ՎԱՀԱՆԻ ՔԱՋՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Օգոստոսի 30-ին բազմամարդ էր Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրը, որտեղ ամփոփված են վահանցի 15 և 1 արծվաշենցի քաջազուն տղաներ։ Նշվում էր Վահանի սահմանահատվածի պաշտպանության ժամանակ զոհված բոլոր քաջորդիների հիշատակի 20-րդ տարելիցը և «Ուղեկալի» ետ գրավման 20-րդ տարին։
1992 թվականը Ճամբարակի տարածաշրջանի համար օրհասական տարի էր. գերեվարվեց շրջանի ամենամեծ գյուղը՝ Արծվաշենը, և պաշտպանության ողջ ծանրությունն ընկավ Վահան գյուղի ուսերին։ Ժամանակները, արժեքները, գաղափարները հերոսական էին։ Ժողովրդի ծոցից վեր ելան անհատներ, խիզախելու ուժ գտան իրենց մեջ՝ զենք վերցնելու և պահպանելու հայի դարավոր հավատը, պատիվն ու խիղճը։ Ճանապարհը, որքան որ լի էր սարսափով ու տագնապներով, նույնքան և պատվախնդիր էր ու նվիրական։ Նրանք գիտեին՝ ուր են գնում։ Շատ անգամ կանգնեցին թշնամու ծանր տեխնիկայի առաջ՝ միայն ավտոմատով, ընկան քաջի մահով, ընկան Վահանի բարձրիկ սարերում… Հերոսացան՝ իրենց երազանքները արյան հետ պահ տալով հողին, որից ոգեղեն երգեր են ծնվում ու դեռ պիտի ծնվեն ու սերունդներ դաստիարակեն…
Այդ նվիրական օրը հրավիրվել էին ՀՀ բարձրաստիճան զինվորական ու քաղաքացիական այրեր, ծնունդով վահանցիներ, ովքեր ապրում են մեր հանրապետության տարբեր քաղաքներում ու գյուղերում։ Հյուրերի մեջ էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Հ. Օհանյանը, զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Մախսուդյանը և ուրիշներ։
Զորամասի նվագախմբի մասնակցությամբ հնչեց ՀՀ պետական օրհներգը։
Գեղարքունյաց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և զորամասի հոգևոր սպասավոր Տեր Պսակ քահանա Մկրտչյանը հոգեհանգստի արարողություն կատարեցին։
Ելույթ ունեցան Վահանի մանկապարտեզի ավարտական խմբի սաները, ովքեր այս տարի գնալու են I դասարան։ Նրանք իրենց «Հայր մեր» տերունական աղոթքով և «Վահանի քայլերգ»-ով գեղեցիկ շուք տվեցին միջոցառմանը։
Ելույթ ունեցավ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով իր խոսքում կարևորեց Վահան գյուղի ժողովրդի հերոսական նկարագիրը, նրանց նվիրվածությունը իրենց հող ու ջրին, իրենց նահատակ որդիների պատգամներին. «Պահել գյուղը՝ ինչ գնով էլ լինի»։
Բարձր գնահատեց «Ուղեկալի» ետ գրավման գործողությունը և պատվոգրեր ու թանկարժեք նվերներ հանձնեց մասնակցած մի շարք տղաների։ Արժևորեց գործողությանը մասնակցած երեք ջոկատների հերոսական ակտիվությունը.
Վահանի ջոկատ (հրամ.՝ Մելսիկ Համազասպյան), շրջանի միլիցիայի ջոկատ (հրամ.՝ Ռոբերտ Մարտիրոսյան) և Արծվաշենի ջոկատ (հրամ.՝ Ռոբերտ Կիրակոսյան, որը զոհվեց 1994թ. մայիսի 1-ին, Մարտակերտի շրջանի Չայլու-Լենինավան հատվածը ազատագրելիս)։
Ետ գրավվեց «Ուղեկալը»՝ անկորուստ, 1992թ. օգոստոսի 31-ին։
Ասմունքներով ելույթներ ունեցան զորամասի զինվորները. շարքայիններ Ավետիսյան Սերժիկը, Հայկյան Հովհաննեսը, Պետրոսյան Արմենը և Մելիքյան Կոնստանտինը։
Ելույթներ ունեցան զոհվածի մայր Հասմիկ Սարիբեկյանը, զոհվածի այրի Ջավահիր Օհանյանը, ովքեր երախտիքի խոսքեր հնչեցրին այն մարդկանց հասցեին, ովքեր իրենց գործերով, վերաբերմունքով արժանին են մատուցել զոհված ընկերների հիշատակին, զոհված որդիների հիշատակին.
Խաչիկ Թորոսյան (զոհվածի հայր), Վոլոդյա Սարիբեկյան (զոհվածի հայր), Զարեհ Սարգսյան, Էդիկ Ղուլյան, Հայկ Լազարյան, Վլադիկ Գալստյան, Օհան Օհանյան, Վարդան Մկրտչյան, Ջավադ Ապրեսյան (զոհվածի հայր), Սիլվա Թորոսյան (զոհվածի քույր) և շատ ու շատ ուրիշներ։
Փա՜ռք բոլոր հերոսացած հայորդիներին։
Փա՜ռք նրանց սխրանքները փառաբանողներին։
Զոհված ազատամարտիկների քույր՝
ԱԶԻԶ ԹՈՐՈՍՅԱՆ
գ. Վահան
Վահան գյուղի
զոհված ազատամարտիկներ
Գրիգոր Ճաղարյան(1959-1990)
Ռամիս Ապրեսյան (1969-1992)
Կարո Խառատյան (1965-1992)
Գարուշ Բրուտյան (1947-1992)
Գուրգեն Դանիելյան (1962-1992)
Մանուչար Ապրեսյան (1964-1992)
Հարություն Թորոսյան (1964-1992)
Սաշիկ Օհանյան (1962-1992)
Մամիկոն Զարգարյան (1954-1992)
Սասուն Դեմիրճյան (1958-1992)
Դավիթ Թորոսյան (1962-1992)
Սասուն Սարիբեկյան (1964-1992)
Համլետ Ապրեսյան (1969-1992)
Սամվել Շուշանյան (1969-1992)
Արմեն Մկրտչյան (1964-1993)
արծվաշենցի
Անդրանիկ Կիրակոսյան (1965-1992)
Խորագիր՝ #36 (952) 13.09.2012 – 19.09.2012, Բանակ և հասարակություն