Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈԳԵԿՈՉՈՒՄԻ ԵՎ ԶԳԱՍՏԱՑՈՒՄԻ ԵՐԹ



Հունգարիայում 2004 թվականի փետրվարին ադրբեջանցի ճիվաղի ձեռքով քնած վիճակում կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի 34-ամյակի առթիվ զգաստացումի, ոգեկոչման և վրեժխնդրության երթ կայացավ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Բերձորի Խաղաղության հրապարակում, որի մոտ իսկական հերոսների՝ Արցախյան գոյամարտում ճակատ առ ճակատ մարտնչած ու մարտիրոսված հերոսների հուշահամալիրն է, քաղաքի երկու հանրակրթական, արվեստի և սպորտի, մոտակա համայնքների դպրոցների սաներն ու ուսուցիչներն էին, շրջանում գործող կազմակերպությունների աշխատակիցներ, ղեկավարներ, հյուրեր էին հավաքվել: Զազրելի ոճրագործությունը դատապարտող բազում կարգախոսներով երթի մասնակիցները Երևանյան խճուղով շարժվեցին դեպի Սուրբ Համբարձման եկեղեցի, որի բակում կանգուն է Մեծ եղեռնի զոհերին նվիրված խաչքար-հուշակոթողը: Ճանապարհին երթի մասնակիցների թիվն ավելանում էր: Երթին միացան նաև սիրիահայ մեր հայրենակիցները, որոնք հեռացել են պատերազմի գոտուց և եկել են բնակվելու Քաշաթաղի շրջանում: Ողջ ճանապարհին ծածանվում էին մեր երկու հանրապետությունների եռագույն դրոշները, իսկ երթի մասնակիցների գլխավերևում Գուրգեն Մարգարյանի նկարն էր, ինչպես նաև «Վախկոտին հերոսացնում է միայն թուրքը», «Ամոթ քեզ, Հունգարիա՛», «Հայ երիտասարդ, հիշի՛ր, ճանաչի՛ր, պատժի՛ր», «Գուրգենը մեզ հետ է, մեր մեջ» և այլ կարգախոսներով պաստառներ:

Շրջանի հոգևոր հովիվ Հայր Աթանաս վարդապետը Տերունական աղոթքով սկսեց ոգեկոչումի իր ելույթը՝ խոսք հղելով առ Աստված, որ բոլոր նահատակների, Գուրգենի հուգուն խաղաղություն իջնի: Դիմելով ներկաներին՝ նա ասաց. «Ուրախ սրտով չէ, որ հավաքվել ենք Սուրբ եկեղեցու մոտ: Մեր թշնամին, ատամները սրած, սպասում է, որ հոշոտի մեզ, ինչպես Ռամիլ Սաֆարովը կատարեց իր պիղծ գործը: Գուրգենը, ճիշտ է, չընկավ մարտում, բայց նահատակ է ոճրագործության: Այս ոճիրը ոչ թե Սաֆարովի, այլ իր երկրի ղեկավարի՝ նզովյալ օձի բնավորություն ունեցող Ալիևի մտքի ծնունդն էր: Պետք է զգոն լինենք ու միասնական»: Խոսք ասաց նաև Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը: Նա իր ելույթում, ի դեմս Հունգարիայի, դատապարտեց «քաղաքակիրթ» Եվրոպայի պահվածքը, որ հերթական անգամ փափուկ սրբիչ հրամցրեց թուրքին՝ արնոտ ձեռքերը մաքրելու համար: «Այս երթը սգո երթ չէր, այլ ոգեկոչումի, զգոնության և վրեժխնդրության», իր խոսքը եզրափակեց Արտուշ Մխիթարյանը: Այնուհետև եկեղեցու Սուրբ կամարի տակ հարյուրավոր մոմեր վառվեցին:

Զ. Ը.

Խորագիր՝ #39 (955) 4.10.2012 – 10.10.2012, Բանակ և հասարակություն


10/10/2012