Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱ ՄԵԾ ՀԱՅ ԷՐ



Պատմում է Հմայակ Զաքարյանը

Զույգ եղբայրներ ենք, եղբորս անվանակոչել են հայրական պապիս անունով՝ Աղաբեկ, ինձ՝ մայրական պապիս՝ Հմայակ։ Հայրական պապս մշեցի է եղել, իմ անվանակից պապս՝ Հմայակը, գաղթել է Ղարսի Սթար գյուղից։ Իմ հիշողություններում պահպանվել է Հմայակ պապիս կերպարը, պատմությունները։ Երևի իր իմացության, իր իմաստուն խորհուրդների համար էին մարդիկ նրան Տացու պապ ասում։ Երկար, փարթամ բեղեր ուներ։ Նստում էր Հայկաշենի իր տան պատշգամբում ու հայացքը իր ծննդավայրի կողմը՝ երգում էր։ Երգում էր տխուր ու հուզական, հայրենասիրական երգեր։ Եղել էր Մազմանովի զինվորը։ Ի՜նչ ոգևորությամբ ու տխրությամբ էր պատմում այդ միայնակ, հայրենասեր հայի մասին։ Երգում էր Մազմանովին նվիրված երգը ու երգի ավարտին ասում.

-Մեծ հայ էր, նրա մահը ողբերգություն էր, նրա մահը մեզ ամոթանք էր…

-1988-ին, երբ Գերմանիայից գալիս էի Հայաստան, անցա Արևմտյան Հայաստանով, եղա պապիս ծննդավայր Սթար գյուղում։ Գյուղն ամբողջ փլատակ էր, ամայի։ Ի դեպ, հայկական հին բնակավայրերը ամայի են, անմարդաբնակ։ Թուրքերը, քրդերը նոր տներ էին կառուցել մեր գյուղերի կողքին, մեր հին տների քարերով։

Ծննդավայրից հող բերեցի, խառնեցի պապիս հողաթմբին։

Հետո ազատագրական պատերազմի ժամանակ ամեն մի գյուղ, ամեն մի բնակավայր պաշտպանելիս կամ ազատագրելիս կարոտով հիշում էի Հմայակ պապիս։ Մտքումս այդ հաղթանակը ձոնում էի նրա հիշատակին։

Ափսոս, պապս չտեսավ ազատագրական մեր պայքարը, մեր հաղթանակները…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #37 (953) 20.09.2012 – 26.09.2012, Հոգևոր-մշակութային


26/09/2012