Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՂԵԿՆԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ



Նոր ուսումնական տարվա շեմին Երևանի թիվ 190 ավագ դպրոցում անցկացվեցին ավագ դպրոցների զինղեկների հավաքները ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի ղեկավարությամբ։ ՀՀ-ում գործող շուրջ 1400 դպրոցներից 91-ը ավագ են, որոնց թվում՝ Երևանում – 39, Կոտայքում – 11, Շիրակում – 9, Արմավիրում – 6, Լոռիում – 5, Սյունիքում – 4 և այլ դպրոցներ՝ յուրաքանչյուր նախկին շրջկենտրոններում մեկ ավագ դպրոց։

Հավաքների նախապատրաստման և անցկացման համար կատարվել են զգալի աշխատանքներ, որոնց մասին զեկուցեց Մ. Սարգսյանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ՈՒՆԲ-ի (ուսումնանյութական բազա) զարգացմանը և կատարելագործմանը։ Օրինակելի է 190 դպրոցի ՈՒՆԲ, որը բաղկացած է մարտավարական, կրակային, ռազմահայրենասիրական դաստիարակության դասարաններից, ֆիզիկական և շարային պատրաստականության հրապարակներից։ Հավաքներին մասնակցել և ելույթ է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը։

Հավաքների ավարտին գեներալ-լեյտենանտ Մ. Սարգսյանը պատվոգրերով շնորհակալություն հայտնեց վարչական շրջանի ղեկավար Դ. Օհանյանին, տնօրեն Կ. Զատիկյանին, զինղեկ Գ. Հովսեփյանին և այլ ակտիվ աշխատողների, որոնց ջանքերի շնորհիվ ստեղծվել է ռազմահայրենասիրական դաստիարակության հարուստ ՈՒՆԲ։ Պլանավորվեց այդ ուղղությամբ լրացուցիչ միջոցառումներ անցկացնել շեֆական զորամասերի, թանգարանների, հուշարձան-պանթեոնների բազայի հիման վրա, որոնք հավերժացնում են Հայրենական պատերազմում և Արցախյան ազատագրական պայքարում զոհվածների հիշատակը։

Հավաքների ընթացքում նշվեց, որ ուսումնական տարում լրանում է Ստալինգրադի ճակատամարտում Խորհրդային բանակի ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակը, որին մասնակցել են Հայաստանում ձևավորված և նախապատրաստված երեք դիվիզիաներ, որոնք և ցուցաբերել են քաջության, խիզախության, հերոսության բազմաթիվ օրինակներ։

ՌՈՒԲԵՆ ԲԱԽՇՅԱՆ
Գնդապետ

Խորագիր՝ #36 (952) 13.09.2012 – 19.09.2012, Բանակ և հասարակություն


19/09/2012