ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Զրույց ՊՆ ռազմաարդյունաբերական վարչության պետ, ՔՀԾ II դասի պետական խորհրդական ՄՈՒՐԱԴ ԻՍԱԽԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն Իսախանյան, 2011-ի դեկտեմբերին ՀՀ նախագահը հաստատեց «Ռազմաարդյունաբերության համակարգի բարեփոխումների եւ զարգացման հայեցակարգը», որից հետո կառավարությունը հանձնարարական ստացավ մշակել հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիր։ Այս ամենին նախորդեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մեծածավալ հրապարակումը «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսում, ինչը, կարելի է ասել, ծրագրային բնույթ ու բովանդակություն ուներ։ Ամսագրում թեմային առնչվող հրապարակում եք ունեցել նաև Դուք։ Կա տպավորություն, որ հանրապետության ռազմաարդյունաբերության ոլորտում համակարգային և հիմնարար բարեփոխումներ են սպասվում։
-Պաշտպանական համակարգի բարեփոխումների և զարգացման ծրագրում ռազմաարդյունաբերության զարգացումը ունի իր կարեւորագույն տեղը։ «ՀՀ ռազմաարդյունաբերության բարեփոխումների եւ զարգացման հայեցակարգը» եւ դրանից բխող միջոցառումների ծրագիրը ռազմաարդյունաբերական համալիրի գործունեությունը համակարգելու եւ ռազմաարդյունաբերության զարգացման շարունակականությունը ապահովելու հիմնավոր նախադրյալ է։ Այս երկու փաստաթղթերը ենթադրում են ռազմաարդյունաբերության զարգացման պետական ծրագիր եւ համակարգի գործունեությունը կանոնակարգելու միտումներ՝ սկսած նորմատիվ տեխնիկական եւ նորմատիվ իրավական փաստաթղթերի բազայի ստեղծումից մինչեւ ԶՈւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը քննարկող և հաստատող հանձնաժողովի կանոնադրության մշակում։
-Այնպիսի տպավորություն է, որ 20-ամյա հայկական բանակը իր առաջին քայլերն է անում ռազմաարդյունաբերության ասպարեզում, մինչ այժմ ինչպե՞ս ենք աշխատել առանց նորմատիվ տեխնիկական եւ նորմատիվ իրավական փաստաթղթերի բազայի, առանց սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման հնարավորությունները գնահատելու…
-Մենք ունեցել ենք պետական ռազմաարդյունաբերական պատվերներ կատարող ձեռնարկություններ, որոնք զինված ուժերի հայտերի համաձայն՝ իրականացրել են որոշակի գործունեություն։ Զենք-զինամթերքի հայրենական արտադրությունը սկսվել է դեռեւս 1988-ից, երբ նույնիսկ բանակը չէր կազմավորվել։ 1991-ի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ կառավարության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստ, որը խնդիր դրեց համակարգել ընդհատակյա զինագործների եւ ձեռնարկությունների աշխատանքը։ Ասել, որ անցած 20 տարիների ռազմաարդյունաբերությունը մեծ զարգացում է ապրել, ճիշտ չի լինի, մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ դանդաղեցրել են ռազմաարդյունաբերության զարգացման տեմպերը։
-Այնուամենայնիվ, պիտի խնդրեմ, որ նշեք ամենաէական օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները, առաջիկայում դրանք հաղթահարելու ակնկալիքով։
