ՍԽՐԱՆՔԸ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՆ Է
«Հայ զինվորի» հյուրասրահում մարզաշխարհի ճանաչված, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների, օլիմպիական խաղերի բազմաթիվ հաղթողներ ու մրցանակակիրներ են հյուրընկալվել, բայց մեր այսօրվա հյուրը բացառիկ է ոչ միայն իր մինչ օրս չկրկնված և անօրինակ մարզական սխրանքով, ինչի մասին ըմբշամարտի, և ոչ միայն, մասնագետներն ու ժամանակակիցները խոսում են աննկարագրելի հիացմունքով ու հպարտությամբ, այլև իր մարդկային վեհ նկարագրով։ ՈՒզում ես նրա մասին գրել որպես իսկապես լեգենդար մարզիկի, բայց ստացվում է, որ գրում ես որպես բացառիկ մարդու և անհատականության մասին։ Ամենից առաջ զարմացնում է նրա հասարակ ու մտերմիկ պահվածքը. քեզ թվում է, թե նա պարզապես հարցազրույց վերցնող լրագրողի հետ է այդպես անկեղծ ու մտերմիկ շփվում, մինչդեռ նա այդպես անմիջական, մտերմիկ ու հասարակ է յուրաքանչյուրի հետ։ Եվ հասկանում ես, թե ինչու է նա այդպես սիրված ու հարազատ բոլորի համար, քանզի նրա համար ամենից կարևորը ոչ թե մարզական սխրանքն է, այլ ՄԱՐԴ լինելը։
Այս անգամ մեր անվանի հայրենակիցը Հայաստանում էր իր անունը կրող` հերթական 17-րդ միջազգային մրցաշարի կապակցությամբ և ծննդյան 50-ամյա հոբելյանը Հայրենիքում հարազատների, ընկերների, մտերիմների, իր բազմաթիվ երկրպագուների հետ միասին նշելու ցանկությամբ։ Շնորհակալ եմ ընկերոջս` Գևորգ Ասատրյանին, որ, ի դեպ, նրա տաղանդի մեծ երկրպագուներից է, որ կարողացավ կազմակերպել այս` վաղուց փայփայած հանդիպումը։ Չնայած խիստ զբաղվածությանը, մեր ճանաչված հայրենակիցը Խորհրդային Միության և Եվրոպայի, աշխարհի երիտասարդների չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ սիրով համաձայնեց հարցազրույց տալ մեր թերթին։ Մտածում էի` երբ հանդիպեմ, առաջինը ամենից շատ ինձ հետաքրքրող հարցն եմ տալու և տվեցի. «Ի՞նչ է հարկավոր մարզիկին, անկախ մարզաձևից, աշխարհի չեմպիոն դառնալու համար»։ Նա կարծես սպասում էր այս հարցին, անմիջապես պատասխանեց` տաղանդ, և շարունակեց «Ֆիզիկական տվյալներ, հաղթելու անկոտրում կամք, լավ մարզիչ, ինչպես իմ մարզիչ Հակոբ Գենջյանը, լավ պայմաններ, քրտնաջան աշխատանք։ Բայց, բոլորից զատ, ԱՍՏՎԱԾ քո մեջ պիտի դրած լինի այդ տաղանդը, որ դառնաս աշխարհում առաջինը։ Ճիշտ այնպես, ինչպես գրագետ, տասնյակ լեզուներ իմացող մարդը չի կարող աշխարհահռչակ բանաստեղծ կամ գրող լինել։ Հազարավորներն են սպորտով զբաղվում, բայց մեկին է վիճակված դառնալու աշխարհի չեմպիոն»։
– Չեմ կարող Ձեր մարզչի մասին հարց չտալ, մանավանդ որ առանձնակի ջերմությամբ արտահայտվեցիք նրա մասին։
– Իսկապես, չլիներ Հակոբ Գենջյանը, գուցե նման հաջողությունների չհասնեի։ Ցանկացած սպորտաձևում մարզչից շատ բան է կախված։
-Ինչո՞ւ ընտրեցիք ըմբշամարտը։
-Ընտրությունը կատարել է Վալերան՝ մեր հինգ եղբայրներից ավագը: Նա էլ հենց մի օր, ձեռքիցս բռնած, ինձ տարավ մարզադպրոց: Նրա ընտրությունը ճակատագրական եղավ ինձ համար, և իմ ամբողջ կյանքն ու գործունեությունը կապվեց մեծ սպորտի հետ։
