Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՇՎԵՑ ԿԱՊԱՎՈՐԻ ՕՐԸ



Սեպտեմբերի 22-ին գնդապետ Ս. Խաչատրյանի հրամանատարությամբ գործող զորամասում տեղի ունեցավ կապի զորքերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում: Զորամասի անձնակազմը, ինչպես նաև կապի զորքերի տարբեր զորամասերի և ծառայությունների զինծառայողները շարվեցին հանդիսավոր տողանի: Շարահրապարակ բերվեց զորամասի մարտական դրոշը: Միջոցառումն սկսվեց տերունական աղոթքով: Բոլոր կապավորներին խաղաղ ծառայություն մաղթեց և օրհնության աղոթք կարդաց ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Այնուհետև ելույթ ունեցավ կապի և ԱԿՀ վարչության պետ, կապի զորքերի պետ գնդապետ Կ. Մուրադյանը: Նա շնորհավորեց բոլորին ՀՀ անկախության 21-րդ և կապի զորքերի 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Ներկայացնելով կապի զորքերի անցած ուղին` նա նշեց, որ տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումները թույլ են տալիս վստահորեն ասել, որ կապի ստորաբաժանումները մարտունակ են, պրոֆեսիոնալ, պատրաստ են կատարելու ցանկացած դժվարության առաջադրանք: Քիչ անց միջոցառման ամենաոգևորիչ պահերից մեկն էր. գնահատվեցին մարտական և մասնագիտական պատրաստության ընթացքում, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս աչքի ընկած զինծառայողները: ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի, կապի զորքերի պետի հրամաններով նրանք պարգևատրվեցին մեդալներով և խրախուսվեցին պատվոգրերով:

Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ դրեցին կապի զորքերի կայացման գործում մեծ ավանդ ունեցող գեներալ-մայոր Արթուր Փափազյանի հուշաքարին:

Հանդիսավոր արարողությունն ավարտվեց, ստորաբաժանումներն անցան տոնական օրվա կարգացուցակով նախատեսված պարտականությունների կատարմանը: Իհարկե, դեռ պետք է լինեին տարբեր միջոցառումներ կապի զորամասերում, տոնական ճաշ: Օգտվելով առիթից` զրուցեցինք զինված ուժերում այսօր անխափան կապ ապահովող մի քանի սպաների ու զինվորների հետ, որոնք իրենց խրախուսելի ծառայությամբ բազմիցս օրինակ են հանդիսացել մյուսների համար, ամենօրյա կատարելագործմամբ լավագույն մասնագետի համարում ձեռք բերել:

♦♦♦

Մայոր Պ. Հանոյանը հանդիսավոր արարողության ժամանակ խրախուսվեց պատվոգրով: Ավարտել է Ուլյանովսկի կապի ռազմական համալսարանը, ապա վերապատրաստվել է այլ մասնագիտական դասընթացներում: Ծառայությունն սկսել է սահմանային զորամասերում:

-Կապը զորքերի ղեկավարման հիմնական միջոցն է, որի ճիշտ և որակյալ կիրառումը անգնահատելի առավելություն է տալիս: Կապի տեխնիկան և միջոցները անընդհատ զարգանում են, նոր պահանջներ են ի հայտ գալիս: Այդ պատճառով էլ կապավորը պարզապես պարտավոր է մշտապես աշխատել ինքն իր վրա: Հատկապես պատասխանատու է սպայի աշխատանքը: Որպես դասակի հրամանատար նա հետևում է մի կոնկրետ ստորաբաժանման պատրաստությանը կապի կոնկրետ միջոցով: Իսկ արդեն որպես վաշտի հրամանատար նա պետք է ինքը տիրապետի կապի տարբեր միջոցների, որ կարողանա վերահսկել բոլոր ստորաբաժանումների մարտական և մասնագիտական պատրաստության գործընթացը: Այժմ կապի գումարտակի շտաբի պետ եմ, և առանց լիարժեք գիտելիքների, ամենօրյա լրացուցիչ ինքնապատրաստության շատ դժվար կլիներ ղեկավարել նեղ մասնագիտական գործողություններ կատարող անձնակազմը:

Կապավորի ծառայությունը անչափ սիրում և կարևորում եմ: Հատկապես այս տոնական օրը, երբ փոքր-ինչ թեթև գրաֆիկով է անցնում ծառայությունը, վերհիշում եմ անցած ճանապարհս, դժվար և հետաքրքիր օրերս: Նորից ու նորից միտքս է գալիս 2005թ. մայիսի 31-ը: Ծննդյանս օրն է: 2005թ. սահմանային զորամասում էի ծառայում: Ընկերներով որոշել էինք մի թեթև նշել: Բայց այդ օրը ինձ բախտ չվիճակվեց շնորհավորանքներ ընդունել: Տեղամասերից մեկում կապը խափանվել էր, և մենք բոլորով անցանք վնասված հատվածի հայտնաբերման, ապա նաև նորոգման աշխատանքներին: Այնպես որ, ծննդյանս օրն անցավ բավական լարված, դաշտային պայմաններում:

Լեյտենանտ Ս. Ղահրամանյանը ռադիոռելեային և հեռավոր կապի դասակի հրամանատար է: Ավարտել է ՀՊՃՀ համակարգչային տեխնիկայի և ինֆորմատիկայի բաժինը: Պարտադիր ժամկետային ծառայություն անցնելուց հետո որոշ ժամանակ անց որոշել է սպայի ուղին ընտրել: Զորամասում է այս տարվա սկզբից, սակայն արդեն հասցրել է աչքի ընկնել որպես հմուտ և խոստումնալից մասնագետ ու սպա: Կապավորի օրվա առիթով էլ շնորհակալագիր է ստացել հատկապես ամսվա սկզբին իր ստորաբաժանման հետ անցկացված դաշտային ելքի ժամանակ ցուցաբերած բարձր արդյունքների համար:

-Թյուր կարծիք կա, թե կապավորի ծառայությունը շատ հեշտ է եւ այնքան էլ կարևորներից չէ, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Այն ամենակարևորներից է և շատ դժվար: Կապավորները մի լավ խոսք ունեն` միայն կապով հնարավոր չէ հաղթել, բայց և առանց դրա էլ հնարավոր չէ: Սա լուրջ մասնագիտություն է, հենց այնպես ոչ ոք չի կարող կապավոր դառնալ: Յուրաքանչյուր մասնագետ պետք է տեղեկացված լինի իր ոլորտի զարգացումներին, մշտապես ինքնակատարելագործվի: Թեեւ այսօր էլ, օրինակ` մեր տոնն է, բայց ծառայությունը անընդհատ է, մեր ասպարեզում էլ անակնկալներ լինում են, և մենք պարտավոր ենք անխափան կապ ապահովել ցանկացած պահի:

Տոնական միջոցառման ժամանակ շարահրապարակում զինծառայողներին պարգևատրելիս գնդապետ Մուրադյանը առանձնացրեց չորս զինվորի:

-Այս զինվորները մասնակցել են օրերս ավարտված «Փոխգործակցություն-2012» զորավարժությանը: Նրանց վարժ գործողությունների շնորհիվ զորավարժության ողջ ընթացքում կապը գործել է անխափան: Պաշտպանության նախարարի հրամանով բոլորն էլ խրախուսվել են:

Հանդիպման ժամանակ տղաները հպարտությամբ ցույց տվեցին իրենց ժամացույցները` զորավարժության տարբերանշանով: Բոլորի խոսքերում էլ անթաքույց ուրախություն և հպարտություն կար: Ռադիոռելեային կայանի պետ Մհեր Թորոսյանը, ավագ հեռախոսավար Համլետ Մխիթարյանը, վարորդ-էլեկտրամեխանիկ Մրազ Օզմանյանը, գծամալուխային ջոկի հրամանատար Ստեփան Շահբազյանը հերթով պատմում էին իրենց տպավորությունների մասին:

-Կապը կարծես յուրահատուկ նյարդային համակարգ լինի, որի շնորհիվ գործում է բանակի ողջ օրգանիզմը: Դա առավելապես զգացինք այս զորավարժության ընթացքում: Ապահովում էինք ճամբարային ավանի, ազգային ստորաբաժանումների և պաշտպանության նախարարության միջև կապը, նաև միանում էինք այլ պետությունների: Պատասխանատվությունը շատ մեծ էր, և հպարտ ենք, որ ոչ մի դժգոհություն չեղավ: Մայիս ամսին ուսումնական զորամասում հաջողությամբ հանձնեցինք ամփոփիչ քննությունները, կապավորի որակավորում ստացանք: Երևի թե մինչ այժմ ծառայության ընթացքում ամենահիշարժան օրն էր: Այժմ արդեն զորավարժությունն էլ երկար կհիշենք: Անմոռանալի տպավորություններ, անգնահատելի փորձ ստացանք:

Տղաների հետ երկար զրուցեցինք, նրանք մանրամասն ներկայացրին իրենց ստորաբաժանման համախմբված, լարված ծառայությունը այդ օրերի ընթացքում: Վստահաբար կարելի է ասել, որ իրենց հաջողություններով նրանք պարտական են արդյունավետ և նպատակային անցկացված ուսումնական գործընթացին:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #38 (954) 27.09.2012 – 3.10.2012, Ազգային բանակ


03/10/2012