Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՈՒՂԻՆ



Իրադարձություններ են լինում ժողովուրդների կյանքում, որոնք կանխորոշում են նրանց հետագա ճակատագիրն ու դառնում ապագայի հենասյունը: Այսպիսի մեծ ու կարևոր իրադարձություն էր 70-ամյա ընդմիջումից հետո Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը:

Իր գոյության ողջ ընթացքում հայ ժողովուրդը միշտ էլ խորապես գիտակցել է, որ ամենամեծ արժեքն Անկախությունն է: Անկախության ձգտումը ծնվել է հայի ինքնության գիտակցության առաջին իսկ օրվանից, որի համար նա պայքարել է հարյուրամյակներ շարունակ:

Հայ ժողովուրդը ստիպված է եղել բազմիցս անցնել դեպի անկախություն տանող փշածածկ ճանապարհով` հաճախ գիտակցելով, որ կենաց ու մահու կռիվ է տալիս ոչ միայն անկախության, այլ իր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար: Անկախության համար մեր պայքարը շարունակվեց նաև 20-րդ դարավերջին: Այս անգամ, սակայն վտանգված էր ոչ թե մեր ֆիզիկական գոյությունը, այլ ազգային ինքնությունը: Մենք գիտեինք, որ անկախության ճանապարհը լինելու է զրկալից ու կորստաշատ, սակայն ազգովին ու գիտակցաբար ընտրեցինք այդ դժվարին ուղին, որով մեկ անգամ արդեն անցել էինք դարասկզբին` 1918 թվականի մայիսի 28-ին` կերտելով ազատ, անկախ պետություն, որը, ցավոք, գոյատևեց ընդամենը երկու եւ կես տարի:

Այնուհետև թևակոխեցինք պատմության նոր փուլ` խորհրդային ժամանակաշրջան, երբ ունեինք կենտրոնից կախված պետություն` զուրկ հայի հոգեկերտվածքին բնորոշ ազատությունից ու անկախությունից: Իսկ այսպես հայը երկար ապրել չէր կարող: Եվ բնավ էլ պատահական չէր, որ ժողովուրդների ազգային ինքնուրույնության ու ազգային զարթոնքի առաջին ղողանջը հնչեց հայի շուրթերից: Հայ ժողովուրդը ԽՍՀՄ-ում առաջիններից մեկն էր, ով փորձեց պահանջել, որպեսզի իրագործվի ազգերի ինքնորոշման իրավունքի մասին կարգախոսը:

Եվ սկսվեց պայքարը հանուն Անկախության: Ի սկզբանե մենք հաստատակամ էինք մեր նպատակի իրագործման հարցում. վկան` 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեն. բնակչության 94 տոկոսը քվեարկեց հօգուտ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու, հօգուտ Անկախության: Կատարվեց հայ ժողովրդի վաղեմի երազանքը, իրականություն դարձավ անկախ պետություն ունենալու նրա դարավոր ձգտումը:

Բավականին բարդ իրադրության մեջ ձևավորված Հայաստանի անկախ Հանրապետությունը շրջադարձային նշանակություն ունեցավ Հայոց պատմության մեջ` դառնալով մերօրյա հայկական պետականության ձևավորման հիմքը:

Սակայն նորաստեղծ պետության փխրուն ուսերին շատ ծանր բեռ էր դրված: Անկախությունը երբեք մեզ հեշտ չի տրվել, այն միշտ ձեռք ենք բերել արյան գնով: Այս անգամ էլ ստիպված էինք մարտադաշտում հաստատել անկախ ապրելու մեր իրավունքը` դիմակայելով ադրբեջանական արյունատենչ գրոհայինների զինված հարձակումներին: Գիտակցելով, որ անկախության դիմաց հատուցելու ենք, ստիպված ենք լինելու դիմակայել կենցաղային անօրինակ դժվարությունների ու ֆիզիկական վտանգների, մենք ընտրեցինք դժվարին ուղին` Արցախի ազատագրության գաղափարը դարձնելով իրագործելի երազանք: Ազատության մեր ձայնը լռեցնելու համար մեր գլխին Սումգայիթ սարքեցին, որ մենք «դասեր առնենք»: Ու երբ ըմբոստացում չկար աշխարհի կողմից, մենք ստիպված ելանք ու զենք վերցրինք: Ազատության խաղաղ կանչը վերածվեց արյունահեղ հերոսամարտի: Ոտքի ելավ հայ ժողովուրդը` պայքարելու ազատ ապրելու իր իրավունքի համար:

Անգամ ահեղ երկրաշարժը չկարողացավ կոտրել հայի կամքը, չսպանեց անկախ երկիր ունենալու նրա վաղեմի երազանքը: Վերահաս աղետն ու բազում դժվարությունները անզոր էին և չէին կարող մարել հայի հոգում ծնունդ առած ազատության ձգտումը: Հանուն ազատության վեհ գաղափարի մենք պատրաստ էինք դիմակայելու ցանկացած արհավիրքի:

Ադրբեջանի հետ պատերազմող մեր նորանկախ երկրի համար առաջնահերթ խնդիր էր ուժեղ ու մարտունակ բանակ ունենալը: Այս նպատակով հանրապետության նորընտիր կառավարությունն ընդունեց պատմական որոշում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», որով իրավաբանորեն ազդարարվեց հայոց բանակի ստեղծումը: Արյան կանչով, ինքնապաշտպանության բնազդով ստեղծվեց մեր բանակը: Ստեղծվեց, բազում փորձությունների ենթարկվեց, թրծվեց, կոփվեց ու ամրացավ և հրաշքներ գործեց մեր գոյատևումն ապահովելու համար` դառնալով Արցախյան գոյամարտի փառապանծ հաղթանակի երաշխավորը: Մեր ազգային բանակը հարթեց անկախության ճանապարհը, ամրապնդեց ու իրականություն դարձրեց ազատ ու անկախ Հայաստան ունենալու մասին մեր երազանքը ու թշնամուն պարտադրեց խաղաղություն:

Սակայն հրադադարի հետ հանուն խաղաղության մեր պայքարը չի ավարտվել: Անկախությունն ու խաղաղությունը մշտապես պաշտպանության կարիք ունեն: Հայոց աշխարհի փխրուն խաղաղության պաշտպանն այսօր Հայոց բանակն է: Հայոց բանակն է մեր պետականության հարատևման, անկախության պահպանման, ժողովրդի ազատ, ինքնիշխան հավերժումի ամուր և հուսալի երաշխավորը: Ուստի ինչքան հզոր ու մարտունակ լինի մեր բանակը, այնքան ավելի պաշտպանված կլինեն մեզ համար չափազանց կարևոր այս արժեքները:

Այսօր մեր անկախ պետությունը 21 տարեկան է: Եկեք շնորհավորենք միմյանց այս կարևոր տոնի կապակցությամբ ու ամեն մեկս մեր չափով նպաստենք մեր անկախ երկրի հզորացմանը` հանուն անկախության կերտման ճանապարհին նահատակված մեր բազում արիասիրտ հայորդիների:

ԵՎԱ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ

Խորագիր՝ #38 (954) 27.09.2012 – 3.10.2012, Բանակ և հասարակություն


03/10/2012