Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ ՊԻՏԻ ՓԱՅԼԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ»



Օգոստոսին լրացավ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ ՄՈՒՐԱԶ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծառայողական կենսագրության 50-ամյակը։

-Պարոն գեներալ, մեր զրույցի առիթը Ձեր ծառայողական կենսագրության 50-ամյա հոբելյանն է, բայց, կարծում եմ, Ձեր կերպարն ամբողջական չի լինի, եթե անտեսենք Ձեր կյանքի այն կարեւոր ու հիշատակելի շրջանը, որ կոչվում է մանկություն։

-Իմ մանկությունը մայրս է, մեր գյուղ Ներքին Խոտանանը ու Բալի պապս։ Դուք տեսե՞լ եք Խոտանանը… Սարալանջի վրա է, կողքին փոքրիկ անտառ կա, որտեղ հազար անգամ տանձ ու հոն եմ կերել, մոշ ու պոպոք, պնդուկ ու խնձոր… հազար անգամ լողացել եմ Օխտար գետում, ձեռքով կարմրախայտ եմ բռնել… մեր գյուղը շատ գեղեցիկ էր։ Էնքան ծաղիկ կար՝ հոտավետ ու գույնզգույն։ Օդը ծաղկի հոտ ուներ։ Ամառը երկար էր ու արեւոտ, աշունը՝ գունավոր ու պտղաբեր, ձմեռը՝ կարճ ու ձյունառատ։

… Մամաս մեր գյուղի ամենագեղեցիկ կինն էր։ Ասում են՝ նա էնքան գեղեցիկ է եղել, որ նորահարս ժամանակ գյուղացիք հերթով եկել են, որ տեսնեն մորս։ Նույնիսկ վիշտը, ամուսնու եւ որդիների կորուստը Հայրենական պատերազմում, ուժից վեր, տաժանակիր աշխատանքը չկարողացան խաթարել մորս գեղեցկությունը։ Նա արժանապատվորեն հաղթահարում էր բոլոր դժվարությունները, հպարտ, գլուխը բարձր, անտրտունջ։ Մայրս իսկական հայ կնոջ կերպար էր՝ առաքինի, ազնիվ, շիտակ, գթասիրտ, հարգված։ Նա մեծացնում էր իր անհայր երեխաներին եւ հարազատի պես խնամում ամուսնու եղբոր որբերին։ Մամաս… աշխատանքից ճաքճքած-կոշտացած մատներով, տաք, բարի աչքերով…

…Իմ մանկության հեքիաթը Բալի պապս էր։ Նա հարգված մարդ էր մեր կողմերում։ Պապիս մահից հետո տեղաբնակները դեռ երկար ժամանակ ասքեր էին պատմում նրա կյանքից։ Հաղթահասակ, քաջ, «Մոսին» ուսից կախ՝ ամենահաս պապիս կերպարը իմ տղայական երազանքների առանցքն էր, իմ պարծանքը…

-Ամենահաս… լավ բառ է։ Եվ ինչո՞վ էր Բալի պապը ամենահաս։

-Թե կուզեք՝ պապիս կյանքից մի երկու պատմություն պատմեմ։ Մի օր Առաջաձորից վերադառնալիս նկատում է, թե ինչպես է թուրքը փորձում կտրել սպանված ջահել աղջկա մատը, որ հանի մատանին։ Պապիս ճնշմամբ՝ թուրքը խոստովանում է, որ ինքն է սպանել հայուհուն բռնաբարելուց հետո։ Պապս հանում է սուրն ու մասնատում թուրքին։ Թուրքերը վրիժառու են, հարյուր տարի էլ անցնի ոխ կպահեն։ Թույլ մարդուն հատուկ է։ Միանգամից չեն պատասխանում, դեմ առ դեմ չեն կռվում, սպասում են հարմար պահի, պետք լինի՝ տարիներով կսպասեն։ Հունձք անելիս պապս շարժում է նկատում, կասկածելի խշշոց է լսում։ Շունչը պահած, աչալուրջ հետեւում է։ Թուրքերն աննկատ, թաքուն մոտենում են։ Հետո… մի քանի դիակ թողնելով արտի մեջ, ոհմակը ցրվում է։ Մի ուրիշ անգամ ավելի մեծ խմբով են վրա տալիս։ Ասում են՝ կրակոցի ձայներ լսելով, ամբողջ գյուղը հավաքվում է եկեղեցում, որ դիմակայի։ Պապս միայնակ փոխհրաձգություն է սկսում թուրքերի հետ։ Իններորդ զոհից հետո թուրքերը փախչում են։ Ահա՜ թե ինչպիսին էր Բալի պապս…

-Ինչպե՞ս սկսվեց Ձեր զինվորական կենսագրությունը։ Ինչու՞ որոշեցիք զինվորական դառնալ։

