Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕԴԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ



Թուրքիայի Հանրապետությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով խնդրել էր հայկական կողմին մասնակցել Թուրքիայի և Հայաստանի Հանրապետությունների սահմանամերձ տարածքներում ներկայիս Թուրքիայի Հանրապետության մի շարք նահանգների օդալուսանկարահանման աշխատանքներին։ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ ռազմատեղագիտական բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Գալստյանը (որպես ղեկավար) և օդալուսանկարահանող, փոխգնդապետ Գևորգ Խուրշուդյանը մեկնեցին Թուրքիայի Հանրապետություն և մասնակցեցին օդալուսանկարահանման աշխատանքներին։ Երբ խումբը վերադարձավ Թուրքիայից, մենք զրուցեցինք փոխգնդապետներ Արթուր Գալստյանի և Գևորգ Խուրշուդյանի հետ։

-Հայկական կողմը ունի՞ պարտավորություն մասնակցելու Թուրքիայի կողմից իրականացվող նույնատիպ միջոցառումներին, թե՞ մեր մասնակցությունը պարզապես բարի կամքի դրսևորում էր։

Արթուր Գալստյան- Օդային լուսանկարահանումը իրականացվել է՝ համաձայն 1991թ. փետրվարի 6-ին ԽՍՀՄ և Թուրքիայի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված քարտեզագրման և բնական պաշարների հետազոտման նպատակով օդային լուսանկարահանման և գյուղատնտեսական ախտահանման, բնական աղետների և փրկարարական աշխատանքների ժամանակ սահմանամերձ շրջաններում թռիչքներ կատարելու հարցերում համագործակցության վերաբերյալ արձանագրության և միջազգային պրակտիկայի նորմերի։ Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարարությանը կից քարտեզագրության գլխավոր հրամանատարությունը (General Command of Mapping) 2012թ. աշխատանքային ծրագրի շրջանակում մտադիր էր օդային լուսանկարահանումներ իրականացնել Թուրքիայի Հանրապետության սահմանային Շըրնաք, Հաքքյարի, Վան, Աղրը, Իգդիր, Կարս, Արդահան, Արդվին նահանգներում։

-Փաստորեն, բոլոր նկարահանումները ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում են։ Ինչո՞ւ էր անհրաժեշտ մեր ներկայացուցիչների մասնակցությունը։

Արթուր Գալստյան- Օդային լուսանկարահանումն իրականացվելու էր սահմանագծի երկայնքով։ Այդ ընթացքում հնարավոր էր ներթափանցումը Հայաստանի տարածք՝ 10 կմ առավելագույն խորությամբ։

-Իսկ ի՞նչ երաշխիքներ կային, որ այդ ընթացքում չէին լուսանկարահանվի նաև հայկական հանրապետության սահմանամերձ տարածքները։

Գևորգ Խուրշուդյան- Թուրքական կողմը նախապես հավաստիացրել էր, որ այն օդային լուսանկարահանումները, որոնցում կընդգրկվեն Հայաստանի սահմանամերձ տարածքները, կոչնչացվեն թվային մշակման ժամանակ՝ հայաստանցի դիտորդների վերահսկողությամբ, հայ-թուրքական սահմանին կից շրջանների օդային լուսանկարահանումից հետո մասնագետները կմեկնեն Անկարա (նույն ինքնաթիռով), ուր Քարտեզագրության գլխավոր հրամանատարության շենքում տեղի կունենա հարևան պետությունների սահմանակից տարածքների լուսանկարների ոչնչացումը։

-Փաստորեն, մեր պատմական հայրենիքը տեսնելու հնարավորություն ունեցաք։ Ինչպիսի՞ զգացում էր, երբ սեփական հողի վրա քայլում էիք թուրք զինվորականների ուղեկցությամբ և հսկողությամբ։

Արթուր Գալստյան- Շատ ծանր զգացողություն էր, ճնշող… Էրզրումում հատկացված ժամանակը հնարավորություն տվեց զբոսնել քաղաքում, տեսնել հայկական ավերակների վրա կառուցված թուրքացած թաղամասերը, հայկական խոնարհված, պղծված եկեղեցիները։ Մեզ պատմեցին, որ եկեղեցիներից մեկը պատրաստվում են դարձնել մզկիթ, մի մասը օգտագործվում էր որպես խանութ։ Մենք տեսանք հայկական միջնաբերդը, հարակից հայկական տները՝ բնակեցված քրդերով։

Գևորգ Խուրշուդյան- Որքան էլ թուրքերը փորձում էին հարգալից լինել, որքան էլ հյուրընկալությունը կազմակերպված էր ամենաբարձր մակարդակով, միևնույն է, մեր երկուսի արանքում կանգնած էր պատմական մեծ անարդարությունը՝ մենք հյուր էինք սեփական երկրում, սեփական հողի վրա։ Մենք տեսնում էինք, թե որքան անխնա ու չարակամորեն ոչնչացվում է մեր մշակույթը, ինչպես են անարգվում մեր սրբությունները։

Արթուր Գալստյան- Հրաժեշտից առաջ Թուրքիայի Հանրապետության քարտեզագրության գլխավոր հրամանատարը առաջարկեց զբոսնել քարտեզագրության կենտրոնի տարածքում և այցելել Քարտեզագրությանը նվիրված թանգարան, որը կառուցվել էր 1886-ին։ Թանգարանում ինձ ամենից շատ հետաքրքրեցին ձեռքով պատրաստված մանրակերտները, որոնց վրա մինչ օրս պահպանված են (1826-ից սկսած) տարածքների իրական անվանումները և երկրների իրական սահմանները։ Մանրակերտի վրա, որը պատրաստված էր 1926-ին, լավ երևում է ՀՀ, ԹՀ և ԱՀ սահմանները։ ՀՀ սահմանն անցնում է Մեծ ու Փոքր Մասիսներով և հասնում մինչև Սև ծով, իսկ Արցախն ու Նախիջևանը ներառված են ՀՀ տարածքի մեջ։ Թանգարանում Արարատ լեռան մանրակերտը դիտելիս ԹՀ քարտեզագրության գլխավոր հրամանատարը պատմեց, որ 1957-ին նույն զորամասից լեռնագնացների խումբը բարձրացել է Արարատ լեռ և նկարահանել աշխարհում միակ նկարը, որտեղ պարզ երևում է Նոյյան Տապանը։ Նա ցավով նկատեց, որ այդ նկարը Թուրքիայի Հանրապետության ազգային արխիվում է՝ յոթ փականով փակված։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #40 (956) 11.10.2012 – 17.10.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


17/10/2012