-Այն մարզադպրոցը, որն այսօր Ձեր անո՞ւնն է կրում (Վանաձորի կենտրոնական մարզադպրոցը անվանակոչված է Ստեփան Սարգսյանի անունով)։
-Այո՛։
– Ծնունդով որտեղի՞ց եք …
– Ծնվել եմ Թումանյանի շրջանի Շամուտ գյուղում։ Ծնողներս հողագործ մարդիկ են` հողի մշակներ, եւ իրենց հացը սեփական քրտինքով վաստակող մարդիկ։
-Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ ժամանակն ու հաջողությունները փոխում են մարդուն։
-Թույլ մարդուն, այո՛, փոխում են։
– Ո՞րն է մարզիկին բնորոշող ամենակարևոր հատկանիշը։
– Աշխատասիրությունը։
– Հաղթող լինելու համար արդյոք միայն ֆիզիկական ուժը բավարա՞ր է։
– Ֆիզիկական ուժի հետ մեկտեղ տաղանդ է պետք, բացառիկ կամքի ուժ, մի քիչ էլ մարզական բախտ, ինչը հաճախ շատ կարևոր պահերի ինձնից երես է թեքել: Սակայն երբեք չեմ հուսահատվել։
– Ըմբշամարտում ո՞վ է եղել Ձեր կուռքը։
– Բելոգլազով եղբայրները։
– Քանի որ Դուք հանդիսանում եք նաեւ ազատ ոճի ըմբշամարտի ազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահը, հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը հայ ըմբիշների վերջին տարիների ելույթների և առհասարակ ըմբշամարտի հայկական դպրոցի մասին։
– Հետխորհրդային տարիներին որոշակի նահանջ ունեցանք, ինչը ուներ իր թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառները։ Այսօր արդեն վիճակն այլ է։ Մեր ըմբիշները տարեցտարի կատարելագործում և հղկում են իրենց վարպետությունը, սկսել են վստահ և տպավորիչ ելույթներ ունենալ։ Ես համոզված եմ` առաջիկա տարիներին մեր մարզիչների և մարզիկների շնորհիվ մեր ըմբշամարտի դպրոցը կվերականգնի իր բարի համբավը, կունենանք Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոններ։ Տաղանդավոր ըմբիշներ են Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, Էդգար Ենոքյանը, Միհրան Ջամբուրյանը, Նարեկ Սանոյանը։
– Այս անգամ Հայրենիքում էիք Ձեր անունը կրող միջազգային հերթական 17-րդ մրցաշարին ներկա գտնվելու նպատակով։ Քանի՞ երկիր մասնակցեց, ի՞նչ նոր անուններ ի հայտ եկան, և հնարավո՞ր է, որ ապագայում նորանոր երկրներ համալրեն մասնակիցների շարքերը։
– Այս անգամ հինգ երկիր մասնակցեց` Ռուսաստան, ՈՒկրաինա, Իրան, Վրաստան և Հայաստան` մոտ 140 ըմբիշներ, որոնց մեջ կային Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի մասնակիցներ և մրցանակակիրներ։ Ռուսաստանը երեք հավաքականով էր մասնակցում` առանձին, Դաղստանն ու Հյուսիսային Օսիան էլ` առանձին հավաքականներով։ Այս անգամ թիմային հաշվարկով առաջին տեղը գրավեց մեր հավաքականը, իսկ երկրորդը` Ռուսաստանի։
-Երկար տարիներ բնակվում եք Մոսկվայում: Եթե գաղտնիք չէ, ինչո՞վ եք զբաղվում:
-«Ստեփան Սարգսյան» հիմնադրամի նախագահն եմ: Մեր հիմնադրամը տարաբնույթ բարեգործական ձեռնարկներ է իրականացնում: Վանաձորյան մրցաշարը հիմնականում ֆինանսավորվում է այդ հիմնադրամի կողմից:
