Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ՝ ԲԱՆԱԿԻՆ



2010 թ. ապրիլին մեկնարկած «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի արդյունքներն ամփոփելու եւ ընթացիկ տարվա խնդիրները ներկայացնելու նպատակով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 16-ին հանդիպել է ծրագրի մասնակիցների՝ գիտության և մշակույթի գործիչների, զինված ուժերի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչների, ՊՆ առընթեր հասարակական խորհրդի անդամների հետ:
Ծրագրի շրջանակներում կատարվել է 153 այցելություն ԶՈՒ զորամասեր, կազմակերպվել 241 դասախոսություն: Ծրագրին մասնակցել են մտավորականության 127 ներկայացուցիչներ, ներգրավված են եղել գիտակրթական և մշակութային 14 հաստատություններ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ծրագիրը երիտասարդության վերաբերյալ պետական ռազմավարության մաս է եւ իրականացվում է պաշտպանական բարեփոխումների շրջանակում: Նախարարը, խոսելով ծրագրի կարեւորության մասին, ընդգծեց, որ այն նպատակ ունի վերջ դնելու հայոց բանակում դեռեւս տեղ գտնող բացասական երեւույթներին: Նախարարը զինվորի բարոյական բարձր նկարագիրն ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը պայմանավորում է սեփական ժողովրդի մշակույթի եւ պատմության իմացությամբ. «Հատկապես բանակում բացասական երեւույթներից յուրաքանչյուրը ունենալու է անհամեմատ ծանր հետեւանքներ, որոնցից խուսափելու միակ ճանապարհը զինվորի դաստիարակման արժեքային եւ գաղափարախոսական լծակների ճիշտ կիրառումն է: Այդ լծակներից առավել կարեւորում եմ զինվորների կողմից հայ ժողովրդի պատմության եւ մշակութային արժեքների իմացությունը»:
Դասախոսությունների թեմաները ընտրված են եղել այնպես, որ ավելանան զինվորների գիտելիքները, եւ ձեւավորվի աշխարհայացքը համապատասխան արժեհամակարգ: Հաճախ դասախոսությունները վերածվում էին մտերմիկ զրույցների, եւ զինվորներն էլ փորձում էին իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ: «Ի՞նչ է հայրենիքը»,- այս հարցն են ուղղել ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին զորամասում. «Իմ ընկալմամբ հայրենիքը դուք եք»,-պատասխանել է Ա. Մելքոնյանը, ապա ավելացրել, թե ինքը երազում է իր կոստյումն ու փողկապը գեթ մեկ անգամ փոխարինել հայոց մարտիկի համազգեստով:
Կարինե Նալչաջյանն էլ զորամաս էր գնացել որպես հոգեբան` պատրաստ ակադեմիական դասախոսություն կարդալու, սակայն տղաների հետ զրույցը մտերմիկ էր ստացվել. խոսել են անձի հոգեբանական խնդիրների, երիտասարդության, մարդկային հարաբերությունների մասին: Հանդիպման ավարտին էլ զինվորները զորամասի վարդերից փունջ են նվիրել հոգեբանին, որը մինչ օրս նա պահում եւ համարում է իր կյանքի ստացած ամենաթանկարժեք ծաղկեփունջը.
«Նախաձեռնությունը կարեւոր է, քանի որ զինվորները բանակային միջավայրում կտրված են հանրային կյանքից, ընտանիքից, եւ ոչ զինվորական մարդու այցելությունը, կարծես, կապ է իրենց թիկունքում թողած աշխարհի հետ: Սա հոգեբանորեն խիստ անհրաժեշտ է, քանի որ զինվորը զգում է, որ ինքը մոռացված չէ եւ գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Մեզ համար եւս կարեւոր են նման այցելությունները. գնացինք եւ տեսանք, որ հսկայական աշխատանք է արված առաջնագծում, որ առնականության մթնոլորտ է տիրում, եւ մենք մեզ պաշտպանված զգացինք»:
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ասատրյանը կարծում է, որ մտավորականների համար այս ծրագիրը յուրօրինակ մասնակցություն է բանակաշինության ազգանվեր գործին: Հանդիպումից առաջ Ա. Ասատրյանը կասկածում էր` զինվորին կհետաքրքրի՞ «Արշակ Երկրորդ» օպերան կամ Տիգրան Չուխաջյանի կյանքն ու ստեղծագործությունը.
«Իմ առաջին հանդիպումը տեղի ունեցավ Հակաօդային պաշտպանության զորքերում: Ներկայացրեցի հայկական օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանի ստեղծագործական դիմանկարը: Զինվորները լսեցին շատ ուշադիր: Զարմացա: Զարմանքս բազմապատկվեց, երբ դասախոսությունից հետո խնդրեցին Հովհաննես Չեքիջյանի հետ հանդիպում կազմակերպել: Մայիսի քսաներկուսին դարձյալ ՀՕՊ զորքերում էի՝ Հ. Չեքիջյանի հետ: Կարծում եմ` զինվորներից շատերը չեն մոռանա այդ հանդիպումը եւ միշտ կհիշեն, թե ինչ հզոր մշակույթ ունեցող ժողովրդի են իրենք պաշտպանում»:
Ռազմական ոստիկանության կենտրոնակայանում, նաեւ ռազմական ուսումնարանում էր խոսել ՀՀ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը: Նա գտնում է, որ ծրագիրը կարեւոր է բանակ-հասարակություն կապն ամրապնդելու, համագործակցության նոր ոլորտներ ստեղծելու առումով. «Տեղեկատվական այս հոսքը կարեւոր է, որպեսզի բանակ-հասարակություն օղակները կենդանի բջիջների նման փոխգործող լինեն»:
Ըստ պաշտպանության նախարարության առընթեր Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի` ծրագիրը բարոյահոգեբանական եւ ճանաչողական նշանակալի լիցք է հաղորդում զինվորներին. «Կարեւորում եմ, որ ծրագիրն ամիջական եւ հաստատուն կապ է ստեղծում բանակի եւ հայրենի մտավորականության միջեւ` հանգելով բանակի շուրջ մտավորականության համխմբմանը»:
Նախարար Սեյրան Օհանյանը, ելնելով արդյունքներից, վստահեցրեց` ծրագիրը շարունական կլինի նաեւ ընթացիկ տարում. «2011 թ. խորհրդանշական է. տոնում ենք Հայաստանի Հանրապետության հռչակման քսաներորդ տարեդարձը, Գարեգին Նժդեհի 125-ամյակը, 2012 թ. հունվարին էլ Հայոց բանակի քսանամյակն է. այս ամենը պարտավորեցնում է կրկնապատկել ջանքերը, որպեսզի բանակում կրթադաստիարակչական համալիր ծրագրերը ակնառու արդյունք տան»:
Մտավորականների ազգանվեր գործունեությունը գնահատվեց նաեւ մեդալներով, պատվոգրերով եւ նվերներով:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ


17/02/2011