-Բա ի՞նչ դառնայի… Եղբորս հարեւանը զինկոմիսարիատում էր աշխատում։ Ղափանում։ Ասեց՝ արի, դու զինվորական դարձի։ Դե, երեւի տեսել էր էն հատկանիշները իմ մեջ։

-Ո՞ր հատկանիշները… Ո՞ր հատկանիշներն են բնորոշ զինվորականին։ Ինչպիսի՞ն է սպայի կերպարը ծառայության 50-ամյա ճանապարհ անցած գեներալի աչքերով։

-Զինվորականը պիտի կարգապահ լինի, ճիշտ-ճշգրիտ, խոսքի տեր։ Զինվորականը պիտի պատիվ ունենա։ Պատիվը ոչ ոք նվեր չի տա քեզ, պատիվը ազնվություն է, արդարամտություն, բարություն, քաջություն։ Բարձր տղամարդ պիտի լինի զինվորականը։ Պիտի զարգացած լինի։ Խորհրդային տարիներին զինվորական բուհերում նույնիսկ սովորեցնում էին, թե քեզ ինչպես պիտի պահես հասարակության մեջ, քաղաքավարություն էին սովորեցնում, շարժուձեւ, որովհետեւ զինվորականը պիտի փայլի հասարակության մեջ։

-Պարոն գեներալ, Դուք այն եզակի զինվորականներից եք, որոնք գեներալի կոչում են ստացել խորհրդային տարիներին։ Եվ անհնար է մեկ հոդվածի շրջանակում ամփոփել Ձեր բոլոր ձեռքբերումները եւ հաջողությունները, Ձեր 30-ամյա փառահեղ կենսագրությունը խորհրդային բանակում։ Պարզապես պիտի խնդրեմ պատմել, թե որո՞նք էին հաջողության երաշխիքները։

-1962-ին ես առաջին անգամ դուրս եկա Կապանից։ Թբիլիսիի հրետանային ուսումնարանում սովորելու ժամանակահատվածը իմ կյանքի թերեւս ամենակարեւոր շրջանն էր։ Փոքր գյուղի բարքերին սովոր տղա՝ դեմ առ դեմ բախվեցի կյանքին։ Մթնող յուրաքանչյուր օրը մի նոր դաս էր ինձ համար, մի նոր փորձառություն, յուրաքանչուր օրը մի նոր ճամփաբաժան էր ու ստիպում էր ընտրություն անել։ Պարծենալ չլինի՝ ես միշտ էլ ընտրել եմ ազնվության, ճշմարտության, համարձակության, բարության ճանապարհը, չեմ խորամանկել, չեմ շրջանցել դժվարությունները, չեմ խուսափել պատասխանատվությունից, քայլել եմ ուղիղ, ճակատս բաց… ու քիչ հարվածներ չեմ ստացել։ Այդ հարվածները կոփել են ինձ, դարձրել են ավելի ուժեղ։ Դժվարության հանդիպելիս բազմապատկել եմ ուժերս, աշխատասիրությունս ու, չեմ թաքցնի, պայքարել եմ առաջինը լինելու համար։ Ծառայել եմ Հեռավոր Արեւելքում, Լեհաստանում, Կերչում, Թեոդոսիայում, Մոլդովայում, Բիրոբիջանում, Սամարղանդում, հատիկ-հատիկ բարձրացել եմ ծառայողական աստիճաններով, հասել եմ զորամիավորման հրամանատարի տեղակալի պաշտոնի ու գեներալի կոչման։ Փոքր ու մեծ զինվորական կոլեկտիվներ եմ ղեկավարել, ու իմ փորձառությունը հուշել է ինձ, որ մարդկանց ղեկավարելու առաջին պայմանը նրանց վստահությունը շահելն է։ Կոպտությունը, բռնությունը, պատիժները չեն կարող արդյունավետ լինել, մարդիկ դրանք շրջանցելու հնարքներ միշտ էլ կգտնեն։ Պիտի ենթակայիդ մեջ սեր ու հավատ ներշնչես քո հանդեպ, գտնես նրա սրտի այն թրթիռը, որը կբերի եռանդ, ոգեւորություն, խանդավառություն, աշխատելու ներքին մղում ու քեզ հետեւելու ցանկություն։ Ես միշտ էլ մտերիմ եմ եղել ենթականերիս հետ, միշտ էլ ուշադիր եմ եղել նրանց հոգս ու ցավի հանդեպ։ Միշտ էլ մի քաղցր խոսք գտել եմ նրանց համար։ Վատ զինվոր չկա։ Պարզապես կա զինվոր, որը ուզում է վատը լինել։ Ինչու՞ է ուզում… ահա այս պատճառը պիտի վերացնել։

-Ասում են՝ Դուք ռոմանտիկ եք, զգացմունքային, բանաստեղծություններ եք գրում։ Ձեր սիրո պատմությունը պիտի որ շատ հուզիչ լինի։

