ԿԱՍՊԻՑ ԾՈՎՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է
2011թ. կեսից Ադրբեջանը կսկսի վերահսկել բոլոր այն նավերը, որոնք մտնում կամ դուրս են գալիս Կասպից ծովի ավազան: Այդ նպատակով արդեն իսկ Ադրբեջան է ներմուծվել հատուկ սարքավորում, որը ներառվելու է այսպես կոչված հսկողության հեռահար համակարգում: Վերջինս տիեզերական արբանյակի միջոցով արձանագրելու է նավերի արագությունն ու ուղղությունը, ինչպես նաև տեղեկություն է հավաքելու նավաբեռի մասին («apa.az», 02.02.2011):
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով, Ադրբեջանի` նման համակարգ ձեռք բերելը պայմանավորված է Կասպից ծովի բաժանման հարցում Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի և հատկապես Թուրքմենստանի հետ ունեցած խնդիրներով:
«Թվարկված բոլոր պետություններն էլ ձեռք են բերում հսկողության հեռահար համակարգեր: Լավ է զինվում հատկապես Թուրքմենստանը: Ընդհանրապես, մերձկասպյան պետությունների հարաբերություններում նկատելի է վատ քողարկված լարվածություն»,– ասում է Ա.Հովհաննիսյանը:
Ըստ նրա` չի բացառվում, որ ոչ հեռու ապագայում մերձկասպյան որոշ պետությունների միջև հակամարտություն բռնկվի: Դրան նպաստում է պայքարը հանուն կասպիական նավթի. «Աշխարհում նավթի սպառումն աճում է, իսկ Ադրբեջանի նավթամուղները կիսադատարկ են գործում»,– ասում է փորձագետը: