Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՍԿԵ ՄԵԴԱԼ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՑ



ՀՀ ԶՈՒ երգի եւ պարի համույթի երգչախմբի երգչուհի կրտսեր սերժանտ Արմինե Խաչատրյանը Ռումինիայի Բրաիլա քաղաքում անցկացված «Հարիկլեա Դարքլե» օպերային երգիչների միջազգային մրցույթում արժանացավ դափնեկրի կոչման, ստացավ հատուկ մրցանակ «Մոցարտի ստեղծագործության լավագույն կատարման» համար, եւ նրան շնորհվեց ոսկե մեդալ։

-Արմինե, ես կարդում եմ Ձեր կենսագրությունը և հիանում՝ այսքան երիտասարդ և որքան շատ բան եք հասցրել անել։ Այժմ էլ Ձեր օրը գերհագեցած է՝ ծառայում եք զինված ուժերում՝ երգչախմբի երգիչներից եք, երգում եք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, սովորում եք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի ակադեմիական երգեցողության բաժնում և դեռ հասցնում եք մասնակցել միջազգային մրցույթների և մրցանակներ շահել։

-Այո՛, իմ օրը գերհագեցած է, ես աշխատում եմ ծանրաբեռնված, բայց չեմ հոգնում, որովհետև սիրում եմ իմ գործը, հաճույք եմ ստանում իր աշխատանքից։ Ես ուսումնառում եմ ՀՀ վաստակավոր արտիստ, դոցենտ Աննա Մայիլյանի դասարանում և մշտապես սովորում եմ նրանից։ Եվ ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլև պաշտամունքի հասնող սեր ազգային երգարվեստի հանդեպ, անսահման նվիրվածություն գործին և աշխատասիրություն։ Ես բազմաթիվ հանրապետական մրցույթների հաղթող եմ, և «Հարիկլեա Դարքլեն» իմ առաջի՛ն միջազգային մրցույթն էր, առաջին բեմելը միջազգային ասպարեզում։ Շատ պատասխանատու ու պարտավորեցնող էր։ Երջանիկ եմ, որ կարողացա բարձր պահել Հայաստանի պատիվը, հայկական մշակույթի բարձր անունը և վերադառնալ մրցանակներով ու ոսկե մեդալով։

-Սիրելի Արմինե, ընդունիր «Հայ զինվորի» և ընթերցողների շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։ Ու, խնդրեմ, պատմիր քո կարճ, բայց ձեռքբերումներով լի կենսագրությունը։

-Ես ծնվել եմ Գյումրիում։ Մանկությանս ամենաանմոռաց ու տպավորիչ իրադարձությունը… պատերազմն էր։ Հայրս սահմանին էր։ Նա «գնում էր պատերազմ» կամ «գալիս էր պատերազմից»։ Մանկություն ասելիս ես առաջին հերթին հորս եմ հիշում զինվորական համազգեստով ու նրա ընկերներին, որոնք ինձ համար հեքիաթի հերոսներ էին, ուրիշ աշխարհից եկած գերբնական մարդիկ։

Ես միշտ էլ հպարտացել եմ իմ հորով։ Դպրոցում բոլորը գիտեին, որ Շահվալադ Խաչատրյանը կռվել է Արցախի համար և պատերազմից հետո շարունակում է ծառայությունը կանոնավոր բանակում, ու առանձնահատուկ սիրով ու հարգանքով էին վերաբերվում ինձ։ Գյումրիում և՛ ազատամարտիկները, և՛ զինվորականները շատ հարգված են։ Անկեղծ ասած, նույն սերն ու հարգանքը զգացել եմ նաև Գորիսում, երբ հորս ծառայության բերումով՝ իմ ընտանիքը տեղափոխվեց Գորիս և սկսեցի հաճախել տեղի միջնակարգ դպրոցը։

-Իրոք, հպարտանալու տեղ ունեք, որ ազատամարտիկի և զինվորականի աղջիկ եք։ Պիտի խնդրեմ, որ մի քիչ էլ Ձեր մասին պատմեք։ Երբվանի՞ց եք սկսել երգել, ինչպիսի՞ կրթություն եք ստացել։

