Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԱՐՏԱՇԱՎԻԻ ԴՊՐՈՑՈՒՄ



Բերձորից դեպի Քարվաճառ ձգվող մայրուղին անցնում է Հակարի գետի ու նրա ձախակողմյան վտակ Շալուայի աջ ափով՝ ոլորաններ գծելով անտառապատ ձորերում ու լեռնալանջերին: Նույն ճանապարհը տանում է նաև Բերձորից մոտ 40կմ հյուսիս ընկած պատմական Արտաշավի գյուղը, որտեղ միջնադարում նույնիսկ Ավետարան է գրվել, նորոգվել, հավանաբար ունեցել է եկեղեցի, որը հիմնովին ավերվել է խորհրդային շրջանում: Տարածքի ազատագրումից հետո փոստի և այլ շինությունների պատերի մեջ հայտնաբերվեցին խաչքարերի ու տապանաքարերի բազում կտորներ, որոնք հետագայում հանվեցին պատերի միջից և այժմ դրված են գյուղի կենտրոնում:

Քաշաթաղի շրջանի առաջին վերաբնակեցված գյուղերից է Արտաշավին, որտեղ 1995 թվականից սկսեց գործել հանրակրթական դպրոցը: Այն այժմ ունի 46 աշակերտ, կոչվում է մեր նորօրյա հերոսամարտում նահատակված լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի անունով, և դպրոցի կոլեկտիվը 17 ուսուցիչով միշտ էլ բարձր է պահում այդ կոչումը: Առայժմ դասերն ընթանում են հին մասնաշենքում, և շուտով կավարտվի նորի կառուցումը: Սպասարկում է նաև հարևան Նորաշենիկ գյուղի աշակերտներին /20-ից ավելի աշակերտներ, նաև ուսուցիչներ այստեղից են հաճախում դպրոց/:

Սեպտեմբերի 21-ին այցելեցի Արտաշավիի դպրոց, որտեղ կայացավ ՀՀ անկախության հռչակման 21-ամյակին նվիրված միջոցառում: Մինչև հանդեսի սկսվելը՝ զրուցեցի 4-րդ դասարանցի 4 աշակերտի հետ/դասվար Նաիրա Միրզոյան/:

Արփինե Վանեսյանը պատրաստվում է մասնակցել «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից կազմակերպվող ընթերցանության երկրորդ մրցույթին: Որոշել է դառնալ բժշկուհի: Նույն երազանքն ունի նաև բազմազավակ ընտանիքի երեխաներից Մանե Շաբոյանը, իսկ Արմենի որդի Արթուր Սարգսյանը որոշել է դառնալ ավտոմեխանիկ: Դպրոցի առաջին հարկի միջանցքը ծառայում է նաև որպես դահլիճ:

Միջոցառումը բաղկացած էր երկու մասից: Բեմի վրա են բոլոր աշակերտները: Հնչում է ՀՀ օրհներգը, աշակերտուհիներից մեկը տեղեկացնում է՝ ինչպես կայացավ մեր ժողովրդի նվիրական երազանքը, այնուհետև հանդես են գալիս արտասանությամբ, ռազմահայրենասիրական երգերով՝ դաշնամուրի նվագակցությամբ /դաշնակահար՝ Գ. Օհանջանյան/: Երկրորդ մասը՝ ինտելեկտուալ խաղ-մրցույթը, նվիրված էր հայոց պատմությանը: Ուրախալի է, որ գրատախտակին գրված հարցերին երկու թիմերի մասնակիցներն էլ ճիշտ էին պատասխանում: Ինչպես ասում են՝ մրցույթում հաղթեց միասնությունը:

Դպրոցի տնօրեն Վ. Հարությունյանը շնորհավորեց մեր մայր հայրենիքի անկախության հռչակման օրվա առթիվ և մաղթեց բարին: Տեղեկացրեց նաև, որ այս ամռանն իրենց դպրոցի 3 աշակերտներ՝ Գոռ Ամիրյանը, Մհեր Կիրակոսյանը և Նվեր Սոլոմոնյանը, հանգստացել են Բալուջայում գործող ԼՂՀ ԿԳ նախարարության «Ասպետ» ռազմամարզական ճամբարում, մասնակցել տարբեր մրցումների և արժանացել պարգևների: Գոռ Ամիրյանը պարգևատրվել է մի քանի, այդ թվում նաև «Լավագույն ճամբարական» պատվոգրով:

Հրաժեշտ տալով Արտաշավիի դպրոցի կոլեկտիվին՝ հուսով եմ, որ եկող ուստարում մեր անբասիր երեխաները կսովորեն արդեն նորակառույց դպրոցում:

Զ. ԸՌՔՈՅԱՆ
Բերձոր-Արտաշավի-Դրախտաձոր

Խորագիր՝ #39 (955) 4.10.2012 – 10.10.2012, Բանակ և հասարակություն


10/10/2012