Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՆՈՒՄ



Դժվար է խոսքերով արտահայտել գեղեցկությունն այն բնապատկերի, որ բացվում է աչքիդ առաջ. մշտադալար ծառեր, բազմագույն ծաղկաթմբեր։ Առողջարանի հոյակերտ շենքը՝ կառուցված անցյալ դարի 60-ականներին, իր ինքնատիպ ճարտարապետական լուծումով հրաշալիորեն ներդաշնակում է շքեղ բնությանը։

«2005-2007թթ. առողջարանը կապիտալ վերանորոգվեց, կահավորվեց, համալրվեց առողջարանային բժշկության համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով,- ասում է առողջարանի պետ գնդապետ Կորյուն Եղիազարյանը և շարունակում, -այսօր արդեն պատրաստ է նաև ցեխաբուժության շենքը, անհրաժեշտ սարքավորումները տեղադրված են, մնում է, որ գործարկվի։ Տեղական և դրսից բերված հումքի վրա զարկ կտրվի տորֆաբուժությանը, որի շնորհիվ էլ մեզ մոտ կբացվեն նոր աշխատատեղեր համապատասխան մասնագիտության տեր մարդկանց համար։ Ցավոք, առայժմ առաջնահերթ խնդիրների շարքում է մնում ջրի ֆիլտրացումը։ Այս տարիների ընթացքում բարեկարգվել է տարածքը, մոտ 7000 ծառ ու թուփ է տնկվել։ Առողջարանի հարակից տարածքում ևս ծառատունկ ենք կատարել։ Առողջարանային համալիրի հետ կապված բազմաթիվ ծրագրեր կան։ Արվում է ամեն ինչ, որ այստեղ եկողները լիարժեք բուժվեն և հանգստանան։ Զինծառայողների, Արցախյան ազատամարտի հաշմանդամների, զոհված ազատամարտիկների հարազատների համար առողջարանը գործում է անվճար հիմունքներով (այս ամենը կանոնակարգվում է ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում)։ Զինծառայողի ընտանիքի անդամների համար գործում է 50 տոկոս զեղչ, իսկ սովորական քաղաքացիների համար գները մեկ անձի համար օրական 10-16 հազարի սահմաններում են։ Առողջարանը գործում է կլոր տարին, ջեռուցվում է»։

«Առողջարան այցելող մարդկանց հանգիստը հետաքրքիր և բազմազան դարձնելու համար գործում է գրադարան, լողավազան, սրճարան, կա մարզասրահ, ֆուտբոլի և վոլեյբոլի դաշտ, կազմակերպում ենք էքսկուրսիա դեպի Դիլիջանի տեսարժան վայրերը։ «Լեռնային Հայաստանը» առողջարան է ամեն տարիքի մարդկանց համար։ Փոքրիկներին ևս չենք անտեսել. կան ճոճանակներ, սղարաններ։ Նախատեսված է ստեղծել մանկական սենյակ և խաղահրապարակ։ Վստահորեն կարող եմ ասել՝ մեր անձնակազմը ջանում է անել ամեն ինչ, որ այստեղ հանգստացողները և բուժվողները առողջարանից հեռանան կազդուրված, բարձր տրամադրությամբ, դրական լիցքերով և ջերմ տպավորություններով»,- նշում է առողջարանի պետի տեղակալ մայոր Սամվել Հովսեփյանը։

«Լեռնային Հայաստան» առողջարանն ունի բուժական միջոցառումների համար առանձին մասնաշենք՝ հագեցած արդի առողջարանային բուժսարքավորումներով եւ ապահովված է լավագույն մասնագետներով: «Բոլորն էլ իրենց գործի իսկական նվիրյալներ են,- ասում է բուժական մասի պետ մայոր Արթուր Արզումանյանը,- ունենք լաբորատորիա, էլեկտրասրտագրության կաբինետ, ատամնաբուժարան, բուժական ֆիզկուլտուրայի դահլիճ, ֆիզիոթերապևտիկ կաբինետներ, որտեղ իրականացվում են պարաֆինաբուժում, մերսում, էլեկտրալուսաբուժում։ Ջրաբուժարանում առաջարկվում են ծովային աղով, մարգարտային, օզոնային լոգանքներ, ստորջրյա ցնցուղ-մերսում, չորսխցիկանի լոգանք, ձեռքերի և ոտքերի մրրկային լոգանք։ Ցեխաբուժությունն էլ համատեղելու ենք էլեկտրալուսաբուժության հետ»։

Ճաշարանի աշխատողները (նաեւ ամբողջ անձնակազմը) ասես հոգնություն չունեն։ Մատուցողուհիներ Կարինեն, Հերմինեն, Հասմիկը, Անուշն ու Աշխենը համբերատար ու ժպտերես արագ-արագ ոչ միայն կերակուրներն են բերում, այլ անգամ հիշում են, թե որ հանգստացողը որ կերակրատեսակն է նախընտրում։ Ճաշարանի պետը՝ պայմանագրային ծառայության շարքային Վարդան Վարդանյանը, որն արդեն 15 տարի նվիրված և սիրով աշխատում է այստեղ, նշում է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի սնունդը բազմազան և հագեցած լինի, խնդիրներ ունեցողների համար էլ նախատեսված է հատուկ դիետիկ սեղան։

Ճաշարանի կողքին ձմեռային հիասքանչ այգին է՝ արեւադարձային ծառ ու թուփ, բազմերանգ ծաղիկներ: Դենդրոլոգ Արսեն Վարդապետյանը իր գործի իսկական գիտակն է: Հոգատար եւ սրտացավ վերաբերմունքն ես զգում այստեղ ամեն քայլափոխի:

«Լեռնային Հայաստան» առողջարանում ամեն եղանակի էլ հրաշալի է եւ հաճելի հանգստանալը. ամռանը զով է, աշնանը՝ գույների խճանկար, ձմռանը, երբ առողջարանի վիթխարահասակ եղևնիները ծածկվում են ձյունով, թվում է՝ հեքիաթների թագավորությունում ես, գարունն էլ այստեղ իր առանձնակի հմայքն ունի. մայիսին ծաղկած սոճիների բուրմունքը անզուգական բալասան է։

Շքեղ, փարթամ կանաչ, կենարար օդ, ամենուր աչք շոյող մաքրություն, հիանալի սպասարկում։ Իրոք, առողջարանից բոլոր հանգստացողներն էլ հեռանում են դրական լիցքերով, ջերմ տպավորություններով և կրկին այցելելու ցանկությամբ։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #37 (953) 20.09.2012 – 26.09.2012, Ուշադրության կենտրոնում, Սոցիալ-իրավական


26/09/2012