Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՔ



ՀԱՅԵՐԻՑ՝ ՄԻԱՅՆ ՇԱՀ

Առաջին հայերը Ֆիլիպինյան կղզիներում հայտնվել են դեռեւս 16□րդ դարի առաջին կեսին։ Հիմնականում եղել են վաճառականներ՝ իրենց գործակիցներով։

1571թ. Ֆիլիպինյան կղզիները գաղութացվեցին իսպանացիների կողմից, եւ այդ ժամանակից սկսած՝ հայ վաճառականության հոսքն այնտեղ զգալիորեն ուժեղանում է։ Պատճառը հայերին տրվող արտոնություններն էին։

Հետաքրքիր է հետեւյալ փաստը. կայսերական հրամանով՝ բոլոր օտարազգիներին խստիվ արգելված էր մուտք գործել Ֆիլիպիններ, բացի հայերից։ Ավելին, նրանք ոչ միայն ունեին ազատ ելումուտի իրավունք, այլեւ հովանավորվում էին տեղական իշխանության կողմից։ Այստեղ էլ կար ծանրակշիռ պատճառ՝ հայերը լավ, ազնիվ վաճառականներ էին, եւ նրանցից միայն շահ կարելի էր սպասել։

ՕՏԱՐՆԵՐԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայաստան քրիստոնեությունը եկել է վաղ, հիանալի հին լեզվին հաղորդել յուրահատուկ գիր, իսկ գրի հետ միասին՝ Սուրբ Գրքի թարգմանություն եւ, բացի այդ, Հայաստանի պատմությունը։

Հայաստանը հնուց ի վեր գտնվել է պատմական ճանապարհների խաչմերուկում…

Իոհան Հերդեր, 18-րդ դարի

գերմանացի փիլիսոփա

♦♦♦
…Ես հասկացա, որ այս տարի առավել ուժեղ տպավորությունն ստացել եմ Հայաստանից։ Թեեւ մենք այնտեղ եղանք երեք շաբաթից քիչ ավելի, սակայն ե՛ւ Էրիվանը, ե՛ւ նրա շրջակայքում մեր կատարած ուղեւորությունները (հատկապես Աշտարակ եւ Գառնի-Գեղարդի կիրճերը) խորապես ցնցեցին մեզ… Ցնցեցին հին հուշարձանները։ Ցնցեց Հայաստանի հնադարյան պատմությունը, հատկապես՝ ճարտարապետությունը՝ ե՛ւ մեխվում է հիշողությանդ մեջ, ե՛ւ ուսանելի դասեր տալիս…

Անդրեյ Բելի, ռուս գրող, 1928թ.

ՀԱՅԵՐԻ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Մ.թ.ա. 40-ական թվականներին Արեւելքում հայտնվեց Հռոմի Անտոնիոս զորավարը՝ շարունակելու իր նախորդների սկսած պատերազմը Ատրպատականի պարթեւների դեմ։ Նա Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի ամուսինն էր եւ իրեն պահում էր բիրտ տիրակալի պես։ Առաջին պահանջը հայերից եղավ իր զորքերին միանալը եւ Ատրպատական արշավելը։

Հայոց Արտավազդ 2-րդ արքան ընկավ ծանր վիճակի մեջ։ Մի կողմից նա չէր կարող խզել բարեկամական կապերը հարեւան պարթեւների հետ, մյուս կողմից՝ մերժել Անտոնիոսի պահանջը եւ թշնամանալ Հռոմի հետ։ Երկրի շահերը պահանջեցին դիվանագիտություն խաղալ՝ Արտավազդը ձեւականորեն համաձայնեց Անտոնիոսի առաջարկին եւ նույնիսկ զորամաս ուղարկեց նրա տրամադրության տակ, բայց իրականում բարեկամությունը պարթեւների հետ շարունակեց։

Անտոնիոսի զորքերը շրջապատեցին Ատրպատականի մայրաքաղաք Փարասպան, բայց գրավել չկարողացան։ Արտավազդն իր զորքը ետ կանչեց Հայաստան, եւ Անտոնիոսը ստիպված եղավ հաշտություն կնքել պարթեւների հետ։

Այնուամենայնիվ, Անտոնիոսն առիթ էր որոնում վրեժխնդիր լինելու Արտավազդից։ Հարմար միջոցը ծուղակն էր, եւ նա մի քանի անգամ հայոց արքային իր մոտ հրավիրեց՝ իբր թե բանակցելու։ Արտավազդը հրաժարվում էր, բայց երբ հռոմեական զորքերը մտան Հայաստան, պատերազմից խուսափելու համար համաձայնեց հանդիպել Անտոնիոսին եւ դարձավ դավադրության զոհ։ Անտոնիոսը խաբեց Արտավազդին, գերեց նրան ու նրա ընտանիքը եւ տարավ Եգիպտոս։

