ԱԼԻԵՎԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԶՐՈՅԻ ՀԱՎԱՍԱՐ
Հաճախակի են դարձել քաղաքական կանխատեսումներն այն մասին, որ Ադրբեջանում հեղափոխություն է սպասվում: Նման տեսակետ արտահայտվում է նույնիսկ թուրքական լրատվամիջոցներում: Օրերս թուրքական «Ջումհուրիեթ» թերթն Ադրբեջանի իշխանություններին քննադատող հոդված հրապարակեց: Թերթի թղթակից Մինե Քըրըքքանըթը հոդվածում անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջերս Բաքու կատարած այցին, որտեղ նա մասնակցել է երկու երկրների ռազմավարական համագործակցության խորհրդի երկրորդ նիստին: Լրագրողը հիշեցրել է, որ նման հարաբերություններ ոչ վաղ անցյալում Թուրքիան ունեցել է նաեւ Սիրիայի հետ: Այսինքն` Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունը հեշտությամբ կարող է փոխվել թշնամության, և Ադրբեջանը բացառություն չէ: Մանավանդ, որ կան այլ զուգահեռներ ևս. Ադրբեջանում նույնպես իշխանությունը ժառանգաբար է փոխանցվում, կոռումպացված է եւ կաշառակեր, մշտապես կեղծվում են ընտրությունները: Թերթը հիշեցրել է Ադրբեջանի իշխող կլանի ապօրինի բիզնես գործունեությունն ինչպես երկրի սահմաններում, այնպես էլ արտասահմանում, օֆշորային գոտիներում նրա կողմից կատարվող մեքենայությունները եւ նշել, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը «իսլամական գարունից փախչող վերջին բռնապետերից է»:
Այս կանխատեսումներն ունեն օբյեկտիվ հիմք. Ադրբեջանի բնակչության մեծ մասը սոցիալական ծանր վիճակում է, ինչը իշխանությունը ամեն կերպ փորձում է թաքցնել: Օրինակ` Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` այդ երկրում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2012 թ.-ի հուլիսի սկզբին կազմել է 245 382 մարդ: Մինչդեռ փորձագետները չեն վստահում այդ տվյալներին, որոնք Պետվիճկոմի կողմից մշակվել են Ադրբեջանի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարության զբաղվածության կենտրոններ դիմած մարդկանց թվաքանակի հիման վրա, ինչը չի կարող արտացոլել գործազրկության իրական պատկերն Ադրբեջանում: Ադրբեջանի տնտեսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գալիբ Թողրուլը ասում է. «Աշխատանք փնտրող մարդիկ հիմնականում չեն դիմում զբաղվածության կենտրոններ, որտեղ առաջարկվող աշխատանքը ցածր վարձատրվող է եւ չի համապատասխանում նրանց մասնագիտական ունակություններին: Բացի այդ, իրական գործազրկության մակարդակն Ադրբեջանում երեք անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները եւ կազմում մոտ 1 մլն մարդ»:
Թողրուլը գտնում է, որ Պետվիճկոմը պարտավոր է գործազուրկների շարքը դասել նաեւ հարյուր հազարավոր մարդկանց, որոնք ագրարային բարեփոխումների ժամանակ անհաջող հողակտորներ են ստացել եւ չեն կարողանում մշակել դրանք: «Հողը բաժանել են կոլտնտեսությունների նախագահները, որոնք լավագույն եւ բնակության վայրին մոտ հողակտորները հատկացրել են իրենց ազգականներին եւ նրանց, ումից կաշառք են ստացել: Սակայն հարյուր հազարավոր ընչազուրկ գյուղացիներ այնպիսի հողակտորներ են ստացել, որոնք հեռու են բնակավայրերից, մշակելու ենթակա չեն, կամ էլ չեն մշակվում ջուր եւ ոռոգման համակարգեր չլինելու պատճառով», -ասել է ադրբեջանցի փորձագետը:
Անհիմն չէ այն ենթադրությունը, որ Ադրբեջանի նախագահը, շատ լավ տեղյակ լինելով երկրում հասունացող դժգոհության մասին, ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից գնել է հենց այն նպատակով, որ միավորի հասարակությանը և երկրի ներսում բարձրացնի իր հեղինակությունը: Որոշակի արդյունքի նա հասել է. Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները միացել են իշխանությանը` բողոքելով Սաֆարովի արտահանձնման պատճառով Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի դեմ:
