Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱՔԱՅԼԵՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԵՄ



Օրերս ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության «Զինուժ» հեռուստածրագրի «Գորդյան հանգույց» հաղորդաշարի հեղինակներից ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանին տված հարցազրույցում ներկայացրել է առաջնագծում զինծառայության անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները, խոսել պաշտպանության բանակի սպառազինության և մարտական հնարավորությունների մասին: Նա մասնավորապես ասել է.

«Անցյալ տարի հակառակորդը ձեռք բերեց մեծ քանակի սպառազինություն, հատկապես խոշոր տրամաչափի դիպուկահար զենքեր` հատուկ նշանակության ստորաբաժանումների համար: Դա հնարավորություն տվեց թշնամուն հեռու տարածությունից խոցելու մեր զինծառայողներին: Նախորդ տարվա մյուս առանձնահատկությունն այն էր, որ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերը փորձել են ներխուժել պաշտպանության բանակի հսկողության տակ գտնվող տարածք:

Այս տարի մենք առաջնագծում բավական մեծ աշխատանք ենք կատարել` մեր զինծառայողների անվտանգ ծառայությունը կազմակերպելու համար: Բոլոր այն հատվածները, որոնք տեսանելի են հակառակորդի կողմից, և որտեղ մենք շարժ ենք իրականացնում, փակվել են, որպեսզի մեր հերթափոխն անվտանգ իրականացվի: Այդ հատվածներում կառուցվել են փոս-ճանապարհներ, բարձրացվել են բլրապատնեշներ: Առաջին գծում հերթապահություն իրականացնող զինծառայողի համար ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ նա կարողանա առանց իր կյանքը վտանգելու դիտարկում իրականացնել շուրջբոլորը` լիովին վերահսկելով առաջնագիծը:

Հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցումը կանխելու համար կատարվել է ականապատում: Բացի դրանից, մի շարք միջոցառումներ ենք իրականացրել, որպեսզի առաջին գծում կանգնած մեր զինվորը գիշերային ժամերին, երբ տեսանելիությունը սահմանափակ է, կարողանա հստակորեն կատարել իր ծառայությունը: 2012 թվականի ութ ամիսների ընթացքում մենք կանխել ենք հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման 7 փորձ. հակառակորդի դիվերսանտները հայտնաբերվել են մեր կողմից և ժամանակին ոչնչացվել:

Նախորդ տարի հակառակորդը հետախուզություն է իրականացրել նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով: Մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել, հատուկ սարքավորումներ ենք տեղադրել, որոնք հակառակորդի անօդաչու թռչող սարքերին հնարավորություն չեն տալիս անարգել սավառնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:

Բանակային բնագծում և խորքում կառուցվել են ինժեներական կառույցներ, լուրջ աշխատանքներ են իրականացվել առաջին հերթին մեր զինվորների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»:

Խոսելով պաշտպանության բանակի սպառազինության և տեխնիկայի մասին, գեներալ-լեյտենանտ Մ.Հակոբյանն ասել է.

«Պաշտպանության բանակում հաստիքային փոփոխություններից հետո շատ մեծ աշխատանք ենք կատարել նոր սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով բանակը համալրելու ուղղությամբ: Բարեփոխումների շրջանակներում իրականացված միջոցառումներից հետո բանակը համալրվել է զրահատեխնիկայով: Մենք ստացել ենք նաև հակաօդային պաշտպանության ոլորտի նոր, արդիական սպառազինություն, որը ձեռք ենք բերել առաջին անգամ:

Շարունակվում է հրետանային ստորաբաժանումների համալրումը: Այսօր մեր պաշտպանական շրջանները չափազանց լավ են զինված հրետանիով և կարող են առանց վերադասի որևէ աջակցության, ինքնուրույն լիարժեք իրականացնել իրենց հրետանու առջև դրված բոլոր մարտական խնդիրները: Ունենք նաև անհրաժեշտ քանակի հակատանկային միջոցներ:

Նոր սպառազինությունը, ռազմական տեխնիկան արդեն շարք է մտել: Դրանց կիրառման ձևերը, մեթոդները ներառվել են պաշտպանության պլանի մեջ: Այս տարի, չնայած զորահանդեսին նախապատրաստվելու համար պահանջված բավական մեծ ժամանակին, մարտական պատրաստության պարապմունքներն ավելի շատ են եղել, քան նախորդ տարի: Հատուկ ուշադրություն ենք դարձրել անձնակազմի կողմից նոր սպառազինությունը, ռազմական տեխնիկան յուրացնելուն, այդ նպատակով անձնակազմի ուսուցումը կազմակերպելուն: Այդպես էլ շարունակվելու է: Առաջիկայում նախատեսում ենք նոր մարտավարությամբ զորավարժություններ անցկացնել կենտրոնական ենթակայության զորամասերի հետ»:

Անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության բանակի հակահարձակողական հնարավորություններին` ՊԲ հրամանատարը նշել է.

«Այսօր ունենք ոչ թե մեկ, այլ մի քանի ստորաբաժանում, որոնք ցանկացած պայմաններում, ցանկացած տեղում կարող են ինքնուրույն գործել` ինչպես հակառակորդի տարածքի խորքում, այնպես էլ առաջնագծում` ճեղքել, մխրճվել: Այն բնագծերին, որոնք մեզ պետք են լինելու, մենք առանց դժվարության հասնելու ենք»:

Խորագիր՝ #38 (954) 27.09.2012 – 3.10.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


03/10/2012