ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐԻՑ՝ ԵՌԱԲԼՈՒՐ…
-Աշնան վրձինը բազմերանգ զգեստ էր գունազարդում, ձևում-չափում հայրենի բնաշխարհը։ Ամեն մի ծառատեսակ իրեն հատուկ գույնն էր ուզում, իրեն հատուկ զարդերը։ Աշնան միջօրեն անցել էր։ Ստվերները թեքվում էին դեպի արևելք, արևը գնում էր մայրամուտ։ Գուցե դա բնության մեկ այլ վայրում սովորական մի ընթացք է, սակայն այստեղ դա մի ուրիշ խորհուրդ ունի,- պատմում է Եռաբլուր պանթեոնի պետ գնդապետ Սուրիկ Խաչատրյանը։ -Ծառերի ստվերները պտտվում են, ավելի ընդգծելով գույները։ Ծառերի հովանու ներքո ննջում են մեր հերոսները, ու թափվող բազմագույն տերևներն ասես դափնիներ լինեն նրանց շիրիմներին…
Խաղաղ ու արևով ջերմացած մի այդպիսի երեկո Եռաբլուրում մի տաքսի կանգնեց, ու վարորդը դուրս գալով մեքենայից օգնեց, որ տարեց ուղևորը իջնի։ «Ամենօրյա այցելություն է. ծնող կլինի, հարազատ կամ մարտական ընկեր,- անցավ մտքովս։ -Սակայն, երբ անցնում էի նրանց կողքով, ականջիս արևմտահայ մեր գեղեցիկ լեզվից խոսակցության պատառիկներ լսեցի.
-Ապրե՛ս, մանչս, սա՞ է Կարմիր բլուրը, շուտ հասանք, աղվորս…
Վարորդը լսելով Կարմիր բլուր անունը, տարակուսանքով նայեց սփյուռքահայ իր այցելուին.
-Հայրի՛կ, սա Կարմիր բլուրը չէ, սա Եռաբլուրն է, Դուք Եռաբլուր չէի՞ք ուզում գնալ…
-Զավա՛կս, ես Կարմիր բլուր կուզեի երթալ, սակայն, հոգ չէ, հոստեղ եղած չեմ, եթե ազատ ես՝ ինձ ուղեկցիր, միասին ալ կիջնենք քաղաք։
Ամեն ինչ պարզ էր. և սփյուռքահայ մեր բարեկամի հետ սկսեցինք շրջել Եռաբլուրում։ Ամեն մի հուշակոթողի, գերեզմանի մոտով անցնելիս նա կարդում էր անուն-ազգանունները, հարցեր էր տալիս՝ ինչ պայմաններում է զոհվել, ինչ հերոսություն է գործել։ Գնալով զգացվում էր, որ շտկվում է մեր հայրենակցի կորացած հասակը, ձայնը դառնում է հզոր, չի բեկբեկվում.
-Ափսոս, ջահել են, շատ են ջահել, բայց տես ինչ հերոսություններ են արել, ինչ հայրենասեր տղաներ են, ես անոնց ցավը տանեմ։
Ծերունին, որին Արշակ էին ասում, Մեծ եղեռնի զոհերի շառավիղներից էր. նախնիներից լսել էր թուրքերի վայրագությունները…
-Աս տղաները մեր ազգի սերուցքն են, աս անգամ նրա՛նք մեր արժանապատվությունը պահեցին, որ մենք ամոթահար չնայենք աշխարհին…
Այսպես զրուցելով երբ հասանք Մոնթե Մելքոնյանի գերեզմանին, ծերունին համբուրեց, ասաց.
-Ասալայի տղաքն ուրիշ են…
Իսկ երբ հասանք Զորավար Անդրանիկի շիրիմին, աննկարագրելի է այն, ինչ կատարվեց։ Արշակ պապը ծնկաչոք մոտեցավ Անդրանիկի շիրիմին.
-Զորավար, դուն վերջապես հայրենիքում ես՝ որքան թափառեցար՝ Ֆրեզնո, Պեր Լաշեզ, վերջապես հայրենի հողի գրկում ես։ Զորավար, սիրելի Զորավար, ես իմ ողջ կյանքում ուզում էի այցելել քո շիրիմին, ասել իմ ծնողների երախտիքի խոսքերը, որ իրենց փրկության համար քեզ են պարտական։
Ասում էր ու արցունքի կաթիլներ էին թափվում նրա աչքերից, հեռավոր Լոս Անջելեսում ապրող հայորդու աչքերից…
Երեկոյի հետ նա դանդաղ իջավ Եռաբլուրից.
-Կարմիր բլուրից մինչև Եռաբլուր որքան ժամանակներ են հոսել, թագավորական քանի՜-քանի դինաստիա, սակայն, թվում է՝ անցել է մեկ պահ… Այսուհետ ամեն անգամ Հայաստան գալեն ետքը, առաջին այցս պիտի լինի Եռաբլուր, հետո նոր Եղեռնի հուշարձան, որպեսզի նախնիներիս ըսեմ, որ Եռաբլուրում ննջող տղաները Անդրանիկներ են, մեր նոր պետության հիմնադիրներ…
Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #38 (954) 27.09.2012 – 3.10.2012, Հոգևոր-մշակութային