Սակայն միջազգային ասպարեզում Ադրբեջանի նախագահի հեղինակությունը կտրուկ ընկել է, եթե չասենք` զրոյի է հավասարվել: Վերլուծաբանները քննարկում են, թե սրա հետևանքով Ադրբեջանն ի՞նչ զիջումներ է ստիպված լինելու անել: Պատահական չէ, որ ըստ մի շարք լրատվամիջոցների` Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության շրջանում հակասություններ են առաջացել: Մասնավորապես, ինչպես հաղորդում է ուկրաինական «Fraza.ua»-ն, Սաֆարովին ներում շնորհելու դեմ հանդես եկող և իշխող խմբին նման քայլի հնարավոր բացասական հետևանքների մասին զգուշացնող Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և նախագահ Իլհամ Ալիևի միջև: Ի դեպ` այդ հակասությունը նոր չի առաջացել. մեկ անգամ չէ, որ վերլուծաբանները նկատել են, թե ինչպես է ադրբեջանական պետության ղեկավարը հանդես գալիս ռազմական բյուջեի ընդլայնման և Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին հայտարարությամբ, իսկ մի քանի օր անց ԱԳ նախարարը խոսում է հակամարտության խաղաղ կարգավորման մասին: Բավական է հիշել Ադրբեջանի ԱԳՆ այն մեկնաբանությունը, որ Ադբեջանը թշնամական վերաբերմունք չունի հայերի հանդեպ, ինչը հակասում է Իլհամ Ալիևի ասածին, թե ամբողջ աշխարհի հայությունը Ադրբեջանի «համար մեկ թշնամին է»:
ՍՈՍԿԱԼԻ ԲԱՐՔԵՐ
Ադրբեջանի նախագահը տականքին հերոսացնելու միջոցով փորձեց բարձրացնել իր հասարակության և զինված ուժերի մարտական ոգին, սակայն հատկապես ադրբեջանական բանակում սոսկալի բարքեր են տիրում: Պարզվում է, որ զորացրվող զինծառայողներից հրամանատարությունը 20-ական մանաթ «ազատության հարկ» է պահանջում: Այս մասին հայտնում է ադրբեջանական «veteninfo. az» լրատվական կայքը: Զինվորներից մեկը, ով խնդրել է չհրապարակել իր անունը, հայտնել է, որ զորացրման ժամանակ իրենց զորամասի հրամանատար Էթիբար Օրուջեւը 72 զորացրվող զինվորներից 20-ական մանաթ «ազատության հարկ» է հավաքել, եւ այդ դրամահավաքը կրկնվում է յուրաքանչյուր զորացրման ժամանակ: Նրա խոսքով, զորամասի շտաբի պետ Բահրուզ Հուսեյնովն էլ բոլոր զորացրվողներից հավաքում է բջջային հեռախոսները եւ դրանք չի վերադարձնում, մինչեւ յուրաքանչյուր զինվորից չի ստանում 10 մանաթ արժողությամբ SIM քարտ: Զինվորը պատմել է, որ վերջերս իրենց զորամասում ծառայող Սախավաթ Աբբասովը գնդակահարել է իր ծառայակցին: Փաստի առնչությամբ քրեական գործ չհարուցելու դիմաց զորամասի հրամանատարը նրանից «Վինչեսթեր» տեսակի հրացան է պահանջել: Զինվորի խոսքով` մի գումարտակից մյուսը փոխադրվելու համար զինվորից մինչեւ 700 մանաթ փող են պահանջում:
Հարց է ծագում` ա՞յս բարոյականությամբ հրամանատարներն են պատերազմի ելնելու Արցախի և Հայաստանի դեմ, ա՞յս զինվորներն են կռվելու Ալիևի համար: Բայց չէ՞ որ ադրբեջանական բանակում ավելի սարսափելի բաներ են կատարվում:
Վերջին շրջանում ադրբեջանական ԶԼՄ-ներում հաճախակի են դարձել տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական բանակում զինվորները զորամասերում մահացու խոշտանգումների եւ ծեծի են ենթարկվում, իսկ կտտանքների հետեւանքով զոհված զինակոչիկների ներքին օրգանները հանվում եւ վաճառվում են:
