Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐՏՍ ՀԱՆԳԻՍՏ Է



Ես չորս զավակ ունեմ՝ երեք աղջիկ և մեկ տղա։ Փոքրը տղաս է՝ Միքայել Հաջիևը, որն այժմ ծառայում է բանակում։ Զորամասից շնորհակալագիր ենք ստացել՝ «Ձեր որդին աչքի է ընկնում ազնվությամբ, բացառիկ կարգապահությամբ, կամքի ուժով։ Դուք իրավամբ կարող եք հպարտանալ ձեր զավակով»։ Ծնողի համար չկա ավելի մեծ հպարտություն, քան իր զավակին ուղղված գովասանքը։

Տղաս ասում է, որ իրենց զորամասում բոլոր զինվորներն էլ եղբոր պես են, իրար սարի պես թիկունք են, սարի պես պաշտպան։ Մի կոնֆետն ինչ է, իրար մեջ բաժանում են և նոր ուտում։ Համոզված եմ, լավ զորամասում զինվորը լավ էլ կծառայի։ Միքայելը բարեխիղճ և նվիրված ծառայության համար միայն շնորհակալագիր չէ, որ ստացել է, այլև կրծքանշան, ժամացույց։ Մի անգամ էլ մոտակա գյուղի արտերից մեկում կրակ են նկատում և զինվորներով ու սերժանտներով կարողանում են մարել հրդեհը։ Գյուղի մարդիկ զորամասի հրամանատարությանը շնորհակալություն էին հայտնել։

Տղաս շատ գոհ է ծառայությունից։ Անկեղծ լինեմ, սկզբում մտավախություն ունեի, որ բանակում տղայիս որպես այլազգիի (ամուսինս քուրդ է) լավ չեն վերաբերվի։ Սակայն բոլորովին իզուր էի անհանգստանում. հարգանքի և փոխվստահության մթնոլորտում է ծառայում որդիս։

Մայրական ջերմ բարեմաղթանքներս եմ ուղղում բոլոր նրանց, ովքեր ամառվա տապին, ձմեռվա կտրող ցրտին, սահմանին անառիկ կանգնած հսկում են մեր երկրի անդորրը՝ որդուս, նրա զինվոր ընկերներին, որոնցից շատերի անուններն անգամ չգիտեմ էլ, բայց նրանք ինձ որդուս պես հարազատ են, հրամանատարներին։ Մայրական սիրտս հանգիստ է։

ԱՄԱԼՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ք. Դիլիջան

Խորագիր՝ #40 (956) 11.10.2012 – 17.10.2012, Բանակ և հասարակություն


17/10/2012