ԱԼՎԱՐՈՆ
Ալվարոն՝ ղազանչեցի Շեկյան Ալվարոն, ուրիշ է։ Նա զենքը ձեռքին ոտքի տակ է տվել ողջ Ղարաբաղը։ Կռվել, արյուն է հեղել Ֆիզուլիում, Աղդամում, Լաչինում, Քելբաջարում, Հորադիզին հարող տարածքում, ամեն-ամեն տեղ, որտեղ թշնամին գլուխ է բարձրացրել…
Կարդացեք, խնդրեմ, իր իսկ ձեռքով լրացրած հատուկ Հարցաթերթիկը ու կհամոզվեք։ Կհամոզվեք, որ այն հրաշունչ տարիներին մի օր, մի ժամ անգամ գլուխ չի պահել, միշտ առաջ է նայել ու քայլել, քայլել, քայլել ռազմի ճանապարհներով։ Ու այսպես մինչև… մինչև վերջ։
Ասել է թե՝ զենքը ցած է դրել միայն այն ժամանակ, երբ Արցախը վերջապես ազատ շունչ է քաշել, երբ թշնամին վերջնականապես իր բույնն է քշվել։
Դասակի հրամանատար է եղել, գումարտակի շտաբի պետ, գումարտակի ԴԱ գծով հրամանատարի տեղակալ…
Ալվարոն այսօր էլ իրեն հայրենիքի պաշտպան է համարում, քանզի աշխատում է ազատամարտիկների միությունում և առաջվա պես մտահոգ է հայրենի երկրի ճակատագրով, բանակի առջև ծառացած խնդիրներով։
-Ես իմ պարտքն եմ կատարել, ուրիշ ոչինչ։ Այնպես, ինչպես շատ շատերը,- համեստորեն ասում է ինքը։
Լսում եմ նրան ու ակամայից Վիկտոր Հյուգոյի իմաստուն խոսքն եմ հիշում. «Յուրաքանչյուր մարդ երեք բնավորություն ունի։ Այն, որ նրան վերագրում են, ա՛յն, որ նա ինքն է իրեն վերագրում, այն, որ իրականում կա»։
…Որ իրականում կա։ Ա՛յ, սա է կարևորը։ Իսկ ինչպիսի՞ն է իրականում։ Կարծում եմ՝ ում էլ հարցնեք, կասի՝ ազնիվ է, անկեղծ, արդարամիտ ու համարձակ, հանդուգն ու անզիջում։ Կասի, որովհետև, իրոք, այդպիսին է։ Մեծ սրտի, մեծ հանդգնության տեր։ Ի միջի այլոց, ասում են՝ նախագահ Սերժ Սարգսյանը մի առիթով նրան «Միայնակ գայլ» է անվանել։ Չեմ զարմանում։ Երևի նկատի է ունեցել արհամարհանքը ահի, մահի նկատմամբ։
Թեկուզև այն, որ 1988-ի փետրվարի 22-ին, ոխից դրդված, մի քանի տասնյակ ջահելների և տարեցների հետ գնաց ու կասեցրեց Աղդամից դեպի Ասկերան շարժվող ցնորված ադրբեջանցիների ազգային «երթը»։
Հիմա կասեք՝ ինչպե՞ս, ինչո՞վ։ Քարով, մահակով, երկաթե ձողերով, բռունցքված ջլապինդ ձեռքերով։ Պատկերացնո՞ւմ եք։ Հարյուրը հազարների դեմ։
-Ես իմ մարտական մկրտությունն այդ օրն եմ ստացել,- ասում է Ալվարոն։ -Այդ օրն եմ առաջին անգամ տեսել թշնամու խղճուկությունը։
Բայց չթաքցնենք, գրեթե բոլոր մարտերում հաղթանակը ձեռք ենք բերել դժվարությամբ, մեր մարտիկներից մեկի, երկուսի, երբեմն էլ՝ մի քանիսի կյանքի գնով։
Ի՜նչ տղաներ ենք կորցրել…
Լսած կա՞ք եղբայրներ Վազգեն և Վարդան Գրիգորյանների մասին։ Իմ քեռու տղաներն էին, որոնք հետմահու արժանացան «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի, և որոնց նվիրված վավերագրական պոեմ է գրել Գուրգեն Գաբրիելյանը՝ «Մուսա լեռան… երկու որդիներին» վերնագրով…
Լռում է մի պահ ու նոր միայն հիշելով՝ շարում, թվարկում հիշատակում նվիրական անուններ՝ Անդրանիկ Դանիելյան, Դավիթ Ժամհարյան, Արթուր Ավանեսյան, Դավիթ Սարգսյան, Մխիթար Նիգեյան, Վարուժան Թևոսյան, Ջոն Բեգլարյան…
Հարցրու Ալվարոյին, հարցրու Վլադիմիր Ավագյանին, Սամվել Հարությունյանին՝ նույնը կասեն։ Կասեն՝ բա ուրիշ ինչի՞ համար ենք կռվել, ինչի՞ համար ենք զոհեր տվել։ Պարզ է՝ հողի համար, Արցախի համար, որը մե՛րն է եղել, մե՛րն է և մե՛րը պիտի լինի գալիք բոլոր դարերում։
-2005-ի ականի հուժկու պայթյունից ծանր վիրավորվել եմ։ Գիտակցությունս չեմ կորցրել և ռացիան դեն չեմ նետել։ Շուտով տղաները նկատել և օգնության են հասել։ Սակայն… ապարդյուն։ Աջ ոտքս ծնկից ներքև չկար… Ինձ տեղափոխել են զինվորական հոսպիտալ, որտեղ մնացել եմ շուրջ երկու ամիս։ Վիրահատել են, անդամահատել ոտքս, պրոթեզավորել։ Ուրիշ ինչ ասեմ։ Մնացածը՝ գիտեք։
Էլ ոչինչ չեմ ասում։ Պարզապես նայում եմ նրա մեղմ ժպտացող աչքերին։
Ինչքա՜ն մեծ կամքի, մեծ ուժի տեր մարդ է նա… Պատմում է այնքան հանգիստ, այնքան անվրդով, ասես, առավոտյան տեղացած ձյան կամ չարաճճի մանկան չարության մասին է խոսում…
Այսպիսին է չորս թոռնիկների պապիկ դարձած ու բոլորովին վերջերս 60-ը բոլորած Ալվարո Շեկյանը։
ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
թոշակառու ուսուցիչ
գ. Մեծ Թաղեր