Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԶԻՆՎՈՐԸ



Գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Դ. Խաչատրյանը մշտապես խորհուրդներ է տալիս քանդակագործ զինվորին:

Շարքային Արթուր Գալստյանը մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի լավագույն զինվորներից է: Նա ծառայությունից հետո անմոռաց շատ հուշեր կունենա՝ կապված իր ծառայության հետ։ Գնդացրորդ զինվորը նաեւ քանդակագործ փորագրող է։ Հետաքրքիր զրուցակից է՝ մի քիչ ամոթխած։ Պատմում է իր մանկությունից, ծնողներից, եղբորից։

-Դպրոցն ավարտելուց հետո ուսանել եմ ոսկերչական ուսումնարանում։ Պապս նույնպես զբաղվել է այս մասնագիտությամբ։ Երբ փոքր էի, ուշադիր հետեւում էի պապիս նախշազարդ գործերին։ Հետո, երբ սկսեցի ինքս էլ փորագրել, ասում էին, որ պապի ճանապարհն եմ բռնել։

-Մարդու, զինվորի մեջ ամենաշատը բնավորության ո՞ր գիծն ես գնահատում,- հարցնում եմ Արթուրին։

Սկզբունքայնությունը, իր խոսքի տերը լինելը։ Իսկ ծառայության օրերին հասկացա, որ ընկերությունը ամենաթանկն է կյանքում։ Եվ իմ հարստությունը ծառայության ընթացքում ձեռք բերած ընկերներն են։

-Մարտական հենակետում ի՞նչ զգացողություն ես ունենում։

-Զգում եմ խոսքի ու գործի տարբերությունը։ Սահմանին կանգնած զինվորը գիտակցում է, որ իր ամեն մի խոսքը, ամեն մի արարքը կարող է նույն պահին իր պատասխանը պահանջել։ Եվ դրա համար ամեն մի հանձնարարություն պետք է կատարես անթերի, որովհետեւ դա պատասխանատվություն է ինչպես քո, այնպես էլ ծառայակից ընկերներիդ հանդեպ։ Եվ երբ իջնում ես դիրքերից, ավելի հատու են դառնում քո մուրճի հարվածները։ Դա է հայրենիքի զգացողությունը, որովհետեւ ով կանգնած է հայրենի սահմաններին, նա այլ կերպ է ընկալում այդ զգացողությունը։

Ես պատերազմի մասին լսել եմ իմ ծնողներից, իմ պապից։ Եվ այդ պատմությունները միշտ ավարտվել են լուսավոր հուշերով, մեր հաղթանակներով, մեր տղաների անօրինակ սխրանքներով։ Երբ զորակոչվեցի սահմանային այս զորամաս, հասկացա, որ մեր հաղթանակները պայմանավորված են եղել գրագետ, բանիմաց, ամուր ոգով տղաների կամքով։

Հիմա մենք ենք նրանց գործի շարունակողները եւ ավելի ենք կարեւորում, գիտակցում մեր բանակի դերն ու նշանակությունը։ Ցանկանում եմ խաղաղություն, դա է ամենակարեւորը զինվորի, եւ թող անհամեստ չթվա՝ արվեստագետ զինվորի համար, սակայն, եթե նորից հարկ լինի՝ մենք պատրաստ ենք պաշտպանելու մեր երկիրը՝ լինի մտավորական, զինվոր, թե ազատամարտիկ։

ԳՆԵԼ ՇԱՂԱՓՅԱՆ
Լուս. ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #36 (952) 13.09.2012 – 19.09.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/09/2012