Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ 15-ՐԴ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱՅԻ ՄԵԿՆԱՐԿԸ



Սեպտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հանդիսավոր պայմաններում մեկնարկեց համաբանակային հոբելյանական 15-րդ սպարտակիադայի եզրափակիչ երրորդ փուլը։ Ավելի քան 400 զինծառայողներ, որոնք լավագույնն են ճանաչվել ներզորամասային և ներզորամիավորումային մրցումներում, 10 մարզաձևերում` ռազմամարզական քառամարտ, ռազմամարզական եռամարտ, ռազմականացված կրոսավազք, հրաձգություն ինքնաձիգից, բազկամարտ, կշռաքարերի բարձրացում, ուժային եռամարտ, պարանի ձգում և սպարտակիադայի ծրագրում առաջին անգամ ընդգրկված ռազմամարզական կողմնորոշում և փոխանցումավազք, հինգ օր շարունակ կորոշեն ուժեղագույններին։

Ժամը 11- ին ՀՀ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի հնչեցրած «Հայկական բանակ» երգի երաժշտության ներքո քառաշարք, խրոխտ քայլքով առաջինը Հանրապետական մարզադաշտ մտան 1-ին բանակային զորամիավորման մարզիկները։ Զորամիավորումը մշտապես աչքի է ընկել մարզական մեծ ավանդույթներով ու հաջողություններով։ Զինծառայող մարզիկները պատվով են հանդես եկել ինչպես ՀՀ ԶՈՒ, այնպես էլ ԱՊՀ երկրների ԶՈՒ սպարտակիադաներում։ 2011-ին ԱՊՀ 8-րդ սպարտակիադայում 12798 զորամասի զինծառայող շարքային Արման Մինասյանը հրաձգությունից գրավեց 2-րդ մրցանակային տեղը։

Այնուհետև փոխգնդապետ Կ. Ներսիսյանի գլխավորությամբ մարզադաշտ մտան 2-րդ բանակային զորամիավորման զինծառայողները։ Զորամիավորումը մշտապես աչքի է ընկել ստորաբաժանումների կազմով մրցումներում` արդեն երկրորդ տարին անընդմեջ 75937 զորամասի վաշտը «Լավագույն վաշտ 10 կմ երթարշավ» անվանակարգում գրավում է առաջին տեղը։ Ի դեպ, երկրորդի հավաքականում է հանդես գալիս ՀՀ ԶՈՒ համաբանակային բոլոր սպարտակիադաների կշռաքարերի բարձրացում մարզաձևի բազմակի հաղթող մայոր Կ. Խաչատրյանը։

ՀՀ ԶՈՒ պատիվը Օդեսայում և Ալմաթիում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների սպարտակիադաներում մշտապես բարձր են պահել ու մրցանակային տեղեր են գրավել և անգամ հաղթող են դարձել հենց 3-րդ բանակային զորամիավորման զինծառայողները, որոնք ի դեպ ակտիվ մասնակցություն են ունենում նաև մարզում կազմակերպվող մարզական միջոցառումներին։

Հաջորդը մարզադաշտ մտան 4-րդ բանակային զորամիավորման մարզիկները, որոնք սպարտակիադաներում աչքի են ընկել հատկապես խաղային մարզաձևերում։ Զորամիավորման ընտրանին համաբանակային սպարտակիադաների կրկնակի հաղթող և արծաթե մեդալակիր է, իսկ 2012թ. «Լավագույն վաշտ 10 կմ երթարշավ» անվանակարգում զորամիավորման կազմի մեջ մտնող վաշտերից մեկը գրավել է երկրորդ տեղը։

Երևանի թիմը, որ ամենաներկայացուցչականն է` խաղաղապահ և հատուկ նշանակության բրիգադներ ու Երևանի կայազորի այլ զորամասեր, հանդիսանում է «Լավագույն վաշտ 5 կմ երթարշավ» անվանակարգում մրցաշարի եռակի հաղթող։ Մայրաքաղաքի թիմում է հանդես եկել 2003թ. բազկամարտի Եվրոպայի չեմպիոն շարքային Վ. Սեդրակյանը։ Այս զորամիավորումում է ծառայել ուժային եռամարտի ԶՈՒ բազմակի հաղթող և ներկայիս ռեկորդակիր ավագ լեյտենանտ Ս. Ասատուրովը։

Համաբանակային սպարտակիադաներին ամենաակտիվ մասնակցություն է ունեցել և մշտապես մրցանակային տեղեր է գրավել ՊԲ հավաքականը, որի մարզիկները աչքի են ընկնում հատկապես հրաձգություն մարզաձևից։ ՊԲ շարքերում է հանդես գալիս զինված ուժերի քառամարտի ռեկորդակիր շարքային Ս. Հարությունյանը։

Համաբանակային սպարտակիադաներում ուսումնական զորամասերի թիմը աչքի է ընկել ֆուտբոլ մարզաձևից՝ մշտապես գրավելով մրցանակային տեղեր։ Ի դեպ, այս թիմի կազմում է հանդես գալիս 1000 և 3000 մ վազքից ՀՀ ուսանողական խաղերի ռեկորդակիր կուրսանտ Հ. Հարությունյանը։

Համաբանակային սպարտակիադայում առաջին անգամ առանձին թիմով հանդես է գալու Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, որի կազմում է ԶՈՒ 3000 մ վազքի ռեկորդակիր փոխգնդապետ Միկոյանը։

Երբ սպարտակիադայի մասնակիցները շարվել էին հանդիսավոր տողանի, ի պատիվ հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների, հայտարարվեց լռության րոպե։ Մինչ մրցումների մեկնարկը, գեներալ-լեյտենանտ Հ. Բաղմանյանը պաշտպանության նախարար Ս. Օհանյանի անունից մրցանակներ ու պարգևներ հանձնեց 2012թ. մարզական բարձր ցուցանիշների հասած ըմբիշներին ու ձյուդոյիստներին։ Այնուհետև, գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հ.Բաղմանյանի հրամանով՝ մարզադաշտ բերվեց համաբանակային սպարտակիադայի դրոշը, որն ի դեպ առաջին անգամ էր ներկայացվում հանրությանը։ Այն բերելու պատիվը տրվեց ՊՆ ֆիզիկական պատրաստության բաժնի հիմնադիր երախտավորներ պահեստազորի սպաներ գնդապետ Ն. Եղոյանին, փոխգնդապետներ Ս. Գրիգորյանին, Գ. Մարգարյանին և Մ. Խաչատրյանին։ Համաբանակային սպարտակիադայի դրոշը բարձրացնելու պատիվը տրվեց ԱՊՀ մասնակից պետությունների 9-րդ սպարտակիադայի մրցանակակիրներ կրտսեր սերժանտ Շ. Աթյանին, շարքայիններ՝ Ս. Հովհաննիսյանին, Ռ. Ռամազյանին, Տ. Վարոսյանին և Տ. Անտոնյանին, որից հետո շքերթի հրամանատարը գլխավոր շտաբի պետի տեղակալին զեկուցեց, որ մասնակիցները պատրաստ են սպարտակիադայի բացման արարողությանը։ Վերջինս զեկույցն ընդունելուց հետո ողջունեց մասնակիցներին և համաբանակային 15-րդ սպարտակիադան հայտարարեց բացված։

Համաբանակային 15-րդ սպարտակիադայի հանդիսավոր բացման ավարտը իր կատարումներով եզրափակեց ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մայոր
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Մայոր

Խորագիր՝ #38 (954) 27.09.2012 – 3.10.2012, Ազգային բանակ


03/10/2012