Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2012» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում ավարտվեց «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը:

Զորավարժության սցենարի համաձայն` օգոստոսի երկրորդ կեսին եւ սեպտեմբերի սկզբին կտրուկ սրվում է իրավիճակը «Սեւանիայում», հատկապես «Դալարիկի» շրջանում: Օգտագործելով ստեղծված իրավիճակը` ոչ կանոնավոր զինված, ավազակային եւ ահաբեկչական խմբավորումները պլանավորում են անցնել քաղաքացիական անհնազանդությունից ակտիվ գործողությունների` այդ թվում զենքի օգտագործմամբ եւ ահաբեկչական գործողություններով: Ծայրահեղական կազմակերպությունները, անօրինական զինված խմբավորումները, ահաբեկչական խմբերը եւ ավազակախմբերը կարող են իրականացնել մի շարք խոշոր ահաբեկչական գործողություններ, որոնց նպատակն է զանգվածային անկարգությունների հրահրումը, պետական նշանակության օբյեկտների զավթումը, տեղական ինքնակառավարման իշխանությունների զավթումը, եւ հետագայում որպես ինքնիշխան պետություն հռչակումը: «Զանգերիան», ռազմավարական զորավարժության իրականացման պատրվակով, սկսում է իր միացյալ զինված ուժերի կենտրոնացումը Սեւանիայի հետ սահմանակից շրջաններում` նպատակ ունենալով ուժ կիրառել:

«Բուռնաստանը», օգտագործելով ստեղծված իրավիճակը եւ «Սեւանիայի» ԶՈւ մեծ մասի կենտրոնացումը «Զանգերիայի» հետ սահմանին` իրականացնում է զինված սադրանքներ սահմանակից շրջաններում, որոնց ընթացքում առանձին զորամիավորումների ուժերով փորձեր են ձեռնարկվել մուտք գործելու «վիճելի տարածք»` նպատակ ունենալով ստիպել «Սեւանիային» ձեռնարկել կտրուկ պատասխան քայլեր:

Օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերի պատասխանատվության տարածքում կարող են գործել անկանոն զինված խմբավորումներ, ծայրահեղական եւ ահաբեկչական զորախմբեր` ընդհանուր թվով մոտ յոթ հարյուր մարդ:

«Դալարիկի» շրջանում գործող զինված խմբավորումների ուժեղացման համար հնարավոր է փոքր անկանոն զինված խմբերի մուտքը «Բուռնաստանի» տարածքից` պետական սահմանով դեպի «Դալարիկի» բնակելի տարածքներ: Անցնելով հարձակման «Կարմիլյուկ», «Արեւիկ» ուղղությամբ` հակառակորդը կձգտի միանալ «Արեւիկում» կենտրոնացած զինված խմբավորումների հետ` նպատակ ունենալով մաքրել բնակելի տարածքները կենտրոնական իշխանություններին աջակցող մարդկանցից եւ հաստատել վերահսկողություն շրջակա բնակավայրերի նկատմամբ: Հետագայում նրանք կարող են իրականացնել մի շարք խոշոր ահաբեկչական գործողություններ, գրավել պետական նշանակության օբյեկտներ, այդ թվում` Մեծամորի ատոմակայանը:

Ատոմակայանի զավթումը կարող է «Սեւանիային» շանտաժի ենթարկելու միջոց դառնալ` նպատակ ունենալով անջատել «Դալարիկի» շրջանը, ինչպես նաեւ առիթ դառնալ «Բուռնաստանի» եւ «Զանգերիայի» համար` «Սեւանիայի» տարածք զորքեր մտցնելու: Ռազմական գործողությունների ընթացքում եւ նախապատրաստական փուլում հնարավոր է հետախուզական ինքնաթիռների թռիչք պետական սահմանի երկայնքով, ինչպես նաեւ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) պատասխանատվության տարածքում եւ ԱԷԿ-ի շրջանում: ԱԱՀՈՒ պատասխանատվության շրջանում կարող են լինել մինչեւ յոթ հարյուր հոգանոց զինված խմբավորումներ, որոնք կարող են զինված լինել ականանետներով, հակատանկային նռնականետներով, խոշոր տրամաչափի գնդացիրներով: Հակառակորդին պետք է խոցել` նպատակ ունենալով ստիպելու նրան, որ զինաթափվի:

Զորավարժությանը հետեւել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, մասնակից երկրների, ինչպես նաեւ ՀԱՊԿ քարտուղարության, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ներկայացուցիչները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Խորագիր՝ #36 (952) 13.09.2012 – 19.09.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


20/09/2012