ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ՎԵՐ ՈՒ ՎԵՀ
Աշնան առավոտի հետ բացում ես աչքերդ, և հոգումդ ծնվում է մի չգրված, չերգված, թվում է՝ երբևէ չասված մի խոսք։ Բացվող օրվա կապույտը հեռու սարերում խառնվել է աղբյուրների ջրերին, և ակունքներից կապույտ է հորդում, երկնքից կապույտ է թափվում, և կապույտ է լցվում Հայաստան աշխարհի վրա՝ քարին ու ծաղկին, սարին ու դաշտերին։ Քարը խաչքար է դառնում՝ ասեղնագործ, լուսե պատկերներով և կախվում քարափներից, Հայաստան աշխարհի երկնակամարից…
Հայոց լեռնաշխարհում նորից աշուն է՝ ոսկեհեր, դեղնաթախիծ աշուն։ Աշուն, որն իր հետ բերեց մեր Անկախության 21-րդ տարին։ Որքան էինք սպասել այս օրվան, երազել։ Կորցրել էինք, գտել, նորից կորցրել, ու դարերով բացված երակի նման հոսել է Արաքսը, ամեն տարվա հետ բուժելով ու բացելով մեր ժողովրդին բնորոշ հոգեբանական նորանոր ծալքեր։
Նորից եկել է ցավն ամոքելու ժամանակը։ Արդեն 21 տարի ընթանում ենք այդ ճանապարհով։ Այս տարիների ընթացքում քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ այն դարձել է առու, բացել-գտել է իր հունը։ Դա է պատմության ճշմարտությունը, այդպես պետք է լինի, որովհետև Անկախությունն այս անգամ նվեր չէր, այլ՝ նվաճում, և արքայական ծիրանին այս անգամ օտարը չգցեց մեր արքայի ուսին, այլ՝ ժողովուրդը, հայ ժողովուրդը։ Եվ դա արեց տանելով հազար ու մի զրկանք, վիշտ, կորուստ, զգալով, որ Եռագույնի ծփանքում փողփողացող գույները նաև ունեն արյան համն ու գույնը…
Եվ երկիրը գտել է իր ճանապարհը՝ արդեն 21 տարի մենք քայլում ենք Անկախության մե՛ր ճանապարհով։ Եվ ամեն օր, առավել ևս այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, մեր հայացքը գցում ենք մեր հոգու խորքը, մեր հոգու երկիրը, մեր հոգու սահմանները, որտեղ կանգնած է հայոց բանակի Զինվորն ու Զորականը՝ մեր Անկախության պահապանը…
…Այս խոհերը, մտորումները չծնվեցին իմ հոգում, այլ այս մտքերը, խոսքերը ես լսեցի՝ մասնակցելով գնդապետ Ա. Մելիքյանի հրամանատարությամբ գործող զորամասում տեղի ունեցած Անկախությանը նվիրված միջոցառմանը։ Ավելի ճիշտ՝ դա միջոցառում չէր, այլ միջոցառումների ծրագիր։ Զորամասի դահլիճում Վազգեն Ա Վեհափառի անունը կրող Երևանի թիվ 168 դպրոցի (տնօրեն՝ Սոնա Գալստյան) աշակերտական խորհուրդը դպրոցի 7-րդ դասարանցիների հետ (դասղեկ՝ Մարինե Մնացականյան) հումոր-երգիծանքով, մեր դասական բանաստեղծների ստեղծագործություններով ռազմահայրենասիրական մեծ ոգևորություն էր առաջացրել։ Ջերմ, ոգևորիչ մթնոլորտ էր դահլիճում։
Այնուհետև ժամանեցին վետերանների խորհրդի անդամները։ Խորհրդի նախագահ Ս. Մարգարյանը շնորհավորելով Անկախության տոնի առթիվ, ասաց.
-Իմ քաջ ժողովրդի քաջարի զինվորներ։ Մենք անցել ենք պատերազմական ծանր ճանապարհ, հաղթեցինք ինչպես և դուք։ Տվեցինք և՛ զոհեր, և՛ հերոսներ, ինչպես և դուք։ Փա՛ռք մեր բանակին, փառք մեր ժողովրդին։ Եթե հարկ լինի՝ նորից կտոնենք նոր հաղթանակներ։
Վետերանները զորամասի գրադարանին նվիրեցին պատերազմական թեմաներով գրականություն, իսկ զորամասի կողմից ինչպես դպրոցականները, այնպես էլ վետերանները ստացան Նոր կտակարաններ։
Անկախությանը նվիրված կարևոր և տոնական միջոցառումը կայացավ զորամասի շարային հրապարակում։ Զինվորները բարձր տրամադրությամբ երգեցին մեր պետական օրհներգը։ Այնուհետև զորամասի հրամանատար գնդապետ Ա. Մելիքյանի զեկույցից հետո զինվորներին, վետերաններին, դպրոցականներին շնորհավորանքի, ողջույնի խոսք ասաց գեներալ-մայոր Ա. Կարապետյանը.
-Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ, մեր բոլոր ստորաբաժանումներին, ովքեր իրենց ծառայությունն են անցկացնում սահմանամերձ հատվածներում։ Պաշտպանենք մեր այս փոքրիկ երկիրը, սիրենք և զորացնենք այն։ Ապագան նրանն է, ով հզոր է։
Զորամասի հրամանատարի, հոգևոր սպասավոր Միքայել սարկավագ Հակոբյանի, զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Է. Բաղդասարյանի ողջույնի շնորհակալական խոսքից հետո Անկախության հռչակման 21-ամյակի առթիվ մարտական պատրաստության և կարգապահության, զինված ուժերում օրինակելի և բարեխիղճ ծառայության համար պաշտպանության նախարարի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, ինչպես նաև զորամասի հրամանատարի կողմից մի խումբ զինծառայողներ պարգևատրվեցին։ Պարգևները հանձնեցին գեներալ-մայոր Ա. Կարապետյանը, զորամասի հրամանատար գնդապետ Ա. Մելիքյանը։ Տոնական միջոցառումը անցավ բարձր մակարդակով, և կարելի է գովեստի շատ խոսքեր գրել ինչպես զորամասի հրամանատար գնդապետ Ա. Մելիքյանի, ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Է. Բաղդասարյանի և բոլոր սպաների մասին։ Տեղին է մեջբերել փոխգնդապետ Է. Բաղդասարյանի ելույթից Գարեգին Նժդեհի այս խոսքերը. «Չի կարելի հաղթել պատերազմ, բանակում չունենալով հանճար հերոսներ, մարդիկ, ովքեր խելացի են ու հայրենիքը դասում են ամեն ինչից վեր, չխնայելով անգամ սեփական կյանքը։ Ահա այսպիսի մարդիկ են դառնում ազգի հերոսներ»։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