Այստեղ՝ Ալեքսանդրիա քաղաքում, ճոխ հանդես կազմակերպվեց՝ ի նշանավորումն հայերի դեմ հռոմեացիների տարած հաղթանակի։ Գերիներն անցնում էին գահին բազմած թագուհու՝ Կլեոպատրայի առջեւով։ Նրանց մեջ էին Արտավազդն ու իր ընտանիքը՝ շղթայված ոսկե շղթաներով։ Հայերը պետք է երկրպագեին ու փառաբանեին Կլեոպատրային եւ ազատ արձակվեին, բայց չարեցին այդ, չխոնարհվեցին գոռոզ թագուհու եւ նենգամիտ զորավարի առջեւ։ Եվ Կլեոպատրան գլխատել տվեց հայոց հպարտ արքային։

Ժամանակ անց իրենք՝ Կլեոպատրան եւ Անտոնիոսը, ընկան իսկապես ամոթալի վիճակի մեջ։ Զորավարը պարտվեց իր հակառակորդ Օգտավիանոսին եւ ստիպված եղավ ինքնասպան լինել, նույն ձեւով իր կյանքին վերջ տվեց թագուհին՝ թույլ տալով, որ օձը խայթի իրեն։ Անփառունակ վախճան□ Դրան հակառակ՝ դարերով փառաբանվեց հայոց արքա Արտավազդի կեցվածքը՝ հպարտ մահն ավելի է գերադասելի, քան անարգված գոյությունը։

Հայոց պատմության խորախորհուրդ մի դրվագ…

«ՀԱՅԿԱԿԱՆ» ՖԱՈՒՆԱՆ ԵՒ ՖԼՈՐԱՆ

Նուխի քաղաքը նշանավոր գեներալ է տվել՝ Բեհբուդ Շելկովնիկովը (Շելկովնիկյան)՝ 19-րդ դարի ռուսական բանակի փառաբանված հայազգի զորավարներից մեկը։ Տվել է նաեւ ոչ պակաս փառաբանված գիտնական՝ կովկասագետ-բնախույզ Ալեքսանդր Շելկովնիկովը (Շելկովնիկյան), նույն տոհմից։

Մեծ են Ա. Շելկովնիկովի (1870-1933) ծառայությունները բնագիտության ասպարեզում։ Նա բառացիորեն ոտքի տակ է տվել ամբողջ Կովկասը, հայտնաբերել գիտությանն անհայտ բույսեր, կենդանիներ եւ իրավամբ համարվել է տեղական ֆաունայի ու ֆլորայի գիտական ուսումնասիրության հիմնադիրը։ Մասնավորապես, 1927-ին նա է հիմնադրել Երեւանի բուսաբանական այգին։

Նշանավոր բնախույզն ունեցել է բազմաթիվ հետեւորդներ, որոնք ուսումնասիրություններ կատարելով Կովկասում եւ հայտնաբերելով անհայտ բույսեր եւ կենդանիներ՝ ի նշան հարգանքի ու երախտագիտության, դրանք կոչել են Ա. Շելկովնիկովի անունով։

Եզակի երեւույթ բնագիտության մեջ՝ ներկայումս հայ բնախույզի անունով կա բույսերի եւ կենդանիների շուրջ 40 տեսակ ու ենթատեսակ, որը մի ամբողջ ֆլորա եւ ֆաունա է եւ իրավամբ կարող է կոչվել «հայկական»։

ՇԻԼԼԵՐԻ ՀԵՐՈՍԸ

Գերմանացի մեծ բանաստեղծ, դրամատուրգ Շիլլերին (1759-1805) հայերը ճանաչել եւ գնահատել են վաղուց։ Նրա առաջին թարգմանիչը եղել է Խ. Աբովյանը (1831), այնուհետեւ նրան թարգմանել են մեր գրեթե բոլոր նշանավոր բանաստեղծները։ Նրա դրամաները հայ բեմում երեւացել են 19-րդ դարի 60- ական թվականներին՝ Կ. Պոլսում, այնուհետեւ Թիֆլիսում՝ 1873-ին, եւ մեր գրեթե բոլոր խոշոր դերասանները՝ Ադամյանից սկսած մինչեւ Փափազյան եւ ուրիշներ, կերպավորել են նրա հերոսներին։

Ինքը՝ Շիլլերն էլ ծանոթ է եղել հայերին, մեր ժողովրդի պատմությանը։ Նրա «Ոգետեսը» վեպի գլխավոր հերոսը հայ է՝ հենց Հայ անվամբ։

«ԵԹՈՎՊԱՑԻ» ՍԱՐԳԻՍ ԹԵՐԶՅԱՆԸ

Արտաքին եւ ներքին թշնամիների դեմ եթովպական ժողովրդի մղած պայքարի պատմության մեջ իր նշանակալից տեղն ունի Սարգիս Թերզյանը։ Նա Եթովպիա էր եկել 1882 թվականին եւ ժամանակ անց ձեռնամուխ եղել այնպիսի գործերի, որոնք չէին կարող նրան չդարձնել այդ երկրի երեւելի պետական գործիչներից մեկը։

Համառոտ՝ ի՞նչ է արել նա։

Վարել է զինվորական ու վարչական բարձր պաշտոններ եւ ամենուր դրսեւորել իրեն որպես խոշոր կազմակերպիչ, գործիմաց, հմուտ պաշտոնյա։