-Հա, ես գրել սիրում եմ։ Ճիշտ են ասում՝ զգացմունքային եմ ես, հուզվող եմ։ Փխրուն սիրտ ունեմ։ Իմ առաջին սերը մերժեց ինձ։ Դպրոցում նամակ էի գրել, ու էնպես հուզիչ նամակ էր, սրտի խորքից։ Բայց մերժեց։ Դրանից հետո հպանցիկ սերերն ու զվարճանքները ինչ-որ չափով մեղմեցին ցավս։ Երբ Հեռավոր արեւելքից արձակուրդ եկա, մամաս երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ, ասաց՝ պիտի ամուսնանաս։ Հետո հիշեց, որ պատանության տարիներին մի աղջկա էի հավանում՝ եղբորս հարեւանուհուն՝ Վալյային։ Դե, մանրամասները հո չե՞մ նկարագրելու։ Հանդիպումներ, խոստովանություն, հուզումնալից պահեր «Ջամայկա» երգի հնչյունների տակ…

-Սիրուն երգ է…

-Իմ երիտասարդության երգերից է։ Էդպես ամուսնացանք։ Լավ ընտանիք կազմեցինք։ Կինս երկու երեխա պարգեւեց ինձ։ Տղաս զինվորական է, գնդապետ։ Ուրիշ էլ ինչ պիտի դառնար, ամբողջ օրը հետս էր, զորամաս էր գալիս։ Զինվորականների մեջ մեծացավ, հիմա էլ թոռնիկս է նրա ճանապարհը բռնել, Իշխան է անունը՝ Հայրենական պատերազմում զոհված եղբորս անունն եմ դրել, դիպուկահարների դպրոցում է սովորում։

-Պարոն Սարգսյան, պատահական չէր, որ Ձեզ հնարավորություն տրվեց 1992-ից մինչեւ 2008-ը ղեկավարել բանակի մարտական պատրաստությունը՝ բանակի կազմավորման ժամանակ, պատերազմի տարիներին, խաղաղ բանակաշինության տարբեր փուլերում։ Որո՞նք էին ամենակարեւոր ձեռքբերումները եւ ամենացավալի բացթողումները այդ ժամանակաշրջանում։

-Մինչեւ 92-94թթ. մեր գլխավոր խնդիրը ազատագրական պատերազմն էր, սահմանների ամրությունն ու նոր զորամասերի կազմավորումը։ Այնուհետեւ (մինչեւ 2000թ.) մենք փորձեցինք ամբողջացնել կառույցը, ստեղծելով ուսումնանյութական բազա, կազմակերպելով ցուցադրական, ուսումնամեթոդական դասընթացներ տարբեր զինվորական խմբերի հետ, հրատարակելով զինվորական գրականություն, մշակելով ծրագրեր, տեղեկատու նյութեր: 2000-ից հետո բանակի մարտական պատրաստությունը թեւակոխեց նոր փուլ։ Մենք կտրուկ բարձրացրինք նշաձողը, դրեցինք նոր չափանիշներ եւ սկսեցինք կատարելագործման ընթացքը։ Ձեռքբերումները չես կարող չնկատել։ Յուրաքանչյուր փոքր ու մեծ զորավարժություն մեկ անգամ եւս հաստատում է, որ հակառակ ֆինանսական միջոցների սղությանը, մենք կարողացել ենք պահել բանակի կատարելագործման տեմպերը եւ հետ չմնալ նախկին ԽՍՀՄ առաջատար երկրներից։ Մեր զորախմբերը միշտ էլ գովեստի են արժանացել զարգացած ու հզոր երկրների ներկայացուցիչ դիտորդների կողմից։ Ինչ վերաբերում է բացթողումներին, պիտի խոսեմ կանոնադրային հարաբերությունների եւ տարրական կարգապահության մասին։ Մենք պիտի սովորենք հարգել զինվորական օրենքը։ Խանդավառությունը, նվիրումը, հայրենասիրությունը, ոգին շատ կարեւոր են, բայց պիտի նաեւ պատրաստակամ լինենք կատարելու օրենքը։ Կարգապահությունն ու օրինավորությունը մարտունակ բանակի առաջին նախադրյալներն են։ Եթե ցանկանում ենք ուժեղ բանակ ունենալ, պիտի հավարիմ մնանք օրենքի տառին։

-Պարոն Սարգսյան, Դուք պաշտպանության նախարարի խորհրդականն եք, այսօր էլ բանակում եք, բանակի հետ եք։ Կարելի է ասել, շարունակում եք Ձեր զինվորական կենսագրությունը։ Մաղթում եմ Ձեզ նոր ձեռքբերումներով լի, երջանիկ տարիներ՝ նույնքան բեղուն, նույնքան եռանդուն, որքան Ձեր զինվորական փառահեղ 50-ամյա կենսագրությունն է։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #35 (951) 6.09.2012 – 12.09.2012, Ճակատագրեր


12/09/2012