-Օբյեկտիվ պատճառներից ամենաէականը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը սկսեց իր անկախ պետականությունը կառուցել «ժառանգություն ստանալով» երկրաշարժը, Ղարաբաղյան պատերազմը… ԽՍՀՄ 7-րդ բանակի՝ այն ժամանակ արդեն իսկ ոչ բարվոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Եվ գերխնդիրն էր մի կողմից ՀՀ ԶՈՒ սպառազինությունը և զինտեխնիկան մարտունակ պահելու հրամայականը, մյուս կողմից՝ տնտեսական խնդիրների հաղթահարումը։ Չմոռանանք նաև շրջափակումը և ֆինանսական միջոցների սղությունը։ Սուբյեկտիվ պատճառ է այն, որ չի օգտագործվել գիտաարտադրական ողջ ներուժը, հատկապես՝ մտավոր ռեսուրսը։ Այսօր Հայաստանում կա գիտությունների ազգային ակադեմիա իր գիտահետազոտական ինստիտուտներով, որոնք հիմնարար գիտահետազոտական աշխատանքների մեծ փորձ ունեն։ Կան բազմաթիվ բարձր տեխնոլոգիական ընկերություններ, որոնք օգտագործելով գիտության ժամանակակից ձեռքբերումները, կիրառում են այն Հայաստանում, ինչպես նաև այլ գիտահետազոտական ինստիտուտներ՝ իրենց բազաներով, որոնք կարող են ընդգրկվել ռազմաարդյունաբերության ոլորտում։ Կան գիտնականներ, որոնք խորհրդային տարիներին կատարել են պաշտպանական բնույթի գիտահետազոտական ուսումնասիրություններ և փորձակոնստրուկտորական աշխատանքներ։ Նրանց ներուժը նույնպես պետք է օգտագործել։ Ուսումնասիրություններն արդեն սկսվել են, խնդիր է դրվել ներգրավելու բոլոր հնարավոր ռեսուրսները։ Մենք ունեցել ենք գիտական մտքի արտահոսք։ Այն կանխելու եւ արտերկրում աշխատող գիտնականներին Հայաստան վերադարձնելու միակ ճանապարհը մրցունակ տնտեսություն ձեւավորելն է։
-Հայաստանի ռազմաարդյունաբերությունը ի՞նչ ընդգրկումով է ներկայանում այսօր։
-Սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգումը կատարվում է Հայաստանում։ Սա ռազմավարական նշանակության խնդիր է, որովհետեւ Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ խնդիրները ստիպում են զինտեխնիկան մշտապես մարտունակ պահելու երաշխիքներ ստեղծել։ Մենք օր օրի մեծացնում ենք Հայաստանում արտադրվող զինպահեստամասերի տեսականին եւ ծավալները։ Ռազմական տեխնիկայի, սպառազինության նորոգմանը զուգընթաց մշակվում են սեփական արտադրատեսակների ընդլայնման ծրագրեր։ Այսօր Հայաստանում արտադրվում է արդիականացված «ՀՕՊ» միջոցների հանգույցներ, միևնույն ժամանակ լիովին արդիականացվում են ԽՍՀՄ-ում մշակված մի շարք ՀՕՊ միջոցներ։ Ունենք նաեւ ամբողջական լոկատոր արտադրելու հնարավորություն։
Ռազմաարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ընկերություններում արտադրվում է հրաձգային, հակատանկային, հակաօդային զենքի վարժասարքեր, որոնք առավելագույնս մոտեցված են մարտական պայմաններին։ Արտադրվում են նաև 20 կիլոմետրանոց լազերային հեռաչափեր, որոնք իրենց բնութագրիչներով գերազանցում են մի շարք երկրների ԶՈՒ-ում գոյություն ունեցող նմանատիպ տեխնիկան։ Լազերային բյուրեղների աճեցման գործում Հայաստանը առաջատարներից մեկն է աշխարհում։ Մեր դոպլերային ռադիոլոկացիոն շարժական համակարգը աշխարհում նորագույն մշակումներից մեկն է, որը կարող է որոշակի շառավղով գրանցել ցանկացած տեղաշարժ։
-Սպասվու՞մ է սերիական արտադրություն։
-Փորձարկումները դրական արդյունք են տվել։ Այն հակառակորդի կողմից դժվար է հայտնաբերել եւ կարող է շատ օգտակար կիրառում ունենալ սահմանային տարածքներում։ ՌԱՀ-ում արտադրում են ինժեներական զորքերի համար սպառազինություն, ուսումնական միջոցներ, ինչպես նաև մշակվում և արտադրվում են հրաձգային զենքեր և այլն։ Արդեն մշակված են տարբեր տրամաչափի ինքնաձիգներ, դիպուկահար հրացաններ, ատրճանակներ… ես կարող եմ թվարկումը շարունակել…