Ադրբեջանական բանակում սպանված զինվոր Իսմայիլ Իբաեւի հարազատները պնդում են, որ նրա դիակում չեն եղել ներքին օրգանները: Նրանք այդ մասին հայտարարել են Բաքվի մեդիա կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Իբաեւը բանակ է կանչվել 4 ամիս առաջ եւ ծառայել է Նախիջեւանի զորամասերից մեկում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով` Իբաեւն օգոստոսի 1-ին ինքնասպանություն է գործել` ծառայողական զենքով կրակելով գլխին: Սակայն զինվորի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք համոզված են, որ իրենց որդին սպանվել է` նրա ներքին օրգանները վաճառելու նպատակով: Զինվորի մայրը հայտարարել է, որ մոբիլիզացիայի ծառայության եւ Ջաբրայիլի գործադիր իշխանության ղեկավարները զինվորների ծնողներին փող են առաջարկել, որպեսզի վերջիններս լռեն:
Մամուլի ասուլիսին հեռախոսակապով միացել է ներկայումս Ֆրանսիայում բնակվող Ռահիմ Նամազովը, որը զինծառայող եղած ժամանակ Նախիջեւանի դատախազ Յաշար Հասանովի վարորդն է եղել: Նամազովը հաստատել է, որ Նախիջեւանում զինվորների ներքին օրգանները հանելու դեպքեր եղել են: Նրա խոսքով` մի օր հարբած Հասանովն իրեն ասել է. «Երեկ ես չկարողացա նորմալ քնել, երազում տեսա մի զինվորի, որը պահանջում էր վերադարձնել իր երիկամները, կարծես զգում էր, որ դրանք ինձ մոտ են»: Նամազովը նաեւ հայտարարել է, որ նման դեպքերի մասին իրեն պատմել է Գյանջայից մի սպա եւս:
Ադրբեջանական բանակում հալածվում են ոչ միայն զինվորները, այլև երիտասարդ սպաները, նրանք, ովքեր պետք է դառնան բանակի ապագա հրամանատարները:
Բաքվի բնակչուհի Լաթիֆա Բադալովան էլ «Ազադլիգ» թերթին պատմել է, որ իր հանգուցյալ որդին` լեյտենանտ Էլշադ Հասանովը, ծառայել է Աղջաբեդիի շրջանում տեղակայված զորամասերից մեկում` որպես ջոկի հրամանատար, և 2011թ. հուլիսի 29-ին մահացել է վզի շրջանում ստացած կրակոցի հետևանքով: Բադալովան հայտնել է, որ զորամասի ղեկավարությունը պնդում է, թե որդին սպանվել է հայերի կողմից արձակված գնդակից, բայց ինքը չի հավատում.
«Որդուս և գումարտակի հրամանատար Բահադուր Ջաֆարովի միջև կոնֆլիկտ է եղել: Առաջին օրվանից հրամանատարը որդուս ճնշումների է ենթարկել: Նրանից փող է պահանջել զորանոցը վերանորոգելու համար: Որդիս ասել է, որ փողը կարող է տալ աշխատավարձ ստանալուց հետո: Որդիս մեզնից հինգ հարյուր մետր մալուխ է խնդրել: Մենք դա տարել ենք, որպեսզի հրամանատարը նրան ճնշումների չենթարկի: Բայց գումարտակի հրամանատարի ճնշումները չեն դադարել»,- պատմել է սպանվածի մայրը: Բադալովայի խոսքով` Ջաֆարովը որդուց բազմիցս փող է պահանջել: Նրանց միջև հակամարտությունն այնքան է սրվել, որ հրամանատարը նրան ուղարկել է ռազմական հոսպիտալ` հոգեբուժական բաժանմունք` իբրև խելագարի:
«Հիվանդանոցում բժիշկն ինձ ասաց, որ որդիս առողջ է և հրամանատարի հետ կոնֆլիկտի պատճառով է հայտնվել հիվանդանոցում: Այդ մասին ես փաստաթուղթ ունեմ: Զորամաս վերադառնալուց հետո հրամանատարը նրան զորանոց մտնել չի թողել: Պաշտպանության նախարարությունում իմ ծանոթի միջոցով խնդրել ենք որդուս դրսում չթողնել: Հետո հրամանատարը երկու զինվորների միջոցով գործ է բացել նրա դեմ, թե իբր որդիս ծեծել է նրանց և հինգ հարյուր մանաթ (600 դոլար) փող պահանջել: Հրամանատարը որդուս սպառնացել է, որ զորամասում կա՛մ ինքը, կա՛մ որդիս պետք է մնան: Երկու օր հետո որդուս սպանել են: Ամուսինս ու եղբայրս սպանությունից երկու օր անց գնացել են զորամաս և տեսել, որ սպանության վայրում արյան հետքերը թաքցնելու համար ավտոմեքենայի անիվ են այրել: Ջնջել են նաև որդուս բջջայինի բոլոր հեռախոսահամարները», -ասել է սպանված լեյտենանտի մայրը:
Նա հավելել է, որ այդ զորամասում սպանվել է ևս երկու սպա` Վագիֆ Աբդուլլաևը և Էմին Ալիևը:
Մեկնաբանություններն ավելորդ են:
Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ #38 (954) 27.09.2012 – 3.10.2012, Ռազմաքաղաքական