Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ. ՀԱԿԱԴԵՄՈԿՐԱՏ ԱԼԻԵՎԸ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎ



Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի (ՀՔԳԱ) դիմումը

ՄԱԿ անդամ-պետությունների, ԵՄ-ի, Եվրոպայի Խորհրդի, ԱՊՀ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի, Արաբական պետությունների լիգայի, Մահմեդական համագործակցության կազմակերպության, Չմիավորման շարժման, «Միջազգային համաներում», «Ֆրիդոմ Հաուս», «Հուման ուայթս ուոտչ» իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարներին

2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ էթնիկական հողի վրա առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը Բուդապեշտի դատարանի որոշմամբ որակվել էր որպես ցեղասպանական բնույթի քրեական հանցագործություն՝ դատապարտվելով առավելագույն պատժաչափի՝ ցմահ բանտարկության։ Այդ ոճիրը լիովին համապատասխանում է հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի վարած ցեղասպանական քաղաքականության տրամաբանությանը, ազգային ատելության եւ էթնիկական խտրականության քարոզչությանը։ Այդ քաղաքականության վառ դրսեւորումներն են ցեղասպանական գործողությունները, որոնք կատարել է Ադրբեջանը 1905-1920թթ.՝ հակահայկական ջարդերն ու կոտորածը Բաքվում եւ Շուշիում, ինչպես նաեւ 1988-1994թթ. Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում եւ Մարաղայում։ Նույն այդ տրամաբանությամբ 1992թ. փետրվարին ադրբեջանցի սադրիչների կողմից կատարվել է մեսխեթցի թուրքերի զանգվածային սպանությունը՝ նպատակ ունենալով սպանությունների հանգամանքները կեղծելու եւ Աղդամի շրջակայքում՝ ղարաբաղյան կողմի հասանելիությունից դուրս գտնվող եւ ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող գոտում դիակները պղծելու միջոցով առասպել ստեղծել, իբր, հայերի իրականացրած՝ այսպես կոչված «Խոջալուի հակացեղասպանության» մասին։

Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհվելը ոճրագործին, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել ցեղասպանական բնույթի սպանության համար, ի հեճուկս 25 տարվա ազատազրկումից ոչ ավելի վաղ պայմանական ազատ արձակելու պարտավորության՝ ըստ Հունգարիայի պետական կառավարման եւ արդարադատության նախարարության 2012թ. օգոստոսի 31-ի հայտարարության, հերթական վառ վկայությունն է Ալիեւի ժառանգական ռեժիմի հակաժողովրդավարականության՝ ինչպես մարդու անհատական իրավունքների ոլորտում՝ կյանքի իրավունքի՝ հակաօրինական ներումով ոճրագործի «հերոսության» սրբացման ճանապարհով, այնպես էլ կոլեկտիվ իրավունքների՝ ժողովուրդների ժողովրդավարական ինքնորոշման իրավունքի՝ 1991թ. դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղում անցկացված օրինական հանրաքվեի անտեսման ճանապարհով։ Ավելին, գերագույն գլխավոր հրամանատար Ալիեւի ցուցումով գազանային սպանությունը համարվել է Սաֆարովի վաստակը եւ նրան արտահերթ շնորհվել է մայորի կոչում։

Ադրբեջանի նախագահի այս հակաիրավական քայլը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժելու մասին կոնվենցիան»՝ ստեղծելով ցեղասպանական գործողությունների անպատժելիության եւ խրախուսման նախադեպ։

Ցեղասպան ոճրագործին ներելը Ալիեւի վարչակարգի հակաժողովրդավարականության եւ մարտնչող ռազմատենչության անվիճելի հաստատումն է՝ որպես հավելում մարդու այնպիսի իրավունքների ոտնահարման փաստին, ինչպիսիք են ընդդիմության ներկայացված լինելը խորհրդարանում, խոսքի եւ հավաքների ազատությունը։

Ադրբեջանի կողմից մարդու անհատական եւ կոլեկտիվ իրավունքների ցուցադրաբար հակաօրինական անտեսումը անհրաժեշտ է դարձնում Օսմանյան կայսրությունում եւ Ադրբեջանում հայոց ցեղասպանության 100-ամյակը նշող հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողությունների չկրկնման երաշխավորված օրինական նոր միջոցների որոնումը։

Ելնելով հայերի նկատմամբ ցեղասպանության չկրկնվելը երաշխավորելու օրինականացման կենսական կարեւորությունից՝ ՀՔԳԱ-ն անհրաժեշտ է համարում ՀՀ եւ ԼՂՀ ղեկավարներին ու խորհրդարաններին առաջարկել քննարկելու «Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ մարդու իրավունքների պաշտպանության, ԼՂՀ-ին հումանիտար եւ ֆինանսատնտեսական օգնություն ցուցաբերելու մասին» միջպետական պայմանագրի կնքման նպատակահարմարությունը: Այդ պայմանագրի համար իրավական հիմք կարող են դառնալ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին օրենքի» լրացումները, որոնք ընդունվել են ՀՀ ԱԺ կողմից 2010թ. դեկտեմբերին։ Ելնելով Ադրբեջանի Հանրապետության նախագահի գործողությունների աղաղակող հակաօրինականությունից, այն է՝ ցեղասպան ոճրագործին ցուցադրաբար ներելն ու խրախուսելը, նպատակահարմար է համապատասխան խորհրդակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Վերոշարադրյալի լույսի ներքո անհրաժեշտ է համախմբել ՀՀ, ԼՂՀ եւ Սփյուռքի, ինչպես նաեւ միջազգային հանրության ժողովրդավարական ուժերը՝ կանխելու համար հայ ժողովրդի կամ նրա ինչ-որ մասի նկատմամբ նոր ցեղասպանության հնարավորությունը։

ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ
ՀՔԳԱ նախագահ,
քաղաքական գիտությունների դոկտոր

Խորագիր՝ #35 (951) 6.09.2012 – 12.09.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


12/09/2012