Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ԱՄՈՒՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է, ՕՐՀՆՅԱԼ Է ՔՈ ԳՈՐԾԸ, ՀՐԱՄԱՆԱՏԱ՛Ր



Քիչ չեն այն զորամասերը, որոնցում իրենց մեծ ներդրումն ունեն մեր ազատամարտիկները և, որպես հրամանատարներ, իրենց ուսերին են կրում բանակի պատասխանատու, պատվաբեր գործը: Իհարկե, հեշտ չէ նրանց գործը, բայց նրանք անում են սիրով ու մեծ պատասխանատվությամբ, նրանք դաստիարակում ու կրթում են մեր զինվորին, վարժեցնում զինվորական բարդ, բայց և հայրենասիրական գործին։ Պարզապես հպարտություն ու պատիվ է ծառայել մի զորամասում, որի հրամանատարական կորիզը պատերազմի թոհուբոհով անցած, կյանքի արժեքն իմացող, հայրենիքն ամեն ինչից վեր դասող մարդկանցից է կազմված, մարդիկ, որոնք իրենց կյանքը նվիրել են հայոց բանակին, մեր երկրի պաշտպանությանը և այսօր էլ անձնվիրաբար շարունակում են իրենց վեհ գործը` այն փոխանցելով երիտասարդ սերնդին: Սիրո և հարգանքի է արժանի զորամասի հրամանատարական կազմը` հանձին հրամանատար փոխգնդապետ Կոմիտաս Դավթյանի, մայորներ՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ Ս. Լալայանի, հրամանատարի տեղակալ Խ. Իսունցի։ Զինվորականներ, որոնք մասնակցել են ռազմական գործողություններին: Յուրաքանչյուր զինվոր քաջ գիտի, թե ինքը ինչպիսի կարևորագույն նշանակություն ունեցող պատմական վայրում է ծառայում, որը հայորդիների արյան գնով է նվաճվել, գիտեն՝ Գորիսի պայմանագրային 3-րդ գումարտակի Խնձորեսկի 1-ին դասակի հրամանատար, Զանգեզուր աշխարհի քաջարի զավակ, մեր հերոսական նախնիների գործի արժանավոր շարունակող Սանասար Բեգլարյանի` Սանոյին, որը 1993թ. սեպտեմբերի 9-ին զինվորական իր պարտականությունները կատարելիս կյանքի 34-րդ տարում զոհվեց` թշնամուն ետ շպրտելով այդ տարածքից, որը մեծ վտանգ էր ներկայացնում Գորիսի և մերձակա գյուղերի համար:

Հայ պատմության մեջ իր հետագիծն է թողել Արա Խուդավերդյանի 1989թ. կազմավորած «Կոռնիձոր» ֆիդայական-ազատագրական ջոկատը, որին էլ 1992-ին զինվորագրվում է Կոմիտաս Դավթյանը և որպես տանկիստ մարտնչում է ադրբեջանցիների դեմ, մասնակցում Լաչինի, Կուբաթլիի, Զանգելանի հերոսամարտերին: 1992-ի վերջին մարտական գործողությունների ժամանակ վիրավորվում է, ապա ապաքինվելուց հետո կրկին վերադառնում ռազմադաշտ: 1993թ. որպես սպա զինվորագրվում է հայոց բանակին և իրեն նվիրում մեր բանակաշինության գործին։ Հրամանատար, փոխգնդապետ Կ. Դավթյանը բազմիցս արժանացել է նախագահական, կառավարական, գերատեսչական պարգևների, պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Ղարաբաղի մայրերի երախտագիտություն», «Անբասիր ծառայության» առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի մեդալներով, խրախուսվել պատվոգրերով ու շնորհակալագրերով: Նրան զինվորները սիրում և հարգում են, հպարտանում նրանով, նա սոսկ հրամանատար չէ, այլև խորհրդատու ավագ ընկեր:

Իր անբասիր վարքով, կազմակերպչական ձիրքով, հետևողականությամբ աչքի է ընկնում ազատագրական պայքարի մասնակից, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ մայոր Ս. Լալայանը: Նրա ներկայությունն անգամ զգոնություն է առաջացնում, նա միշտ զինվորի կողքին է, նրա աչքից ոչինչ չի վրիպում, նա հայտնվում է անսպասելի, ամեն քայլափոխի հետևում է իր զինվորին, նա ամենուր է: Մայոր Սամվել Լալայանը 1993թ. ինքնակամ զինվորագրվել է և դարձել ներքին զորքերի Դավթաշենի զորամասի զինվոր, մասնակցել է Ֆիզուլիի մարտական գործողություններին և բազմիցս արժանացել է նախագահական, կառավարական, գերատեսչական «Մարտական ծառայության», «Գարեգին Նժդեհ», «Անբասիր ծառայության» մեդալների, խրախուսվել է պատվոգրերով:

Զորամասում իր խստապահանջությամբ, զգոնությամբ առանձնանում է հրամանատարի տեղակալ, մայոր Խ. Իսունցը, որից այսօր զինվորին է փոխանցվում բազմափորձ ծառայության զգոնությունն ու աչալրջությունը: 90-ական թթ. հանուն երկրի անկախության և բարօրության դարձել է ազատության մարտիկ: 1990-1994թթ. մարտնչել է Տեղ գյուղի ջոկատում (հրամանատար՝ Մելիքսեթ Պողոսյան)` որպես դասակի հրամանատար: Մասնակցել է Շուլուխի, Կոռնիձորի, Լաչինի մարտական գործողություններին։ Պարգևատրվել է նախագահական, կառավարական, գերատեսչական «Վազգեն Սարգսյան», «Դրաստամատ Կանայան», «Մարտական ծառայություն», «Անբասիր ծառայության» առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի մեդալներով:

Զորամասը, որի հրամանատարական կազմը համալրված է քաջարի, հայրենասեր, վեհանձն ու անաչառ ազատամարտիկներով, լավագույններից է հանրապետությունում: Նրանց համար զինվորը լոկ ժամկետային զինծառայող չէ, այլ սեփական որդին, մեր վաղվա օրը կերտողը, մեր երկրի պաշտպանն ու պահապանը: Նրանք իրենց վեհ օրինակով բարձր են պահում զինվորի ռազմահայրենասիրական ոգին, մարտունակությունը: Վստահաբար կարող ենք ասել` մեր Հայոց բանակը ամուր ձեռքերում է, օրհնյալ է քո գործը, հրամանատա՛ր:

ՆԵԼԼԻ ԳԱԼՍՏՅԱՆ
«Զինվորի քույր» ռազմահայրենասիրական
կազմակերպության նախագահ

Խորագիր՝ #39 (955) 4.10.2012 – 10.10.2012, Բանակ և հասարակություն


10/10/2012