– Հայաստան ի՞նչ հաճախականությամբ եք այցելում։
– Տարին երեք-չորս անգամ գալիս եմ։ Հավատացեք, ծնողի, հարազատի, հող ու ջրի կարոտին դիմանալը շատ դժվար է։ Անձամբ ես դրան չեմ դիմանում։ Իմ խորին համոզմամբ, այդ հիվանդությամբ տառապում ենք բոլորս։ Տա Աստված, որ միշտ ուրախ առիթներով գանք Հայրենիք։
– Ըստ Ձեզ` ըմբիշների համախմբվածությունը ինչո՞վ է պայմանավորված։
– Մարզաձևից է։ Պատկերացրեք, օրվա մեջ մի քանի ժամ գորգի վրա ըմբիշները գրկախառնվում են, ըմբշամարտիկի լեզվով ասած` իրար քրտինք են լիզում,- ավագ ընկերոջն է շարունակում Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը։
– Պարոն Սարգսյան, շատ վաղուց մի անհավատալի պատմություն եմ լսել, թե ինչպես Դուք աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ 24 ժամում կարողացել եք 9 կգ 200 գրամ քաշ գցել և այդ վիճակում հասել եք կիսաեզրափակիչ, որտեղ, նախ, գետնել եք աշխարհի չեմպիոն ադրբեջանցի Խազար Իսաևին, իսկ եզրափակիչում էլ հաղթել եք մեկ այլ ուժեղ ըմբիշի` ռուսաստանցի Ռուսլան Կարաևին։ Իհարկե, մինչև մեր զրույցը Ձեր այս անօրինակ մարզական սխրանքի որոշ մանրամասներ ճշտել էի Ձեր ընկերոջից` Տիգրանից։ Իսկ ազատ ոճի ըմբշամարտի մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ինձ վստահեցրեց, որ աշխարհում մինչ օրս ոչ մի մարզիկի չի հաջողվել նման արդյունք ցույց տալ։
-Այդ ժամանակ ես 71 կգ էի եւ հարկավոր էր, որ դառնայի 62 կգ.: Հավաքականի մարզիչները քաշ գցելու խնդիր դրեցին իմ առաջ, ինչն էլ ես թեպետ մեծ դժվարությամբ, բայց կատարեցի։ Առհասարակ, մենամարտային մարզաձևերում հաճախ է անհրաժեշտություն առաջանում, որ այս կամ այն մարզիկը քաշ գցի, ասենք, երկու- երեք կիլոգրամ, բայց ոչ` ինը։ Նման իրավիճակներում հայտնված մարզիկի համար ոչ թե դժվար, ես կասեի` գրեթե անհնար է լինում մենամարտելը։ Այս պատմությունը մարզաշխարհում իսկապես մեծ արձագանք գտավ։
-Յուրաքանչյուր ոք, ով փառք է բերել իր երկրին, նա հայրենիքի զինվոր է. ի՞նչ կասեք սահմանում կանգնած զինվորի մասին։
– Ես անսահմանորեն հպարտ եմ մեր բանակով, մեր զինվորներով ու նրանց հրամանատարներով։ Փառք ու պատիվ նրանց։ Իմ ընկերներից շատերն են մասնակցել Արցախյան ազատամարտին, ունեցել ենք անդառնալի կորուստներ։ Ապրելով դրսում` երբեք անհաղորդ չեմ եղել մեր ազատամարտիկ ընկերների, նրանց ընտանիքների կարիքներին և հոգսերին։ «Ստեփան Սարգսյան» ֆոնդը նաև այս հարցերով է զբաղվում։ Հայ զինվորը թող իմանա, որ ինքը բոլորից հզոր է և քաջ, և ոչ մեկը չի կարող նրա կռնակը գետնին խփել։ Որքան ճիշտ ասացիք, մարդ որտեղ էլ լինի, պետք է իրեն հայրենիքի զինվոր զգա, քանի որ միայն հայրենիքը կարող է նրան ուժ տալ։ Ես էլ ամեն անգամ մրցագորգ եմ դուրս եկել որպես իմ ազգի զինվոր։ Ամենից շատ խաղաղություն եմ մաղթում, և թող բոլորը ողջ-առողջ վերադառնան իրենց տները։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #40 (956) 11.10.2012 – 17.10.2012, Մարզաշխարհ