Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԺԱՄԱՆԱԿ

Երկրաշարժի ժամանակ հողը զգալիորեն ցնցվում է բավական ժամանակ, հնարավոր է՝ ընդամենը մի քանի վայրկյան, իսկ ուժեղ երկրաշարժի դեպքում` մինչև մի քանի րոպե: Ցնցումները կարող են վախեցնել, սակայն անհրաժեշտ է սպասել դրանց ավարտին: Երկրաշարժի ժամանակ երկայնական ալիքներն ավելի արագ են տարածվում, իսկ ընդլայնական ալիքները տեղ են հասնում որոշ ուշացումով: Վերապրողները վերջիններն ընկալում են որպես երկու տարբեր հարվածներ, որոնց միջև ընկած ժամանակը մի քանի վայրկյան է: Ավերածությունները սովորաբար պայմանավորված են ընդլայնական ալիքներով, հետևապես որոշ ուշացումով են սկսվում: Այսպիսով, սեփական կյանքը փրկելու համար մարդու տրամադրության տակ լինում է շատ կարճ ժամանակ իրավիճակային որոշումներ ընդունելու և դրանք իրագործելու համար:

Հանգիստ և խելամտորեն վարվելու դեպքում ավելանում է վտանգից զերծ մնալու հավանականությունը: Այդ հանգստությունը փոխանցվում է շրջապատի մարդկանց և օգնում նրանց հետևելու ձեր օրինակին:

Գետնի կամ շենքի տատանումները զգալու դեպքում հարկավոր է գործել անհապաղ, նկատի ունենալով, որ հիմնական վտանգը վայր ընկնող առարկաներն ու բեկորներն են: Պետք է թաքնվել գրասեղանի կամ ճաշասեղանի տակ, ժամանակավորապես տեղավորվել մեծ սառնարանի կամ չհրկիզվող պահարանի կողքին, նախապես գլուխը հակելով վերին մակարդակից ցած և ծածկելով ձեռքերով: Մեծ մասամբ տուժում են շատ մտածելուց` թաքնվե՞լ, թե` ոչ:

Պետք է հետևել հետևյալ հանձնարարականներին

1. Խուճապի չմատնվել:

2. Պահպանել հանգստություն, չանել ոչինչ, որը կարող է ապակողմնորոշել շրջապատին (չբղավել, չաղաղակել):

3. Շենքում գտնվելու դեպքում անհապաղ անցնել անվտանգ տեղ: Կանգնել արտաքին դռան որմնանցքում կամ սենյակի անկյունում` հենասյուների կողքին: Զգուշանալ վայր ընկնող բեկորներից և ծանր կահույքից:

4. Անմիջապես շենքից դուրս չփախչել, քանի որ շենքի կողքին վայր ընկնող բեկորներն առավելագույն վտանգ են ներկայացնում: Փրկություն որոնել գտնվելու վայրում, սպասել երկրաշարժի ավարտին, այնուհետև հանգիստ դուրս գալ շենքից, եթե դա անհրաժեշտ է:

5. Բարձրահարկ շենքում գտնվելու դեպքում չնետվել դեպի աստիճանները կամ վերելակը, քանզի ելքերը խցանված կլինեն ամբոխով, իսկ վերելակները, որպես կանոն, չեն աշխատի:

6. Չպետք է մոլորվել, եթե անջատվի էլեկտրականությունը, կամ լսվեն տագնապ հայտարարող սարքավորումների ահազանգերը: Պետք է պատրաստ լինել լսելու զրնգացող ամանեղենի, պատերի ճեղքվածքների, վայր ընկնող առարկաների աղմուկը:

7. Ոչ սեյսմիկ աղյուսե տանը կամ մեկ այլ վտանգավոր շինությունում գտնվելու դեպքում պետք է ինքնուրույն որոշել` թողնել շենքը, թե մնալ ներսում: Հարկավոր է արագ, բայց զգուշորեն դուրս փախչել, խուսափել վայր ընկնող աղյուսներից, պոկված հաղորդալարերից և վտանգի այլ աղբյուրներից:

8. Բարձրահարկ շենքի մոտ գտնվելու դեպքում կանգնել դռների որմնանցքում` պաշտպանվելու համար վայր ընկնող բեկորներից և առարկաներից:

9. Շենքից դուրս գտնվելու դեպքում դուրս գալ բաց տարածություն` հեռանալով շենքերից և էլեկտրահաղորդման գծերից:

10. Ավտոմեքենայում գտնվելու դեպքում հանգիստ արգելակել ավտոմեքենան` հնարավորին չափ հեռու բարձրահարկ շենքերից, ուղետարներից և կամուրջներից:

11. Չզարմանալ նոր ցնցումների դեպքում: Առաջին ուժեղ ցնցումից հետո կարող է տիրել ժամանակավոր անդորր, իսկ այնուհետև` նոր ցնցում: Դա նույն երկրաշարժի տարատեսակ սեյսմիկ ալիքների գործողությունն է, որը հաջորդում է գլխավոր ցնցումին: Այդ երևույթը կարող է տեղի ունենալ մի քանի րոպեի, մի քանի ժամվա, նույնիսկ մի քանի ամսվա և տարվա ընթացքում: Հետցնցումներից (աֆթերշոկեր) բացի, հիմնական ցնցումից առաջ կարող են լինել նախացնցումներ (ֆորշոկեր), որոնք ուժեղ երկրաշարժերի նախաահազանգ են: Հետցնցումները երբեմն կարող են առաջացնել արդեն գլխավոր ցնցումից ուժեղ վնասված կառույցների վնասում կամ փլուզում:

12. Մշտապես հիշել, որ օրվա ցանկացած ժամի, հատկապես քնից առաջ, սենյակի ելքի ճանապարհին չպետք է թողնել ոչ մի իր (սեղան, աթոռ, ձեռնասայլակ, մանկական մահճակալ):

13. Երկրաշարժի ժամանակ շենքում գտնվելու դեպքում, անխուսափելի փոշեհամը զգալով, թաշկինակով կամ ցանկացած լաթով փակել քիթը և բերանը: Նույնը խորհուրդ տալ մյուս ներկաներին:

14. 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ փրկվել էին այն մարդիկ, որոնք բարձրացել էին հարթ տանիքները և փլուզվող շենքի հետ «իջել», աստիճաններով իջնողները զոհվել էին: Այս դառը փորձը պետք է օգտագործել:

15. Ուշադիր լինել երեխաների, ծերերի և հաշմանդամների նկատմամբ, քանզի աղետի ժամանակ նրանք առավել խոցելի են, կարիք ունեն ֆիզիկական ու բարոյական օգնության:

16. Օգնել թույլերին և անօգնականներին:

Ամփոփելով վերոհիշյալը, երկրաշարժի կամ ցանկացած աղետի ժամանակ վարքագծի հիմնական սկզբունքներն են`

♦ խուճապի չմատնվելը.

♦ ստեղծված իրավիճակը ճիշտ և արագ գնահատելը.

♦ շտապ որոշում ընդունելը.

♦ ընդունված որոշումը շտապ իրագործելը.

♦ շտապ հուսալի ապաստարան գտնելը:

ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՀԵՏՈ

Ցնցումների դադարելուց հետո երևում է, որ առաջացել են լուրջ ավերածություններ, և տուժել է շատ մարդ:

Հատկապես կարևոր է, որ յուրաքանչյուր ոք պահպանի հանգստություն և կարողանա օգնել ուրիշներին, առաջին հերթին` տուժածներին, երկրորդ՝ կանխել հրդեհների առաջացումը: Միայն դրանից հետո կարելի է անցնել վնասվածքների գնահատմանը և վերականգնողական միջոցառումների ձեռնարկմանը:

1. Պահպանելով հանգստություն` գնահատել իրավիճակը:

2. Օգնել տուժածներին: Կազմակերպել առաջին օգնություն: Ծածկել տուժածներին, որ չմրսեն: Որոնել և բժշկական օգնություն ցույց տալ կարիք ունեցողներին:

3. Ստուգել հրդեհի սպառնալիքը: Հնարավորության դեպքում անհապաղ մարել բոցերը:

4. Ստուգել գազամատակարարման գծերը և սարքերը: Գազահոսքի փոքր իսկ նշանի դեպքում անջատել գազածորակները: Արտահոսքը ստուգել ըստ հոտի, ոչ թե լուցկու կամ մոմի օգնությամբ: Ստուգել էլեկտրահաղորդալարերը, ջրագիծը: Վնասվածքների դեպքում հայտնել համապատասխան ծառայություններին և հետևել նրանց ցուցումներին:

5. Չվառել լուցկի, չօգտագործել բաց կրակ, անջատել լուսավորությունը, տաքացուցիչ սարքերը և գազօջախները, միացնել միայն գազի արտահոսքի բացակայությունը պարզելուց հետո:

6. Չդիպչել էլեկտրահաղորդման գծերին, հաղորդալարերին կամ դրանց առնչվող առարկաներին:

7. Հեռախոսն զբաղեցնել միայն շտապ օգնության կանչի, լուրջ վտանգի (վնասվածք, հրդեհ, հանցագործություն) մասին հաղորդումների համար կամ կարևոր գործեր կատարելու նպատակով: Հեռախոսը չօգտագործել անձնական կարիքների կամ հետաքրքրասիրությունը բավարարելու համար, քանի որ հեռախոսագծի գերծանրաբեռնումը խանգարում է փրկարարական ծառայությունների աշխատանքը: Վտանգն անցնելուց հետո զանգահարել ազգականներին և ընկերներին` հայտնելու ձեր վիճակը և գտնվելու վայրը:

8. Անտեղի չզբաղեցնել փողոցները` քաղաքն ուսումնասիրելու համար: Չայցելել ավերածությունների գոտի, եթե օգնության կարիք չկա:

9. Չօգտվել զուգարանից` առանց ստուգելու համակարգի սարքին վիճակը:

10. Կրել հաստ ներբաններով կոշիկ` կոտրտված ապակիներից և սուր բեկորներից վնասվածքներ չստանալու համար:

11. Հեռացնել թափված կամ ցրիվ եկած վտանգավոր նյութերը (քիմիկատներ, վառելանյութ), դրանց մասին զգուշացնել մյուսներին:

12. Լսել երկրաշարժի, դրա դեմ պայքարի ու հետևանքների վերացման համար անհրաժեշտ միջոցառումների մասին տեղեկատվությունը:

13. Պատրաստ լինել հետցնցումների փորձությանը: Դրանք հաճախ հանգեցնում են գլխավոր ցնցումից վնասված շենքերի լրացուցիչ ավերածությունների:

14. Զգույշ լինել վնասված շենք մուտք գործելու և այնտեղ տեղաշարժվելու ժամանակ:

15. Էլեկտրականության անջատված լինելու դեպքում անմիջապես օգտագործել սառնարանում եղած մթերքը, քանի դեռ չի փչացել, դրանից հետո միայն անցնել պահածոներին և չորացրած մթերքին: Պատրաստելու համար օգտագործել ճամփորդական վառարաններն ու ջեռոցները:

16. Ստուգել վառարանները և ծխնելույզները: Դրանց վնասված լինելու կամ ճեղքեր ունենալու դեպքում կրակ չվառել մինչև նորոգելը:

17. Բացել խորդանոցի և պահարանների դռները զգուշորեն` խուսափելով ծանր իրերի թափվելուց:

18. Օգնել երեխաներին և երկրաշարժի հետևանքով հոգեկան ցնցում ստացած մարդկանց հանգստանալ: Շշուկներ չտարածել:

19. Երկրաշարժի ժամանակ տանը գտնվելու դեպքում օգնել սեփական ընտանիքին և հարևաններին` վերացնել վնասվածքները: Աշխատավայրում գտնվելու դեպքում անել անհրաժեշտ ամեն ինչ, մինչև տուն շտապելը:

20. Օգնել ոստիկանությանը, հրշեջներին, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին, փրկարարներին, բուժաշխատողներին, փրկարարական ու վերականգնողական աշխատանքներով զբաղված այլ անձանց:

21. Հնարավորության դեպքում առաջին հերթին փլատակների տակից հանել անկողինը, տաք հագուստը, մթերքը, առաջին անհրաժեշտության բոլոր առարկաները:

22. Հանել եղած վառելանյութը` հետագայում օգտագործելու համար:

23. Հոգալ հացի և ջրի մասին: Խմելու ջուրն անպայման եռացնել` համաճարակից խուսափելու համար:

24. Խնամքով պահել այն, ինչ պահպանվել է երկրաշարժից հետո, հետերկրաշարժյան ժամանակաշրջանում օգտագործելու համար:

25. Ուշադիր լինել թույլերի և օգնության կարիք ունեցողների հանդեպ, ջանալ ֆիզիկապես և բարոյապես սատարել տուժածներին, նրանց հավատ ներշնչել:

(շարունակելի)

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #36 (952) 13.09.2012 – 19.09.2012, Ռազմական


19/09/2012