադրամ։

Այդպիսի մի դրամանմուշ հատել են հռոմեացիները մ.թ.ա. 20-ական թվականներին։ Այն ունի շատ հետաքրքիր նախապատմություն եւ կապված է պատմական մի կարեւոր դրվագի հետ։

Հռոմի Օգոստոս կայսրին այդպես էլ չէր հաջողվում կոտրել հայոց արքա Արտաշես 2-րդի համառությունը եւ Հայաստանը ենթարկել իրեն։ Ստիպված եղավ դիմել հին եւ փորձված միջոցի` հայոց արքան դավադրաբար սպանվեց։

Ճանապարհը դեպի Հայաստան հարթավայր էր, եւ Հռոմի Տիբերիոս զորավարը մեծ զորքով մտավ հայոց երկիրը։ Նրա հետ էր Արտավազդ 2-րդի մյուս որդին՝ Տիգրանը, որը պետք է նստեր եղբոր՝ սպանված Արտաշես 2-րդի գահին։

Հռոմեացիներն իրենց հաշվարկներն ունեին։ Տիգրանը մեծացել էր Հռոմում, դաստիարակվել հռոմեական ոգով եւ, դառնալով հայոց արքա, պետք է Հայաստանը դարձներ Հռոմի վասալը։

Արտաշեսի սպանությունը եւ Տիգրանի թագադրումը Հռոմը համարեց իր մեծ հաղթանակը եւ, ի նշանավորումն դրա, մետաղադրամ հատեց «Նվաճված Հայաստան» մակագրությամբ։ Հռոմի բանաստեղծները փառաբանեցին այդ հաղթանակը, բայց…

Բայց հռոմեացիները չարաչար սխալվեցին։ Հայոց նոր գահակալը, որը պատմության մեջ մտավ Տիգրան 3-րդ անունով, չդավաճանեց ո՛չ իր հորը՝ Արտավազդ 2-րդին, ո՛չ եղբորը՝ Արտաշես 2-րդին, ո՛չ էլ իր ազգին։ Նա թագավորեց ավելի քան 10 տարի եւ այդ ընթացքում ոչ միայն Հայաստանը չենթարկեց Հռոմին, այլեւ պահպանեց Մեծ Հայքի ամբողջությունն ու անկախությունը։

ՕՐՀՆԵՐԳԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ

Հայերն իրենց գործունեությամբ կարեւոր տեղ են գրավել Եթովպիայի պետական-քաղաքական կյանքում։ Հայտնի է, օրինակ, որ դեռեւս 1513թ. արքունիքը դիվանագիտական առաքելությամբ Պորտուգալիա է ուղարկել Մաթեւոս անունով հայ հոգեւորականին՝ բանակցություններ վարելու հակաթուրքական դաշինք ստեղծելու շուրջ։ 17-րդ դարում Մուրադ Հալեպցին եղել է Եթովպիայի թագավորի դեսպանն ու առեւտրական ներկայացուցիչը Հնդկաստանում։ 18-րդ դարի 60-70-ական թվականներին Եթովպիայի պետական գանձապահը եղել է Սեֆել անունով մի հայ, նրա մահից հետո նույն պաշտոնը վարել է Հովհաննես Թովմաջյանը, ապա վերջինիս որդին՝ Պողոսը։

Ավելի քան 20 տարի երկրի գլխավոր ճարտարապետն է եղել Գրիգոր Հովյանը (19-րդ դար)։ Մենելիք կայսեր բժշկապետն էր Պողոս Մարգարյանը, ոսկերչապետը՝ Տիգրան Հեպեյանը։

Հայլե Սելասիե կայսեր օրոք արքունի փողապետը եղել է Միքայել Թոփչյանը, ֆինանսական գործերի կառավարիչը՝ Աբրահամ Քորհաճյանը, արքունի դեղագործը՝ Արշակ Թերզյանը։

Տարբեր ժամանակներում Եթովպիայում պետական բարձր պաշտոններ գրաված հայերի այս ցուցակը կարելի է շարունակել, բայց կա մի փաստ, որ արժանի է առանձնահատուկ հիշատակման։ 19-րդ դարի սկզբներին Եթովպիայի արքունական նվագախմբի ղեկավար եղել է Գ. Նալբանդյանը։ Եղեռնից փրկված եւ ապաստան տալու համար Եթովպիա բերված հայ որբերից նա ստեղծում է «Քառասուն մանկունք» անունով երգչախումբ՝ խորհրդանշելու իր ժողովրդի ապրելու կամքն ու հարատեւությունը։ Երգչախումբը գործում է հաջողությամբ, արժանանում կայսեր օժանդակությանը։ Ավելին, հայ որբերն էլ հենց կազմում են արքունի նվագախմբի կորիզը։

Բայց մի այլ բան. այնքան մեծ էր Գ. Նալբանդյանի հեղինակությունը, որ հենց նրան հանձնարարվեց գրել Եթովպիայի պետական օրհներգի երաժշտությունը, եւ եթե լսենք այն, ապա պետք է իմանանք՝ նրա հեղինակը մեր հայրենակիցն է։

Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #35 (951) 6.09.2012 – 12.09.2012, Հոգևոր-մշակութային


12/09/2012