Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԵՍՆԵՄ ԱՆԻՆ…



Անի՛, դու չես լոկ հողեղեն մի գանձ,

Դու ինքդ ես ոգին՝ մի ողջ ժողովուրդ,

Ամեն ձև այստեղ ոճ է գերազանց,

Ամեն ինչ այստեղ՝ իմաստ ու խորհուրդ։

Ավ. Իսահակյան

Վաղ առավոտյան՝ գրեթե արևածագին, Երևանից դուրս եկած փոքրիկ ավտոբուսը կտրում-անցնում է աշնանային բերք ու բարիքով, աշնան գույներով ու բույրերով պճնված այգեվետ Արմավիրի մարզը և ուղղվում դեպի Շիրակի դաշտավայր՝ դեպի Անի… Անին տեսնելու միտքը և նախաձեռնությունը Անահիտ Սարգսյանինն է՝ «Կարոտի կանչ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահինը. ավտոբուսում Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների ընտանիքների ներկայացուցիչներն են՝ թվով քսանմեկ հոգի։

Ավտոբուսը մոտենում է սահմանին. սահմանային ուղեկալում էքսկուրսիայի մասնակիցներին դիմավորում են հայ և ռուս սահմանապահները, ուղեկցում։ Եվ ահա նրանց առջև Ծաղկոցաձորն է, ձորի այն կողմում՝ Անին՝ հազար ու մեկ եկեղեցիների քաղաքը, Բագրատունյաց Հայաստանի փառքը, Անին, ուր կատարելության է հասել հայ ճարտարապետական մտքի հանճարը, Անին՝ այնքա՜ն մոտիկ ու այնքա՜ն հեռու… Ուղեկցող գիդը՝ Սաթենիկը, պատմում է. բոլորը լուռ են, թվում է՝ չեն լսում խոսքերը, թվում է՝ անէացած են, անրջանքի մեջ։ Նույնիսկ ճանապարհին անհոգ կատակող երիտասարդ տղաներն ու աղջիկները լրջացած են. կատակի ոչ մի հետք։ Յուրաքանչյուրն իր մտքերի հետ է, թվում է՝ յուրատեսակ խոսակցություն է սկսել անցյալի հետ, մտքի և երևակայության ուժով փորձում է թափանցել ժամանակների խորքը, վերակենդանացնել հինավուրց հրաշակերտ քաղաքը, տեսնել նրա երբեմնի փառքն ու շքեղությունը։

Այդ պահին ոգեղեն-հայաշունչ, ամեն հայի համար նվիրական ու սրբազան ավերակների միջից հանկարծ լսվում է մահմեդական հավատացյալներին աղոթքի հրավիրականչը՝ ազանը։ Էքսկուրսիայի մասնակիցները սթափվում են. հոգու ցավը խորն է ու ցնցող, ոմանք փորձում են թաքցնել արցունքները. դարավոր թշնամին տեր ու տիրական է հայոց հնամենի քաղաքում։ Կանգուն են հատուկենտ եկեղեցիներ՝ Անիի բազմաթիվ եկեղեցիներից ընդամենը չորսը, որոնցից իր ողջ վեհությամբ, թեև խարխլված ու կիսավեր, առանձնանում է Տրդատ ճարտարապետի գլուխգործոցը՝ Անիի Մայր Տաճարը։ Նույն պահին էքսկուրսիայի մասնակիցները, ասես խոսքները մեկ արած, սկսում են ռազմական խրոխտ մի երգ, և ձորաբերանին ծայր է առնում հայկական քոչարին։ Ուղեկցող ռուս սպան ապշած նայում է. սա հայկական յուրատեսակ պատասխանն է, ուր ամփոփված են և՛ կարոտը, և՛ ցավը, և՛ երբեք չմարող հույսը ապագայի հանդեպ…

Դժվարությամբ, ափսոսանքի ու կարոտի զգացումներով են էքսկուրսիայի մասնակիցները թողնում ձորաբերանը. վերադարձին բոլորը լուռ են, մեկը միայն սկսում է երգը՝ «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», այս անգամ, սակայն, նոր՝ «Տեսնեմ Անին ու չմեռնեմ» տողով, ուր պարփակված է նվիրական իղձը՝ նոր ու վերածնված, թշնամու շնչից ազատագրված Անին։

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #38 (954) 27.09.2012 – 3.10.2012, Բանակ և հասարակություն


03/10/2012