Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Քաղաքական գործիչներն էլ մեզ պես մահկանացուներ են, և մարդկային ոչ մի բան խորթ չէ նրանց: Նույնիսկ տարօրինակությունները: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներից շատերը ևս աչքի են ընկել ինքնատիպ բնավորությամբ և պահվածքով:

Ջորջ Վաշինգտոնը շատ էր սիրում ձիավարությունը: Եվ նա միշտ պահանջում էր, որպեսզի այն ձին, որին ինքը պետք է հեծներ, լինի բացարձակ մաքուր: Նույնիսկ ստուգում էր ձիու ատամների մաքրությունը:

Ջոն Քուինսի Ադամսը հաճախ վաղ առավոտյան ամբողջովին մերկ լողանում էր Վաշինգտոնի Փոտոմակ գետում: Նա գրեթե չէր փոխում իր հագուստը և միևնույն կոստյումը հագնում էր տասը տարուց ավելի:

Նախագահ Ջեյմս Գարֆիլդը գիտեր բազմաթիվ լեզուներ, ինչպես նաև կարողանում էր միաժամանակ գրել երկու ձեռքով. մեկով նա գրում էր հին հունարեն, մյուսով՝ լատիներեն:

Էնդրյու Ջեքսոնը մենամարտերի մոլի սիրահար էր: Դրանցից մեկի ժամանակ փամփուշտը մտավ նրա կուրծքը: Վիրաբույժները չկարողացան այն հանել, և նախագահը փամփուշտը մարմնում ապրեց մինչև կյանքի վերջը:

Լինդոն Ջոնսոնը շատ էր սիրում նվերներ մատուցել Սպիտակ տան աշխատակիցներին և այցելուներին: Նրա սիրելի ընծան ատամի խոզանակն էր: Նախագահի կենսագրության հեղինակը տասը տարվա ընթացքում նրանից ստացել է 12 այդպիսի խոզանակ:

Աբրահամ Լինկոլնի գլխին միշտ կարելի էր տեսնել բարձր գլանաձև գլխարկ, որի մեջ նա պահում էր նամակներ, ֆինանսական փաստաթղթեր, օրինագծեր և այլ թղթեր:

Իսկ ահա Էնդրյու Ջոնսոնը երբեք չէր սովորել դպրոցում: Նրան 17 տարեկանում կարդալ է սովորեցրել ապագա կինը՝ Էլիզ Մաքկարդելը: Ջոնսոնը հագնում էր բացառապես այն կոստյումները, որոնք ինքն էր կարում:

Հարրի Տրումենը ձեռնասուն մի այծ էր պահում, որն արածում էր Սպիտակ տան առջևի սիզամարգում:

Բիլ Քլինթոնը ևս ունի տարօրինակություններ: Այսպես, նա հրամայել է ստեղծել իր կատվի՝ Սոքսի անհատական համացանցային կայքը:

Իր պաշտոնավարման տարիներին Ջորջ Բուշ-կրտսերն այնքան անախորժությունների ու ծիծաղելի իրավիճակների մեջ է ընկել, որ դրանցով կարելի է մի ամբողջ էջ լրացնել: Բայց սահմանափակվենք միայն Բուշի անկումներով: Նրան անվերջ հետապնդում էին անախորժ պատահարները, և այդ պատճառով ամերիկյան լրագրողները մի ցուցակ էին կազմել, որում նշվում էր, թե ինչ խորհուրդ չի տրվում անել նախագահին: Նախ՝ նրան առաջարկվում էր չքշել հեծանիվ, քանի որ մի անգամ, ընկնելով այդ փոխադրամիջոցից, նա վնասել էր աջ ձեռքը, ծնկները, կզակը, շուրթը և քիթը: Բուշին խորհուրդ էր տրվել նաև չզբաղվել վազքով: 2005 թ. փետրվարին, առավոտյան վազքի ժամանակ, նա ստացել էր ծնկահոդի վնասվածք և դրանից հետո սկսել էր փոքր-ինչ կաղալ: Նույնիսկ ոտքով զբոսանքն է վտանգավոր Սպիտակ տան նախկին տիրոջ համար. մի քանի տարի առաջ, տոհմական կալվածքում զբոսնելու ժամանակ, Բուշի ոտքը դիպել էր սեփական շանը՝ Բառնիին, և նախագահն ընկնելով, մի քանի լուրջ քերծվածք էր ստացել:

Եվ ահա 2005 թվականի հուլիսին, չանսալով լրագրողների հորդորին, նախագահ Բուշը կրկին որոշեց հեծանիվ քշել և կրկին ընկավ՝ ստանալով բազմաթիվ վնասվածքներ: Այս անգամ դեպքը տեղի ունեցավ «մեծ ութնյակի» ղեկավարների հանդիպման օրերին, Շոտլանդիայում: Բուշը, զարգացնելով բարձր արագություն, հարվածել էր գագաթնաժողովը հսկող 10 հազար ոստիկաններից մեկին: Վրաերթի ժամանակ նախագահն ամբողջ մարմնով սահել էր ասֆալտապատ ճանապարհի վրայով և վնասել նախաբազուկներն ու ձեռքերի ափերը: «Բուշի տակ ընկած» ոստիկանի բախտն ավելի քիչ է բերել. նա ծնկի բավականին լուրջ վնասվածքով հայտնվել էր հիվանդանոցում: Բա, ճիշտ չե՞ն ասում, որ ասողին լսող է պետք…

Պատրաստեց ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #41 (957) 18.10.2012 – 24.10.2012, Պատմության էջերից


24/10/2012