ԱՐՏԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
1972թ. սեպտեմբերի 25-ին ծնվեց Հովհաննիսյանների ընտանիքի երկրորդ որդին` Արտակը: «Արեւային տղա»` այսպես էին նրան դիմում հարազատները, մտերիմներն ու ընկերները: Լրացավ Արտակ Հովհաննիսյանի 40-ամյակը: Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում, որը 1989 թ. ավարտել է ազատամարտիկը, հիշատակի հարգման միջոցառում էր կազմակերպվել, հավաքվել էին ազատամարտիկի հարազատները, ընկերները, ծանոթները:
Արցախյան շարժման սկիզբն էր։ Հայր եւ որդիներ` Գուրգեն, Արտակ, Արման Հովհաննիսյանները անբաժան էին. նրանք ամբողջ օրը Թատերական հրապարակում էին եւ ունեին երազանք` Հայաստանը տեսնել անկախ եւ հզոր: Նրանք թշնամու դեմ կռվեցին Սյունյաց լեռներում: 1989թ. արդեն Արտակը աշխատում էր ԱԻՄ-ի լրատվական գործակալությունում` տեսանկարահանող էր. «Մենք նկարահանում էինք կռվի ողջ ընթացքը, որպեսզի հետագայում ողջ ճշմարտությունը փաստացի մատուցենք ժողովրդին: Հերոսական դրվագների էինք ականատես լինում: Միաժամանակ կռվում էինք. Արտակը դիպուկ էր կրակում: Նա կենսախինդ էր, հումորով, վառ երեւակայությամբ, ընդունակ էր վարակելու բոլորին իր լավատեսական տրամադրությամբ»,-պատմում է եղբայրը` Արմանը:
Մարտական ընկերները հիշում են հրամանատարի հանձնարարությունը` Գորիս հասցնել զրահամեքենան, հանձնել, գրություն վերցնել եւ այնտեղ սպասել իրեն: Այդպես էլ արեցին, իսկ երեկոյան Գորիսում լվացին գլուխները, եւ Արմանը հիացած ու զարմացած էր, որ հրամանատարը ջուր կարող է լցնել իր զինվորի գլխին:
«Նա այնքան ոգեւորված էր եւ խնդրում էր իրեն էլ տանել մարտական գործողությունների, վստահ էր` նկարահանած յուրաքանչյուր դրվագ լինելու էր պատմական, լինելու էր ցնցող: Տանը չասաց, որ մեկնելու է կարեւոր մարտական առաջադրանք կատարելու, չէր կամենում որեւէ մեկին մտածմունքի մեջ գցել: Սա դարձավ նրա վերջին առաջադրանքը»,-ասում է Արմանը:
Արտակը զոհվեց 1992 թ. դեկտեմբերի 3-ին, Ղոչազ սարի վրա, Լաչինի միջանցքը պաշտպանելիս. «Նրանց հանձնարարված էր վիրավոր ընկերոջը իջեցնել մեքենաների մոտ: Ճանապարհի կեսին Արթուրին թողեցին մի ապահով տեղում եւ դիրքավորվեցին, որ կանխեն թշնամու` թիկունքից շրջապատելու միտումը: Սարի վրա գրոհի ընթացքում անհայտ կորան 21 մարտիկներ, որոնցից միայն 11-ի մարմինները հայտնաբերվեցին ապրիլի 5-ին` Ներքին գործերի նախարարության եւ Սյունիքի աշխարհազորի մարտիկների կողմից: Խոշտանգումների հետքեր կրող դիակները դավադրաբար ականապատված էին: Հրաշքով հնարավոր եղավ խուսափել նոր զոհերից, բայց ոչ վիրավորներից…Արտակի նկարահանած տեսանյութը չկար, այն հայտնվել էր Ադրբեջանում: Հետագայում նրանք այն ցուցադրեցին եւ մեր տղաների գործողությունները ներկայացրին որպես իրենց զինվորների սխրանք»,-պատմեց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը:
Ավարտելով միջոցառումը` ներկաները մեկնեցին Եռաբլուր պանթեոն:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #38 (954) 27.09.2012 – 3.10.2012, Բանակ և հասարակություն