Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ



«Ազատությունը և անկախությունը լոկ գեղեցիկ խոսքեր չեն, գործնականորեն կենսական ու անհրաժեշտ են Մարդու, Հայ մարդու, հանրության ու ազգի համար»: Այս խոսքերը պատկանում են հայ ազատագրական շարժման ռահվիրաներից Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանին:

Պատմական սկզբնաղբյուրներում «անմահության երկիր», «աստվածային սուրբ օրինաց երկիր», «աստվածների կաճառ» և այլ պատվանուններով հայտնի Հայկական լեռնաշխարհի իսկական բնիկ տիրոջ` հայի համար իր երկրի ու ժողովրդի ազատությունն ի սկզբանե բացարձակ արժեք էր: Այս իրողությունները հաստատող վկայություններն անհամար են։ Մենք՝ հայերս, հաստատապես գիտենք, որ Հայկ նահապետի տոհմն ու նրան հաջորդած մեր բոլոր սերունդները միշտ էլ «կա՛մ հաղթություն, կա՛մ հաղթական մահ» անխախտելի սկզբունքով պայքարել են հանուն հայրենիքի ազատության:

Իրավամբ հայ ժողովրդի պատմությունը հանուն ազատության մղվող պայքարի պատմություն է: Այդ պայքարը փոփոխական հաջողություններով շարունակվել է դարեր ու հազարամյակներ, ուժեղացել է կամ թուլացել, բայց երբեք չի դադարել: Մեր արքայական ու նախարարական տները, իսկ ավելի ուշ շրջանում` ազգային առաջնորդները, թիկունքում ունենալով համազգային աջակցություն, իրար են փոխանցել հայ ինքնության և ոգու դրոշը: Անդադար պայքարի ընթացքում կռվել են ու նաև` բանակցել, կառուցել են ու նաև արարել, արդյունքում՝ մեզ ժառանգություն են թողել անկրկնելի արվեստ ու մշակույթ, որը մինչ օրս հիացնում ու զարմացնում է քաղաքակիրթ մարդկությանը:

Ֆրանսիացի պատմաբան ու հնագետ Ժակ դը Մորգանի բնորոշմամբ՝ հայը միշտ էլ «Եղել է արժանավոր և դյուցազնական: Արժանավոր, որովհետև հայ ժողովուրդը` հակառակ իր ծով դժբախտություններին, ամրորեն կառչած է մնացել իր հավատքին, իր լեզվին, իր սովորություններին: Դյուցազնական, որովհետև Հայաստանը չի գոհացել արցունք թափելով, այլ բազմաթիվ պարագաներում վիրավորված զգալով իր ամենաթանկագին զգացմունքների մեջ, զենք է վերցրել և արյան գնով հատուցել իր հոգվույն ըմբոստությունը»:

Քսաներորդ դարի վերջին այս ճշմարտությունը նորից փորձարկվեց: Ճակատագիրը վերստին լրջագույն մարտահրավեր նետեց հայ ժողովրդին: Այդ դարաշրջանին նախորդած մի քանի հարյուրամյակներն այնքան փորձություններ ու հալածանքներ բերեցին հայությանը, որ թվում էր, թե վիճակն անհույս է: «Իր նահատակների դեմ մեղանչող ժողովուրդը մեղանչում է իր ապագայի դեմ…»,- սրանք մեծն Գարեգին Նժդեհի հանճարեղ խոսքերն են, որոնք ինչ-որ առումով նաև զգուշացում էին գալիք սերունդներին: Զգուշացումը զգուշացում, բայց Նժդեհը միաժամանակ մեծ հավատով էր լցված հայության ապագայի նկատմամբ ու բազմիցս արտահայտվել է այդ մասին: Ահավասիկ դրանցից մեկը. «Չէ, չէ, Մասիսը-հայոց ցեղասպանության հրաբուխը-դեռ չէ շիջած, նո՛ր, մենք նո՛ր ցեղաշարժերի կսպասենք…Եվ կհաղթանակենք, քանզի ցեղի աստվածները-Հայկ ու Վահագն-պիտի բարձրացնեն շանթընկեց մեր բազուկը և վարեն մեր հարվածները»:

Հազարամյակների բովով անցած հայությունը կարողացավ արժանապատվորեն շարունակել Հայկյան աղեղի ահեղ շառաչով սկսված ազատատենչ ուղին, կամքի գերագույն լարումով դիմագրավեց անցնող դարի նետած մարտահրավերները, և 20 տարի առաջ` 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, հռչակեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Այսօր առավել քան խորհրդանշական է, որ Հայաստանի ու Արցախի սահմանների անառիկությունն ու անձեռնմխելիությունը պաշտպանում են հենց անկախության ընդունման պատմական տարիների ծնունդ հայ պատանիները, զավակները նրանց` ովքեր կերտեցին ու արյան գնով պահեցին հաղթանակը: Սահմանների այդ անսասանությունը վկայում է անկախության սերնդի վճռականության, իսկ անհրաժեշտության դեպքում` կործանիչ հարված հասցնելու ունակության մասին: Քանզի գաղտնիք չէ, որ թուրքն ու նրա վատթարագույն տարատեսակը` «ադրբեջանցի» կոչեցյալը, եթե փոքր-ինչ հնարավորություն ունենային, ապա վաղուց էին անցել Ռուբիկոնը: Սակայն այդ անելու համար նրանց չի բավարարում ո՛չ ուժը, ո՛չ հմտությունն ու կարողությունները, և ո՛չ էլ, առավել ևս` համարձակությունը: Քանզի այդ ցեղը պատմությանը հայտնի է միայն անզեն ու անպաշտպան ծերերի և մանուկների սպանությամբ, անսանձ վայրագություններով ու խոշտանգումներով, բարբարոսությամբ ու ավեր-թալանով:

Ազատության բացարձակ ըմբռնումն արդ խոր արմատներ է գցել հայի գիտակցության մեջ։ Մենք լավագույնս սերտել ենք պատմության Նժդեհյան բառապաշարով արտահայտած «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով» դասը: Եվ այսօրվա անկախությունը հենց զենքի զորությանը ապավինած բազում հայկազունների հայրենապաշտության դրսևորման արդյունք է:

Պատմության դասերը կոփել են մեր ազգային ինքնագիտակցությունն ու պայքարելու կամքն ու սովորեցրել մի պարզ ճշմարտություն. հույսը երբեք չդնել օտարների ողորմածության վրա, վստահել միայն սեփական ուժերին: Մենք համոզվել ենք, որ քսանմեկամյա մեր անկախության գլխավոր նվաճումը հայոց բանակն է, բանակ, որը հանդիսացավ այդ նույն անկախության ձեռքբերման ամենամեծ գրավականը, ու արդ` հաջողությամբ շարունակում է իր առաքելությունը որպես մեր երկրի ու ժողովրդի պաշտպանության ու անվտանգության ապահովման, հայության ապագայի ու զարգացման երաշխիք:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #37 (953) 20.09.2012 – 26.09.2012, Բանակ և հասարակություն


26/09/2012