Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ 15-ՐԴ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



Սեպտեմբերի 29-ին Վ.Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հանդիսավոր պայմաններում փակվեց համաբանակային 15-րդ սպարտակիադան։ Հինգ օր շարունակ ուժի և կամքի այս գեղեցիկ ստուգատեսում տասը մարզաձևից 400 զինծառայողներ անհաշտ, բայց և արդար մրցակցության մեջ որոշեցին ուժեղագույններին։

Թիմային հաշվարկով անգերազանցելի էր դիվիզիան, որի մարզիկները երեք մարզաձևերից` ռազմամարզական եռամարտ, բազկամարտ և կշռաքարերի բարձրացում, գրավեցին առաջին տեղը` տիրանալով նաև այդ անվանակարգերում խաղարկվող գավաթներին։

Երկրորդ մրցանակային տեղը` երկու ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե մեդալներով, գրավեցին հրաձգային դիվիզիան ներկայացնող զինծառայողները, իսկ ուժեղագույն եռյակը եզրափակեց Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հավաքականը։

Սպարտակիադայի եզրափակիչ` շվեդական փոխանցումավազքի և պարանի ձգման մրցումներին ներկա էր և համաբանակային սպարտակիադայի հանդիսավոր փակումը հայտարարեց ՀՀ ԶՈՒ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #39 (955) 4.10.2012 – 10.10.2012, Ազգային բանակ, Մարզաշխարհ


10/10/2012