Գլխավորել է Լոնդոն, Բեռլին, Վիեննա, Հռոմ, Բրյուսել, Վաշինգտոն ուղարկված եթովպական դիվանագիտական պատվիրակությունները՝ ի հայտ բերելով դիվանագետի անուրանալի հատկություններ, բանակցություններ վարելու մեծ կարողություններ։

Ձեռնարկել եւ գլխավորել է Ջիբութի□ Ադիս Աբեբա երկաթուղու կառուցումը՝ դրանով իսկ իր մեծ ավանդը ներդնելով երկրի տնտեսական զարգացման գործում։

Առաջինն է կազմակերպել մեքենաների ներմուծումը Եթովպիա։ Դրանով երկիրը կանգնեց նաեւ «անիվների վրա»։

Մեծ գործ է կատարել Եթովպիայի բանակաշինության ասպարեզում։ Նրա նախաձեռնությամբ եւ անմիջական ղեկավարությամբ է եթովպական բանակը սպառազինվել ժամանակակից զենքով։

Եվ էլի գործեր, գործեր, որոնք թույլ են տալիս վստահաբար ասել, որ հանձինս Սարգիս Թերզյանի Եթովպիան ունեցել է մի արժանավոր հայ «եթովպացի»։

ՇԵՐՏԱՎՈՐՆԵՐԻ ԶՈՐԱՏԵՍԱԿԸ

Հայերն այն ժողովուրդներից են, որոնք դեռեւս վաղնջական ժամանակներում ծանոթ են եղել եւ օգտագործել են հին աշխարհին հայտնի գրեթե բոլոր զինատեսակները։ Դրանցից է եղել շերտը։ Զենքի այս հնագույն տեսակի ձեւը հայտնի չէ, բայց այն, ըստ Մովսես Խորենացու, հայերն օգտագործել են դեռեւս Տիգրան Երվանդյանի օրոք (մ.թ.ա. 6-րդ դարի 1-ին կես)։

Փավստոս Բուզանդի «Հայոց պատմությունից» տեղեկանում ենք ավելին՝ պատմիչը վկայում է, որ հայերն ունեցել են շերտավորների առանձին զորատեսակ՝ հայոց բանակի ամենահին զորատեսակներից մեկը։

ԱՌԱՋԻՆ «ՇԵՔՍՊԻՐԱԳԵՏԸ»

Շեքսպիրը՝ անգլիացի հանճարեղ դրամատուրգը, վաղուց ի վեր «մեր մարդն է» թե՛ գրականության մեջ, թե՛ արվեստում։ Ոչ բոլոր ժողովուրդները կարող են հպարտանալ, որ ունեն շեքսպիրագիտական կենտրոն, շեքսպիրյան դերացանկի համաշխարհային մակարդակի կատարումներ, նրա երկերի փայլուն թարգմանություններ, որոնց հրատարակությունները կազմում են մի ամբողջ գրադարան։

Հետաքրքիր է, հայ իրականության մեջ Շեքսպիրի ստեղծագործությանն առաջինն անդրադարձել է հայ ազգային… ազատագրական շարժման նշանավոր գործիչ Հովսեփ Էմինը, որը 1751թ. մեկնել է Լոնդոն՝ հատուկ զինվորական կրթություն ստանալու։ 1792թ. լույս է տեսել նրա հուշերի գիրքը («Հովսեփ Էմինի՝ մի հայի կյանքն ու արկածները»), որում էլ խոսվում է շեքսպիրյան հերոսներ Օթելլոյի եւ Շայլոքի մասին։ Ավելին, Էմինն իր գրքի գլուխներից մեկը հենց այսպես էլ վերնագրել է՝ «Էմինը Օթելլոյի դերում»։

Իսկ ահա հայ իրականության մեջ առաջին անգամ Շեքսպիրի դրամաներից առանձին տողեր են թարգմանվել եւ տպագրվել 1822թ. Կալկաթայում (Հնդկաստան) լույս տեսնող «Շտեմարան» հանդեսում։

ԱՄԵՆԱՀԻՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐԸ

Հույն պատմիչ Հերոդոտոսը (մ.թ.ա. մոտ 485-մ.թ.ա. մոտ 425) առաջինն է, որ գրել է համաշխարհային պատմությունը որոշակի պլանով, օգտագործել բազմապիսի նյութեր (գրավոր եւ բանավոր աղբյուրներ, վիմագիր արձանագրություններ, ճանապարհորդությունների ընթացքում քաղած տեղեկություններ եւ այլն)։

Համաշխարհային պատմությունը գրելիս նա, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ Հայաստանին եւ հայերին։ Եվ անդրադարձել է։ Հերոդոտոսի «Պատմության» մեջ խոսվում է Աքեմենյանների գերիշխանության տակ գտնվող Հայաստանի, նրանից գանձվող հարկերի, պարսկական բանակի կազմում հայկական զորքի եւ նրա հանդերձանքի, մյուս ժողովուրդների հետ հայերի ունեցած առեւտրական կապերի մասին եւ այլն:

Կազմեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #36 (952) 13.09.2012 – 19.09.2012, Պատմության էջերից


19/09/2012