-Ես աշխույժ, ճարպիկ երեխա էի, երաժշտական դպրոց էի հաճախում (վոկալ-դաշնամուրային բաժին), պարի խմբակ, երգում էի եկեղեցական երգչախմբում։ Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին նաև ՊՆ Սպայի տան պարի խմբում եմ պարել։ Ես շատ լավ կրթություն եմ ստացել։ Կրթություն ասելով՝ նկատի չունեմ միայն մասնագիտական գիտելիքները։ Կրթությունն ավելի շատ բարոյական դաստիարակություն է, ճիշտ մտածելակերպ ու աշխարհայացք, գաղափարական հասունություն, դիտողունակություն, ճիշտ արժեհամակարգ։ Այն ազգային-մշակութային բովանդակություն ունեցող առարկաները, որոնք դասավանդվում են կոնսերվատորիայում, գիտելիք դառնալուց բացի, հղկում են մարդու հուզաշխարհը, բնավորությունը, բարոյական ըմբռնումներն ու չափանիշները, տոգորում հայրենասիրությամբ ու բազմաթիվ առաքինություններով։ Այդուհանդերձ, ուսանողության տարիների ամենակարևոր ձեռքբերումը անվանի արվեստագետների, մտավորականների հետ շփվելու բարեբախտությունն էր։ Նրանց կերպարը շատ ավելի մեծ ազդեցություն ունի ուսանողի վրա, քան երկար ու բարակ դաստիարակչական քարոզները։ Նրանց կենսագրությունը, խոսքը, չափանիշները ինքնաբերաբար կրթում են ուսանողին։ Կոնսերվատորիայում ուսանողական նստարանին նստած են ապագա արվեստագետները՝ մտավորականները, այսինքն՝ հասարակության ամենաառաջադեմ, ամենաազգային, ամենահայրենասեր, ամենահամարձակ, ամենակիրթ շերտը, հասարակությանն առաջ մղող ուժը։

-Իսկ ինչպե՞ս ծառայության անցաք զինված ուժերում։

-Միշտ էլ խոր հարգանք եմ ունեցել զինվորականների հանդեպ, և երբ ուսանողական ընկերներիցս մեկը (որը ծառայում է զինված ուժերում) ինձ առաջարկեց երգել զինված ուժերի երգի ու պարի համույթի երգչախմբում, անմիջապես համաձայնեցի։ Ես շփվել եմ զինվորական տարբեր շերտերի հետ։ Ե՛վ հորս ընկերների հետ, որոնց մի մասը պատերազմով անցած և հետագայում զինվորական դարձած մարդիկ են, և՛ կադրային սպաների հետ՝ զինվորական կրթությամբ, և՛ իմ կոլեգաների հետ, որոնք, այսպես ասած, արվեստագետ-զինվորականներ են, ու եկել եմ այն համոզման, որ կան բնավորության գծեր, որոնք բնորոշ են զինված ուժերի համակարգում ծառայող գրեթե բոլոր զինվորականներին՝ կարգապահությունը, նպատակասլացությունը, համարձակությունը և վճռականությունը։ Ես բնավորության այս գծերը տեսա նաև ժամկետային զինծառայությունից զորացրված եղբորս մեջ։ Ու հասկացա, որ նաև զինվորները ինչ-որ չափով նմանվում են զինվորականներին զինծառայության երկու տարվա ընթացքում։

-Ի՞նչ ծրագրեր ունեք։

-Իմ առաջին խնդիրն այսօր երգեցողությունս կատարելագործելն է։ Բնականաբար, առիթի դեպքում բաց չեմ թողնի և՛ հանրապետական, և՛ միջազգային մրցույթներում ուժերս փորձելու հնարավորությունը։

-Ձեզ մաղթում եմ հեղինակավոր բեմեր ու լեփ-լեցուն դահլիճներ։ Թող ևս մեկ հայկական անուն-ազգանվամբ հպարտանալու առիթ ունենանք։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #38 (954) 27.09.2012 – 3.10.2012, Հոգևոր-մշակութային


03/10/2012