-Պարոն Իսախանյան, Դուք ասացիք, որ անցած 20 տարիներին արձանագրվել է գիտական մտքի արտահոսք, ինչպիսի՞ ներուժ ունեք այսօր այդ բնագավառում։
-«Ռազմաարդյունաբերության բարեփոխումների եւ զարգացման հայեցակարգից» բխող միջոցառումների ծրագիրը բաղկացած է 21 կետից, ընդ որում՝ մեկն էլ մտավոր դաշտի ուսումնասիրությունն է։ Մենք պիտի փորձենք ռազմաարդյունաբերության զարգացման գործում ներգրավել առկա բոլոր ուժերը։ Օրինակ՝ մինչ օրս չի օգտագործվել բուհական գիտական միտքը (դասախոսական, ուսանողական)։ Անհրաժեշտ է պետպատվերի շրջանակում մագիստրոսներին և ասպիրանտներին հանձնարարել ռազմաարդյունաբերական բնույթի գիտական աշխատանքներ։ Պաշտպանական միջոցառումները պետք է ունենան լայն ընդգրկում, անհրաժեշտ է ներգրավվել տնտեսության բոլոր ճյուղերը՝ գյուղատնտեսությունը, կապը, հանքարդյունաբերությունը եւ այլն, ինչպես նաեւ գիտական օջախները։ Ոսումնասիրությունների տվյալները կդառնան հենք ռազմաարդյունաբերության զարգացման հետագա պետական ծրագրերի համար։
-Հայաստանի ռազմաարդյունաբերությունը կարո՞ղ է դառնալ շահութաբեր ոլորտ։
-Այսօր կան մասնավոր ձեռնարկություններ, որոնք աշխատում են Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ։ Խնդիրն այն է, որ այդ ձեռնարկությունները մինչ օրս կատարել են միայն պաշտպանական բնույթի պատվերներ և չեն ջանացել ընդլայնել իրենց բիզնեսը քաղաքացիական նշանակության արտադրանքների արտադրությամբ, ինչը էապես խոչընդոտել է դրանց զարգացումը եւ բարգավաճումը։ Միջոցառումների ծրագրով խնդիր է դրված, որ նման ընկերությունները ունենան քաղաքացիական նշանակության արտադրանք և ռազմական պատվերները իրենց ֆինանսատնտեսական գործունեության ծավալում հասցնեն մինչև 30-20 տոկոսի՝ ի հաշիվ քաղաքացիական սեկտորի մեծացման, ինչը հնարավորություն կտա ունենալ մշտական աշխատանք և շարունակական գործունեություն։ Նշեմ նաև, որ 50 տոկոս եւ ավելի պետական բաժնեմաս ունեցող ՌԱՀ ընկերությունների ղեկավարումը եւ վերահսկողությունը վերապահված է պաշտպանության նախարարությանը, ինչն էլ հնարավորություն է տալիս տնօրինել շահույթի համապատասխան տոկոսը՝ ըստ բաժնեմասի և այն ուղղել ոլորտի զարգացմանը։
-Փորձենք համեմատել Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմաարդյունաբերական հնարավորությունները։
-Դրանք անհամեմատելի իրողություններ են։ Թեեւ գիտական մտքի եւ ռազմաարդյունաբերության կապը թուլացել է Հայաստանում, բայց մտավոր ներուժի առումով մենք անհամեմատ շահեկան վիճակում ենք։ Ադրբեջանը չունի մտավոր ռեսուրս եւ փորձում է բացը լրացնել օտարերկրյա գիտնականների օգնությամբ (Թուրքիա, Իսրայել, Հարավաֆրիկյան Հանրապետություն և այլն)։ Ադրբեջանը մեզ գերազանցում է ֆինանսական հնարավորություններով։ Մինչ օրս մենք կարողացել ենք մարտունակ վիճակում պահել մեր ռազմական տեխնիկան եւ ապահովել սպառազինության պատշաճ մակարդակ։ Նոր մարտահրավերները ստիպում են հիմնարար և համակարգային բարենորոգումներ իրականացնել ռազմաարդյունաբերության բնագավառում, ինչն էլ արտացոլվել է «ՀՀ ռազմաարդյունաբերության բարեփոխումների եւ զարգացման հայեցակարգում» եւ դրանցից բխող միջոցառումների ծրագրում։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #37 (953) 20.09.2012 – 26.09.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում