Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՎՏԱՆԳ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ



ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչությունը տոնում է իր կազմավորման 20-ամյակը։

Զրույց վարչության պետ, գնդապետ ՀԱՅԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ

Գնդապետ Հայկ Կարապետյանը ավարտել է Վոլգոգրադի զինվորական հրամանատարական բարձրագույն ուսումնարանը: Խորհրդային բանակում ծառայությունն սկսել է որպես վաշտի հրամանատարի տեղակալ: 1991-ին կապիտանի կոչումով տեղափոխվել է Հայաստան եւ ծառայության անցել Արթիկի զինկոմիսարիատում՝ որպես բաժնի պետ: 1992-ին ծառայության է անցել նորակազմ հայկական բանակում՝ նշանակվելով գումարտակի շտաբի պետ: Արցախյան պատերազմի տարիներին մասնակցել է Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանությանը: 1994-1997թթ. եղել է գնդի հրամանատար: Ավարտել է ՌԴ Ֆրունզեի անվան զինվորական ակադեմիան: 2008-ից ղեկավարում է վերոհիշյալ վարչությունը:

Պարգեւատրվել է «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի», «Արիության», «Մարշալ Բաղրամյան» եւ «Վազգեն Սարգսյան» մեդալներով:

-Պարոն Կարապետյան, հետպատերազմյան 5-6 տարիներին (մինչև 2000թ.) բանակը դեռևս թոթափում էր պատերազմի հետևանքները։ Այսօր թերևս փորձենք գնահատել բանակաշինության հետագա ընթացքը՝ մասնավորապես անդրադառնալով թերություններին ու բացթողումներին։ Քանի որ Ձեր ղեկավարած կառույցն ունի հսկողական գործառույթ և ընդգրկում է պաշտպանության համակարգի գրեթե բոլոր ուղղությունները։

– Բանակաշինության ընթացքի վերջին երկու որակական փուլերը, իմ դիտարկմամբ, ընդգրկում են 2000-2008 և 2008-ից հետո ընկած ժամանակահատվածները։ Որակական զարգացման առաջին էական ձեռքբերումները արձանագրվեցին 2000թ. հետո, երբ սկսվեց կատարելագործվել նյութատեխնիկական բազան, տեխնիկական հագեցվածության խնդիրը դարձավ առաջնային, կառուցվեցին տիպային զորանոցներ, և ամբողջ գործունեությունն ուղղվեց ներքին ծառայության կանոնագրքին համապատասխան ծառայություն ապահովելու նպատակին։ Այսինքն՝ խնդիր դրվեց փոխելու ծառայության որակն ու բովանդակությունը։ Եթե մինչ այդ բանակը լուծում էր իրավիճակային հարցեր, ապա 2000-ից հետո ծրագրերը առավել ընդգրկուն էին և ռազմավարական խնդիրներ էին առաջադրում, լրամշակվեցին «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը», «ԶՈՒ կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը» և բազմաթիվ այլ փաստաթղթեր, համապատասխան ժամանակի պահանջներին ու հայկական բանակին բնորոշ առանձնահատկություններին։

-Ձեր վարչությունը կառուցվածքային փոփոխության ենթարկվե՞լ է՝ կապված գործառույթների փոփոխության կամ ընդլայնման հետ։

-Կառույցը ձևավորվել է որպես զորքերի ծառայության և ռեժիմի վարչություն։ 2009թ. վարչությունը վերանվանվեց, և զինծառայության անվտանգությունը դարձավ և՛ ներքին ծառայությունը, և՛ կայազորային ու պահակային ծառայությունը կատարելագործելու գերակա նպատակը։ Զինծառայության անվտանգությունը և զորքի մարտունակությունը ուղղակիորեն փոխկապակցված են և փոխպայմանավորված։ Փոխվեց վարչության ստորաբաժանումների աշխատանքի որակը։ Մի օրինակ բերեմ. եթե սկզբնական շրջանում վերլուծության բաժինը զբաղվում էր բանակում դեպքերի ու պատահարների արձանագրմամբ և դրանց քանակային միտումները նշելով, ապա հետագայում բաժինը սկսեց զբաղվել պատճառահետևանքային կապերի վերլուծությամբ և ներկայացնել առաջարկություններ առկա խնդիրները վերացնելու համար։ Որոշակիորեն բարելավվել է համագործակցությունը այլ վարչությունների, առավելապես՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության հետ, ինչը արդյունավետ և նպատակաուղղված գործունեության կարևոր նախադրյալ է։

-Ինչպես կբնութագրեք բանակաշինության 2000-2008 ժամանակահատվածը։ Պիտի խնդրեմ, որ խոսեք առավելապես զորքերում արձանագրված այն բացասական թերությունների մասին, որոնց հաղթահարումը հետագա տարիներին (մինչ օրս) եղել է Ձեր գործունեության գերակայությունների շարքում։

-Իմ դիտարկմամբ՝ կանոնադրային հարաբերությունների անկատարությունը՝ իր բոլոր բացասական հետևանքներով զորքերի մարտունակությունը սասանող և բանակի հեղինակությունը խարխլող գործոն էր։ Բանակ էր սողոսկել և փորձում էր արմատավորվել, դառնալ դիմագիծ, ավանդույթ մի այնպիսի արատավոր երևույթ, ինչպիսին էր «հեղինակությունների ու չաստ նայողների ինստիտուտը»։ Բանակ էր մտել մի մտածելակերպ, մի բարոյական արժեհամակարգ, որը բնորոշ է հանցագործ աշխարհին։ Սա բացասաբար էր անդրադառնում ինչպես բանակի, այնպես էլ հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա։

-Ձեզ չի՞ թվում, որ բանակում, այսպես ասած, «զոնի բարքերը» տարածվեցին հենց սպայակազմի մեղքով՝ հանդուրժողականությամբ ու թողտվությամբ։ Ավելին՝ «լավ տղայի» գործոնը կար նաև ռազմական ինստիտուտում։ Կային սպաներ, որոնք զինվորներին բաժանում էին «կաստաների»՝ որոշակի աշխատանքներ վերապահելով մի մասին, իսկ մյուս մասին՝ ազատելով դրանից։

-Եթե ավելի խորանանք, այս երևույթն իր արմատներն ուներ հասարակության մեջ, քանի որ երկրում, հասարակության տարբեր շերտերի մեջ լուրջ բարոյահոգեբանական հետընթաց և վերարժևորում էր արձանագրվել։ Անշուշտ, բանակում միջանձնային հարաբերությունների անկատարության մեջ մեղքի իր բաժինը ուներ սպայակազմը։ Կար խեղված պատկերացում առաջնորդի կերպարի մասին։

-Այն հարցին, թե որո՞նք են լիդերին բնորոշ հատկանիշները, ինչպիսի՞ մարդիկ են կարողանում իշխել, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ իշխելն ու առաջնորդելը տարբեր բաներ են, և իշխել կարող են նաև բռնությամբ, հարկադրաբար… Իսկ առաջնորդելու համար պետք են մտավոր բարձր ունակություններ, հարուստ ներաշխարհ, առաքինություններ, հոգեբանական հատկանիշներ, վստահելի, արժանավոր, հուսալի լինելու կարողություն…»։

-Դուք շարունակեցիք միտքս՝ մեջբերելով նախարարի խոսքերը։ Որոշ սպաներ զինվորներին հնազանդեցնելու և կարգուկանոն հաստատելու սխալ ձև էին ընտրել՝ առաջնորդ կարգելով ոչ թե խելացիներին, արդարներին, արժանավորներին, այլ ընդհակառակը՝ անհոգի, անխիղճ ու բռնացող զինվորների, որոնք փորձում էին հարցեր լուծել ոչ թե արդարության, այլ ուժի դիրքերից, ու «լավ տղան» իր կամքը ուժով-բռնությամբ ուրիշին պարտադրող տղան էր։ Եվ որ ամենավատն է, չէին կատարվում կանոնագրքի պահանջները։ Այսինքն՝ միջանձնային հարաբերությունները և զինվորի վարքը ձևավորվում էին ոչ թե օրենքի պահանջին համապատասխան, այլ կամայականորեն, և ձևավորվում էր օրենքը շրջանցելու պրակտիկա։

-Երբ զինվորական դատախազությունում ուսումնասիրում էի քրեական գործերը, տեսա, որ զինվորին ապտակելու համար սպաներ են ենթարկվել քրեական պատասխանատվության։ Սա, իրոք, վերջին ժամանակների ձեռքբերում է։ Որովհետև նախկինում «հայրական» ապտակն այնքան ընդունված էր, որ սպաները հարցազրույցի ժամանակ նույնիսկ չէին թաքցնում, որ կիրառում են այդ «անմեղ» պատժամիջոցը։

-Զինվորի հանդեպ որևէ բռնություն ենթակա է պատժի, իրավական հետապնդման։ Որտեղ կա ապտակ, այնտեղ անպայման լինելու է ծեծ և խոշտանգում։ Որովհետև չպատժված ցանկացած հանցանք ստեղծում է անպատժելիության մթնոլորտ և դառնում է պարարտ հող առավել ծանր հանցանքների համար։ Կատարված դեպքերի (մասնավորապես՝ մահվան ելքով) վերլուծությունը ցույց տվեց, որ դրանց զգալի մասը ոչ կանոնադրական հարաբերությունների և անպատժելիության պրակտիկայի հետևանք է։ Եվ բոլոր ուժերը կենտրոնացվեցին զորքերում կանոնադրային հարաբերություններ հաստատելու և անպատժելիության պատրանքը թոթափելու նպատակով։

-Խոսել զորքերում առկա թերությունների ու դրանց դեմ մղվող պայքարի մասին ու չանդրադառնալ հովանավորչությանը, ճիշտ չի լինի։ Մենք այս խնդրին բախվում էինք (և դեռևս լիովին չենք թոթափել) սկսած զորակոչից մինչեւ զինվորական ծառայության ավարտը։ Կային զորակոչիկներ, որոնք իրենք էին «ընտրում» իրենց ծառայության վայրը, կային զինվորներ, ովքեր զորամասում ունեին արտոնյալ կարգավիճակ կամ ընդհանրապես զորամաս չէին գալիս…

-Սա ուղղակի հարված էր ծառայության անվտանգությանը։ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը փորձեց խնդիրը լուծել ոչ թե շեշտը դնելով անձերի (կադրերի) բարոյականության վրա, այլ գնաց մեխանիզմները կատարելագործելու ճանապարհով։ Այսինքն՝ փորձ արվեց փակել բոլոր սողանքները անօրինականության առջև։ Խոսքը վերաբերում է նաև զորամասերում զինվորների արձակուրդների բաշխման կարգին և այլն։

Լուրջ խոչընդոտ էր նաև իրավական գիտելիքների պակասը և՛ սպաների, և՛ զինվորների շրջանում։ Եվ այդ բացը լրացնելը սեփական իրավունքների պաշտպանության լրացուցիչ խթան էր և օրինականության ամրապնդման նախադրյալ։ Իրավական գիտելիքների տարածումը զորքերում շարունակական գործընթաց է։

-Ձեր նշած բացասական երևույթները որոշակի դրսևորումներ ունեն նաև այսօր։ Այսինքն՝ դրանք լիովին հաղթահարված չեն։

-Բանակում առկա բացասական երևույթների դեմ միշտ էլ անհաշտ պայքար է մղվել՝ սկսած հետպատերազմյան փուլից։ 2000-ից հետո այդ պայքարը դարձավ ավելի առարկայական, և 2008-ին արդեն հասել էինք մի որակական հանգրվանի, որը հնարավորություն էր տալիս թևակոխել առաջընթացի ու զարգացման նոր փուլ։ 2000-2008թթ. բանակն էական ձեռքբերումներ ունեցավ և՛ մարտական պատրաստության, և՛ կարգապահության, և՛ միջանձնային հարաբերությունների կատարելագործման առումով։

-Բանակի օրինականությունը սկսվում է տարրական կարգապահությունից՝ օրվա կարգացուցակի ճշգրիտ կատարում, պատշաճ ուշադրություն վերակարգի նախապատրաստական աշխատանքներին և այլն։

-Օրվա կարգացուցակի ճշգրիտ կատարումը զինվորական կարգապահության հենքային բաղադրիչներից է, որի անկատարությունն ուղղակիորեն կապված է որոշ սպաների և զինվորների՝ իրենց ֆունկցիոնալ պարտականությունները չկատարելու սովորության հետ։ Նույնը վերաբերում է նաև զենքի հետ վարվելու կանոնների խախտումներին, ավտովթարներին և այլն։ Իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության մեխանիզմի հստակեցումը դրանց իրագործումը ապահովելու էական նախապայմանն է։ Ուստի այդտեղ էլ շեշտը դրվեց համակարգային բարեփոխումների վրա։

-Դուք էական դերակատարում չե՞ք վերապահում կադրերին։ Մեխանիզմները պետք է գործունակ լինեն, բայց մարդկային գործոնի դերն էլ պակաս կարևոր չէ։

-Ես մեծ դերակատարում եմ վերապահում ավանդույթներին և ընդհանուր մթնոլորտին։ Նույն ռազմական ինստիտուտից զորքերում ծառայության անցած երկու երիտասարդ լեյտենանտ՝ նույն դաստիարակությունը ստացած, նույն մտածելակերպով ու բարոյական արժեհամակարգով, կարող են որոշ ժամանակ անց էականորեն տարբերվել իրենց ծառայության որակով՝ կախված այն բանից, թե ինչ պահանջներ, ավանդույթներ կան իրենց զորամասում։

-2008-ին մշակվեց «Զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգը», որո՞նք են դրա հենքային դրույթները։

-Հայեցակարգը մշակված է ՀՀ Սահմանադրության, «Պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքների դրույթներին, ինչպես նաև պաշտպանության նախարարության համակարգում կիրառվող այն նորմատիվ-իրավական ակտերին համապատասխան, որոնք կարգավորում են պաշտպանության իրավական հիմունքները և ապահովում են զինվորական ծառայության անվտանգությունը։ Հայեցակարգը բխում է ԶՈՒ-ում զինվորական ծառայության անվտանգության արմատական բարելավման անհրաժեշտությունից։ Հայեցակարգի նպատակն է մշակել զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգության ապահովման աշխատանքները կազմակերպելու ժամանակակից մեթոդներ, որոնք կհամապատասխանեն ԶՈՒ բարեփոխումների արդի փուլի պահանջներին։

Հայեցակարգի խնդիրներից են՝ որոշել ԶՈՒ ամենօրյա գործունեության ընթացքում զինվորական ծառայության անվտանգության ապահովման սկզբունքները, սահմանել զինվորական ծառայության անվտանգության հիմնական սպառնալիքները ներկայիս փուլում, ուղղություններն ու բովանդակությունը, ղեկավարման հիմունքները։

Զինվորական ծառայության անվտանգության ապահովման հիմնական նպատակը զինծառայողների կենսական շահերի ապահովումն է, նաև ԶՈՒ տարաբնույթ գործողությունների (զորավարժություններ, վարժանքներ և այլն) ընթացքում տեղի բնակչության առողջության, ունեցվածքի, շրջակա միջավայրի պահպանության և բնական ու տեխնածին աղետների վերացման աշխատանքներում զորքերի ներգրավումը։ Մենք խնդիր ունենք բացառելու անձնակազմի ոչ մարտական կորուստները, կանխարգելելու բնակչության հանդեպ զինծառայողների կողմից որևէ իրավախախտում և նվազագույնի հասցնելու շրջակա միջավայրին հասցվող վնասները։

-Որո՞նք են զինվորական ծառայության անվտանգության հիմնական սպառնալիքները բանակաշինության այս փուլում։

-Զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակը, հասարակական հարաբերությունների հնարավոր քրեականացումը, փողոցային բարքերի, հանցավոր տարրերի՝ զինվորական կառույցներ ներթափանցելու փորձերը, զորակոչային տարիքի քաղաքացիների կրթական, բարոյահոգեբանական և ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, քրեական պատասխանատվության ենթարկվածների թվի աճը։ Որոշ զինծառայողների մասնագիտական ցածր մակարդակը, անվտանգության կանոնների չիմացությունը (թերիմացություն), որոշ Կայազորներում զինավաններում և զորամասերում զինվորական կարգապահության և զորքերի ծառայության ոչ պատշաճ մակարդակը։

Անհրաժեշտ է ավելի արագ կատարելագործել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, ավելի բարեխղճորեն կատարել զինպահեստների, ռազմական բազաների, հրթիռների, զինամթերքի պահեստների պահպանումը։

Զինվորական ծառայության անվտանգության սպառնալիք է հրադադարի պայմանների հաճախակի խախտումը հակառակորդի կողմից, դիվերսիոն-հետախուզական գործողությունների վտանգը առաջնագծում և սահմանամերձ շրջաններում տեղաբաշխված զինավաններում ու զինվորական օբյեկտներում։

-Այսինքն՝ Դուք նշեցիք այն գործոնները, որոնք կարող են թուլացնել բանակի մարտունակությունը և սպառնալ զինծառայության անվտանգությանը։

-Այո՛, ես նշեցի սպառնալիքները և այն ուղղությունները, որոնք զինծառայության անվտանգության երաշխիքներ են և կատարելագործման կարիք ունեն։ Հայեցակարգը նաև սահմանում է զինվորական ծառայության անվտանգության ապահովման ուղղությունները՝ իրավական ապահովում, սոցիալական, կազմակերպատեխնիկական, գաղափարական, բժշկական և այլն։

-Պարոն Կարապետյան, ասացիք, որ 2000-2008թթ. որակական առաջընթացը հնարավորություն տվեց դնել բանակաշինության զարգացման նոր փուլի հիմքերը։ Դուք արդեն նշեցիք նաև արդի սպառնալիքները՝ կատարելագործման անհրաժեշտություն ունեցող ուղղությունները։ Պիտի խնդրեմ պատասխանել՝ ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրվել վերջին 4-5 տարվա ընթացքում։

-ՀՀ պաշտպանական բարեփոխումներով նախատեսված ԶՈՒ մարտունակության և մարտական պատրաստության մակարդակի բարձրացման առաջին երաշխիքը կարգապահությունն է, և այդ ասպարեզում նկատվում է էական առաջընթաց։ Իրավագիտակցության բարձրացումը (սեփական իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության գիտակցումը) նույնպես խթանեց զինծառայության անվտանգությունը։ Զորանոցաշինությունը և զինվորների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը 2008-2012թթ. փուլի էական ձեռքբերումներից էր։ Որոշակիորեն նվազեցին զորքերում զանցանքներն ու պատահարները թաքցնելու դեպքերը, ամրապնդվեց պատժի անխուսափելիության գաղափարը, ինչը իր հերթին նվազեցրեց ծանր, մահվան ելքով հանցագործությունների քանակը։ Որակական առաջընթաց կա միջանձնային հարաբերությունների ասպարեզում, խոսքը վերաբերում է ինչպես սպա-զինվոր, այնպես էլ զինվորների միջև հարաբերություններին։ Արվեցին էական քայլեր օրենքի գերակայության գաղափարի ամրապնդման և տարածման ուղղությամբ։

-Իհարկե, ասվածից չի հետևում, որ նշյալ խնդիրները հաղթահարված են։

-Անշուշտ, մենք ահռելի անելիքներ ունենք բոլոր նշված ուղղություններով։ Հատկապես կարևորում եմ երիտասարդ սպաների հետ տարվող աշխատանքը, հրամանատարական որակների զարգացումը նրանց գիտակցության մեջ։ Ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակությունն ապահովելու համար երիտասարդ սպան պետք է կարողանա կանխատեսել իր ծառայակիցների գործողությունները որոշակի իրավիճակում, իր ենթակաների ու հրամանատարների վարքը, իսկ սա հնարավոր է միայն այն դեպքում, եթե գործողությունները հիմնված են օրենքի ոգուն ու տառին համապատասխան։ Երիտասարդ սպայի ուսուցման և դաստիարակության լավագույն մեթոդը հրամանատարի անձնական օրինակն է։ Ղեկավարման էթիկան հաջողության հասնելու էական գործոն է։ Ուստի մեծ ուշադրություն պետք է դարձնել կադրերի ընտրության, դաստիարակության, պաշտոնների նշանակման և ուսուցման գործին։ Կարևորում եմ զինծառայողների գնահատման սկզբունքների ու գաղափարների հստակեցումը և գնահատման անաչառությունը, խրախուսանքի և քննադատության արդարացիությունը և տրամաբանվածությունը։ Առաջիկայում մենք պետք է շարունակենք բարձրացնել ինչպես զինվորների, այնպես էլ սպաների իրավագիտակցության մակարդակը, հետևողականորեն մերժենք ոչ կանոնադրային յուրաքանչյուր հարաբերություն, արմատավորենք պատժի անխուսափելիության գաղափարը, յուրաքանչյուր զանցանքի տալով համապատասխան իրավական գնահատական, բարելավենք սոցիալ-կենցաղային պայմանները զորքերում, կարգապահության մակարդակը։ Ստեղծենք զինվորական էթիկայի հոգեբանական խթաններ՝ մթնոլորտ, չափանիշներ, հասարակական կարծիք… ուժեղացնենք հսկողական մեխանիզմները և հետևողականությունը։ Հստակեցնենք և առարկայացնենք զինվորին և սպային ներկայացվող բոլոր պահանջները։

-Պարոն Կարապետյան, «Հայ զինվորի» և ընթերցողների անունից շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ղեկավարած անձնակազմին ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության կազմավորման 20-ամյակի կապակցությամբ։ Բոլորիդ մաղթում եմ ծառայողական հաջողություններ և անձնական երջանկություն։ Թող որ բանակաշինության հաջորդ փուլը նշանավորվի ավելի մեծ ու փառահեղ հաղթանակներով՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի անվտանգ կեցության։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #40 (956) 11.10.2012 – 17.10.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


17/10/2012