Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՐԱՏ ՈՐԴԻՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ



ՀՆԱԶԱՆԴՎԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Ամեն մարդ պետք է հնազանդվի պետական իշխանություններին, որովհետև առանց Աստծու թույլտվության իշխանություն չի կարող լինել, և գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված։ Ով հակառակվում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակվում, և հակառակվողներն իրենք իրենց դնում են դատապարտության տակ։ Իշխողները վախ չեն պատճառում բարիք գործողներին, այլ չարագործներին։ Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանություններից՝ բարի՛ք գործիր և գովասանք կլսես նրանից, որովհետև նա Աստծու պաշտոնյան է՝ քո բարիքի համար կարգված։ Իսկ եթե չար գործ անես՝ վախեցի՛ր նրանից, որովհետև զուր տեղը չէ՛, որ սուր է կրում. որպես Աստծու պաշտոնյա՝ նա բարկությամբ է դատում և պատժում չարագործներին։ Ահա թե ինչու պետք է հնազանդվել իշխանություններին ոչ միայն պատժից զերծ մնալու, այլև խղճով հանգիստ լինելու համար։ Դրա համար է նաև, որ հարկեր են վճարում իշխանություններին, որպեսզի նրանք, իբրև Աստծու պաշտոնյաներ, շարունակեն կատարել իրենց այդ գործը։ Հետևաբար, նրանցից յուրաքանչյուրի հանդեպ կատարեցե՛ք ձեր պարտավորությունը՝ հարկը տալով նրան, ում հարկ պետք է տաք, մաքսը տալով նրան, ում մաքս պետք է տաք, հնազանդվելով նրան, ում պարտավոր եք հնազանդվել, և հարգելով նրան, ում պարտավոր եք հարգել։

Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 13։ 1-7

ԾՆՈՂՆԵՐԻՆ

ԺԵ. Եթե մեկը կամենում է, որ իր զավակը լավ մարդ դառնա, թող նրան հանձնի այնպիսի դաստիարակի, ով ոչ միայն գիտուն է, այլև առաքինի։ Որովհետև մանուկը սովորում է այն, ինչ տեսնում է իր ուսուցչի մեջ. աչքով տեսնելն առավել է արթնացնում դեպի լավը բաղձանքը, քան ականջով լսելը։

ԺԶ. Հայրերի համար փառք չէ իրենց զավակներին միայն գիտուն տեսնելը. վերջիններս նաև բարիք գործող պիտի լինեն, որովհետև գիտելիքներն անհրաժեշտ է ձեռք բերել բարիք գործելու համար։

ԺԷ. Եթե հարուստների զավակներն անդաստիարակ են, վերջում աղքատ են դառնում։ Եթե աղքատների զավակները դաստիարակված են, վերջում հարուստ են դառնում։

ԺԸ. Մարդ երիտասարդ ժամանակ լինում է այնպիսին, ինչպիսին դաստիարակվել է մանուկ ժամանակ։ Ուստի եթե հարուստը կամենում է, որ իր զավակը լավ երիտասարդ դառնա, թող մանուկ հասակում նրան լավ կրթի։

ԺԹ. Եթե հարուստ մարդու զավակը նախնիներից ժառանգած փառքն ու համբավը բավական է համարում և չի ջանում գիտելիքներով ու առաքինությամբ օրըստօրե ավելացնել, արկածների ժամանակ դրանք կորցնելով՝ անարգության մեջ է միշտ մնում, որովհետև մանուկ ժամանակ չսովորեց փառք ձեռք բերել։

Ի. Երբ հայրերը տեսնում են իրենց զավակներին վատ բաներ անելիս, պարտավոր են քաղցրությամբ խրատել նրանց. եթե զավակներն անհնազանդ գտնվեն, թող չափավոր սաստումով նրանց ուղղության բերեն։ Երիտասարդներին համարձակություն տալը նույնն է, ինչ ամեհի ձիերի սանձը թողնել, կամ բորբոքված կրակի մեջ ձեթ լցնել, և կամ վշի պարկի մեջ կայծ գցել։ Գովելի ժլատություն է երիտասարդներին ու դեռահասներին համարձակություն չտալը։

ԻԱ. Չափահաս մարդիկ անպատշաճ բաներ տեսնելիս կամ լսելիս երբեմն հետևում են դրանց, երբեմն էլ խորշում. իսկ մանուկները բնավ չգիտեն խորշել, այլ ինչ լսում ու տեսնում են, անմիջապես կամենում են անել։

ԻԲ. Եթե ծնողներն իրենց զավակներին մեծացնելիս բարվոք վարվեցողություն չունեն, նրանց զավակները լավ ժառանգ չեն կարող դառնալ։

Ծնողական սերը, որ բնությունը տվեց զավակների հանդեպ ունենալու համար, պետք ու պատշաճ է միառժամանակ սրտում ծածուկ պահել և զավակին հայտնել, երբ չափահաս դառնա և կարողանա ճանաչել ծնողական սիրո հարգն ու իր պարտավորությունը։

Պողոս Պատրիարք Ադրիանուպոլսեցի

Խորագիր՝ #39 (955) 4.10.2012 – 10.10.2012, Հոգևոր-մշակութային


10/10/2012