ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՋՈՆԻ ԵՐԱԶԱՆՔԸ
Փոխգնդապետ Ջոն Պապյանը իրեն շիտակ մարդ է համարում, մարդ, որը չի ճկվում ժամանակների քամուց, չի ծալվում, չի կոտրվում… Խոսում է երիտասարդական ավյունով, բարձրաձայն, վստահ։ Ծառայակից ընկերները, սակայն, նրան ամենից շատ գնահատում են գործին անմնացորդ նվիրված լինելու, ընդհանուր շահը սեփականից բարձր դասելու համար։
-Մեր զորամասի հիմնական խնդիրը ազգային բանակը կրտսեր հրամանատարական որակյալ կադրերով ապահովելն է։ Սերժանտը զինվորին ամենից մոտ գտնվող մարդն է և նրա անմիջական հրամանատարը։ Մեր պատրաստած կրտսեր հրամանատարներն իրենց գործի մասնագետներն են, լավագույնս են տիրապետում զենքին, լավ գիտեն դրա նշանակությունը, ուժը, հնարավորությունները… Կրտսեր հրամանատարական կազմը այն հենքն է, որի վրա է հիմնվում է բանակը…
Լրագրողիս երկարամյա փորձն ինձ հուշում է՝ երբ 20 տարվա փորձառությամբ զինվորականը միանգամից սկսում է խոսել իր զորամասի հիմնական խնդիրներից և շուտասելուկի պես սերտած մտքեր է ասում, ուրեմն կա՛մ տրամադրությունը տեղը չէ, կա՛մ «լեզվի տակ» ինչ-որ բան կա, կա՛մ էլ՝ հոգին խռովող ինչ-որ անհանգստություն։
-Երեկ սահմանին զինվոր է զոհվել… Նայում եմ մարդկանց աչքերին ու չեմ տեսնում ո՛չ տագնապ, ո՛չ ցավ, ո՛չ անհանգստություն… Ախր, մեզ նման փոքրիկ երկրի համար, որ ապրում է ընդամենը հրադադարի պայմաններում, մեզ նման փոքրաթիվ ժողովրդի համար զինվորն ամենամեծ արժեքն է: Շուրջդ ես նայում` ասես ոչ մի բան էլ չի պատահել։ Այս ե՞րբ ենք այսպես անտարբեր դարձել, ինչպե՞ս ենք դարձել… Թերթում եմ մամուլը, փոխում եմ հեռուստացույցի ալիքները. ամեն ինչի մասին խոսվում է՝ է՛լ աստղերի ամուսնությունից, է՛լ ճաշերից, է՛լ նիհարելու դեղատոմսերից… Եվ զինվորի զոհվելու մասին բոթը խլանում է այդ խայտաբղետ ու դատարկ լուրերի մեջ… Ի՜նչ մեծ բան է պատահել. սահմանագլխին զինվոր է զոհվել… Մեր հասարակությունը մեծ հաշվով մի տեսակ անտարբեր է դարձել. սա ինձ մտահոգում է, եթե չասեմ՝ վախեցնում։ Զինվորը մեր ճակատագիրն է, բայց մենք անտարբեր ենք դարձել մեր իսկ ճակատագրի հանդեպ…
Փոխգնդապետ Ջոն Պապյանը պատերազմ տեսած մարդ է և ատում է պատերազմը։ Նա այն կարծիքին է, որ մահն իր աչքերով տեսած մարդը չի կարող սրիկա, խաբեբա լինել։ Եթե փորձես առարկել, նաև հակառակը ապացուցող փաստարկներ բերել, կարճ կկապի. «Ուրեմն, նրանք առաջնագիծ չեն հասել։ Եթե ասեն՝ չհավատաք։ Հո ամեն զենք վերցրած ու բեռնատար նստած մարդ զինվոր չէ՞…»։ Ջոն Պապյանը 1991թ. անդամագրվել է հայրենի Սիսիանի ջոկատին և կռվել մինչև պատերազմի հաղթական ավարտը։
-Իմ լավագույն ընկերը՝ Աղվան Մինասյանը, զոհվեց հակառակորդի նետած վերջին ականից։ Վերջին, որովհետև մենք անմիջապես լռեցրինք նրանց բոլոր կրակակետերն ու հաղթական գրոհի անցանք։ Այդ գիշեր ընկավ Կուբաթլուն։ Բայց իմ ընկերոջը բաժին հասավ մեռնող թշնամու նետած վերջին արկը… Աղվանը բանաստեղծ էր… Երբ դեռ բոլորս «միացում» էինք գոռում, նա անկախություն էր երգում։ Պատերազմի դաշտում ընկնելը ոչ միայն հերոսություն է, այլև բախտ։ Աղվանը այդ բախտավորներից մեկը եղավ։ Ես կուզեի, որ նրա մեծադիր նկարը կախվեր Երևանի, մեր քաղաքների բանուկ խաչմերուկներում՝ որպես անօրինակ հայրենասիրության դաս ու դաստիարակություն։ Բայց չէ՞ որ մենք խզբզեցինք, բեղումորուք դրեցինք, պատռեցինք-պատառոտեցինք, ծվեն-ծվեն արեցինք քաղաքի բանուկ մասերում փակցված ժպտացող զինվորների լուսանկարները… Մե՛ր որդիների լուսանկարները։ Իսկ այդ պարզ ու անմիջական նկարները ջերմացնում էին մեր հոգին, հպարտությամբ էին լցնում մեր սրտերը։ Մենք բզկտեցինք մեր զինվոր որդիների ժպիտները… Կոտրում ենք ժողովրդական դերասանի արձանը, ծամածռություններ ենք անում Չարենցի արձանի կողքին, բանակի մասին պատմող ցածրարժեք հեռուստասերիալներով ձեռք ենք առնում սպային… Ահա այս միջավայրում է ձևավորվում մեր մատաղ սերունդը, մեր վաղվա զինվորը… Նմաններին չես դաստիարակի ոչ մի օրենսգրքով, որքան էլ այն խիստ լինի… Մենք թերանում ենք դաստիարակության հարցերում…
Այսուհանդերձ, Պապյանը այն սպաներից չէ, որոնք աչք են փակում բանակում առկա թերությունների վրա և արատավոր երևույթների մեղքը բարդում են միայն հասարակության ուսին։ Նա համոզված է, որ բանակի ապագան բարեկիրթ, լավագույն զինվորական դպրոցներում կրթություն ստացած սպաներն են, և նրանք են ստեղծելու բարոյահոգեբանական այն առողջ մթնոլորտը, որում ծառայելը կլինի ամեն զինվորի երազանքը…
-Որտեղ զենք կա, այսինքն՝ ուժ, ուրեմն, պետք է լինի բացարձակ արդարություն։ Արդարությունից ամեն շեղում, թեկուզև՝ աննշան, ծնում է ընդվզում, բանակային կարգուկանոնից շեղվելու հակում, անխոս, լուռ դիմադրություն։ Զինվորի դաստիարակման լավագույն միջոցներից մեկը, ինչպես ասում են, կենդանի օրինակն է։ Ազգային և պետական հնագույն ավանդություններ ունեցող անգլիացիները երիտասարդ սերնդի ոգին բարձրացնելու համար հեռուստատեսությամբ, մամուլով ցույց են տալիս, թե ինչպես է բոլորի հետ հավասար ծառայում թագավորական ընտանիքի արական սեռի այս կամ այն ներկայացուցիչը։ Ցույց են տալիս, թե ինչպես է ճաշում զինվորների հետ, քնում զորանոցում… Ես կուզենայի, որ մեր հեռուստաալիքներն էլ դատարկ բաներ ցուցադրելու փոխարեն ցույց տային, ասենք, այս կամ այն նախարարի կամ Ազգային ժողովի պատգամավորի, հանրապետությունում հայտնի անհատի որդին ինչպես է ծառայում, ինչպես է հաղթահարում ծառայական դժվարությունները, ինչպես է ուրիշներին հավասար պաշտպանում իր երկիրը։ Ահա սա կլինի մեր բանակի բարոյահոգեբանական ներքին կյանքն առողջացնելու լավագույն ազդակն ու գովազդը… Ավաղ, չենք անում… Թեև, անկեղծորեն ասած, ես նմաններին չեմ հանդիպել գոնե այն զորամասում, որտեղ ծառայում եմ…
Փոխգնդապետ Պապյանը, ինչպես ամեն մարդ, երազանքներ ունի։ Որպես զինվորական նա երազում է այն օրվա մասին, երբ կկարողանանք բանակ զորակոչել ոչ թե պարզապես 18-ը լրացած արական սեռի ներկայացուցչին, այլ միայն նրանց, ովքեր բանակում ծառայելը կհամարեն եզակի բախտ ու մեծագույն պատիվ և ոչ թե պարզապես պարտականություն։ Ախր, զինվորի մասնագիտությունն էլ, ինչպես ամեն մասնագիտություն, նվիրվածություն, տաղանդ է պահանջում, զինվորականի տաղանդ, որը մեր օրերում հեշտ չի ճարվում։ Երազանքներից մեկն էլ այն է, որ մեր ժողովուրդը, ինչպես աշխարհի շատ ու շատ ժողովուրդներ, ինչպես մեր անմիջական հարևանները, հպարտանա իր պետականության խորհրդանիշերով՝ ոտքի կանգնի իր երկրի օրհներգը լսելիս, տոն օրերին էլ իր տան, խանութի, կրպակի, պատշգամբի ճակատին, առանց որևէ հրահանգի, հոգու պահանջով, կախի եռագույն դրոշը…
-Այս օրերի մեծագույն չարիքը, իմ կարծիքով, հասարակության անտարբերությունն է ամեն ինչի նկատմամբ… Որքան լարված է մեր շրջակա աշխարհը, այնքան ավելի զարմանալի կերպով մենք անտարբեր ենք դառնում մեր ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ… Երեկ սահմանագլխին զինվոր է զոհվել, և ես այդ ցավը չեմ կարդում մեր հասարակության աչքերի մեջ… .. Սակայն ես կուզենայի, շատ կուզենայի, որ նման դեպքերում գյուղական հողոտ փողոցի քարաշեն որևէ շենքի ճակատին խոնարհված տեսնել մեր դրոշը, և իմ այն հարցին՝ ի՞նչ է պատահել, գյուղացի մարդը պատասխաներ՝ աղետ, մեծ աղետ։ Սահմանագլխին զինվոր է զոհվել…
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
Խորագիր՝ #40 (956) 11.10.2012 – 17.10.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում