ՄԵՐ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ
Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 22-ը եվրոպական երկու երկրներում` Ռումինիայում և Սլովակիայում հաջորդաբար կայացած ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնություններում էջմիածնեցի 17-ամյա դյուցազուն Անդրանիկ Կարապետյանը գերազանց ելույթներ ունեցավ` հռչակվելով Եվրոպայի և աշխարհի բացարձակ չեմպիոն։ Ասում եմ` բացարձակ չեմպիոն, քանզի պատանի հայ ծանրորդը երկու մրցաշարերում էլ անգերազանցելի էր թե՛ պոկում և թե՛ հրում վարժություններում` հեղինակելով Եվրոպայի երեք և համաշխարհային երկու ռեկորդ։ Աշխարհի առաջնության ժամանակ Անդրանիկը պոկում և հրում վարժություններում հաջորդաբար երկրորդ և երրորդ տեղերը գրաված ղազախ ծանրորդ Գալիմբեկ Մուրթազիևից և ռուսաստանցի Արտյոմ Լեֆլերից առաջ անցավ 12 և 7 կիլոգրամով։ Ընդ որում, մեր ծանրորդը արդեն իսկ երկրորդ փորձից հետո ցույց տված արդյունքով դարձավ հաղթող` հրաժարվելով երրորդ փորձից: Այս պարագայում անգամ նա արծաթե մեդալակիր Լեֆլերից առաջ անցավ 27 կիլոգրամով։
Օրերս չեմպիոնն իր անձնական մարզչի` միջազգային կարգի սպորտի վարպետ Վիգեն Խաչատրյանի և ընկերոջ ու թիմակցի` Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր Միշա Վարդանյանի հետ հյուրընկալվեց «Հայ զինվորի» խմբագրությունում։ Ստորև ներկայացնում ենք մեր զրույցը նրանց հետ։
Լրագրող- Սիրելի Անդրանիկ, զինված ուժերի անունից շնորհավորում ենք քեզ եւ քո մարզչին` նման փայլուն հաջողությունների հասնելու համար, մաղթում քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ մեծ սպորտում` ի փառս մեր երկրի ու ժողովրդի։
Անդրանիկ Կարապետյան- Շնորհակալություն բարեմաղթանքների համար։
Վիգեն Խաչատրյան- ՈՒղիղ մեկ տարուց Անդրանիկն ու Միշան կհամալրեն հայոց բանակի շարքերը և երկու տարի կպաշտպանեն ու բարձր կպահեն բանակի մարզական պատիվը։
Լրագրող-Առաջին հարցը ուզում եմ քեզ տալ, Վիգե՛ն. պատանի ծանրորդների համար դժվար չէ՞ր արդյոք մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում մասնակցել միանգամից երկու ծանրակշիռ առաջնության։
Վիգեն- Իհարկե, դժվար էր, և Անդրանիկը չերկնչեց այդ դժվարություններից։ Նա իր ֆիզիկական բացառիկ ուժի, աշխատասիրության, քրտնաջան մարզումների և անկոտրում կամքի շնորհիվ կարողացավ Եվրոպայում և աշխարհում ճանաչվել ուժեղագույնը։ Ի դեպ` Անդրանիկը և՛ Եվրոպայում, և՛ աշխարհում ճանաչվեց նաև լավագույն մարզիկ։
Լրագրող- Ի՞նչ կավելացնես, Անդրանի՛կ։
Անդրանիկ- Ես իմ հաջողությունների համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ծնողներիս` ինձ կյանք պարգևելու համար, եղբորս` Արթուրին, որ ինձ տարավ ծանրամարտի, և իմ մարզչին, որն իմ մեջ տեսավ, բացահայտեց ու կոփեց ծանրամարտիկին անչափ անհրաժեշտ որակները։
Լրագրող- Այս երկու առաջնություններից ամենաշատը ի՞նչն է դաջվել հիշողությանդ մեջ, ի՞նչի մասին կուզեիր պատմել։
Անդրանիկ- Ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ իմ հաղթանակի պատվին բարձրացվեց մեր եռագույնը, և հնչեց մեր պետության օրհներգը։ Ինձ համար անմոռանալի այդ իրադարձությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին` Անկախության օրը։ Ես իմ այս փոքրիկ հաղթանակը իմ սրտում արդեն նվիրել եմ Հայաստանին և իմ ժողովրդին։
Վիգեն- Կոշիցեում մեր ծանրորդներին իր մեծ զորակցությունը բերեց տեղի փոքրաթիվ, բայց եւ կուռ ու համախմբված հայկական համայնքը։ Չտեսնված խանդավառությամբ էին մեր տղաներին երկրպագում Կոշիցեում բնակվող Վազգենը, Արթուրը, նրանց ընկերներն ու ընտանիքի անդամները։ Հայրենասիրության կատարյալ մարմնացում էին այդ տղաները։ Վազգենի տունը քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում էր, դիմացը երկաթե մեծ ձողի վրա ամրացված էր մեր եռագույնը։ «Մեր եռագույնը հավերժ հանգրվանել է այստեղ։ Քանի մեջներս շունչ կա, մեր դրոշը` հայոց եռագույնը, ծածանվելու է հպարտորեն և դիմավորելու մեր բոլոր հայրենակիցներին»,- ասաց Վազգենը։ Ի դեպ` նրանց նախաձեռնությամբ քաղաքում կառուցվում է փոքրիկ եկեղեցի, շինարարական աշխատանքները ավարտական փուլում էին։ Մեր հայրենակիցների ուղեկցությամբ այցելեցինք նորակառույց սրբավայր և ականատեսը եղանք այդ աստվածահաճո գործի։
Լրագրող- Այս հարցը գուցե անհամեստ հնչի, սակայն չեմ կարող չտալ. Հայրենիքում ի՞նչ պարգևների արժանացան Եվրոպայի և աշխարհի մեր պատանի չեմպիոններն ու մրցանակակիրները։
Վիգեն- Մեր գյուղում շատ լավ ընդունելություն կազմակերպվեց։ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդունել, շնորհավորել է, իսկ պարգևատրումները կլինեն մի քիչ ուշ։
Լրագրող- Ձեզ հետ է նաև ձեր մյուս սանը` Միշա Վարդանյանը։ Հետաքրքիր է իմանալ, թե նա ի՞նչ հաջողությունների է հասել ծանրամարտում։
Վիգեն- Միշան էլ խոստումնալից ծանրորդ է։ Բուխարեստում նա բրոնզ նվաճեց, ինչը դժվարությամբ տրվեց նրան։ Բանն այն է, որ բրոնզե մեդալի համար պայքարում նրա գլխավոր հակառակորդը ադրբեջանցի էր, և միևնույն ժամանակ մենք արդեն տեղյակ էինք, որ Հունգարիայի իշխանությունները ադրբեջանցի ստահակ ոճրագործ Սաֆարովին հանձնել էին Ադրբեջանին։ Միշային ասում եմ` «Միշա ջան, այս բրոնզը, որի համար հիմա պայքարելու ես, ոսկուց էլ թանկ արժե, հավաքիր ուժերդ ու վստահ մտիր պայքարի մեջ։ Հաղթեցիր` իմացիր, որ մեր հերոսն ես»։ Եվ Միշան հաղթեց։ Տեսնել էր պետք, թե թշնամին ինչ ծանր վիճակում էր։ Ի դեպ, հոկտեմբերի 12-ին մեր պատանի աժդահա հերոսի հետ թռչելու ենք Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ՌԴ նախագահի անվան գավաթի խաղարկությանը։
Լրագրող- Հաջողություն եմ մաղթում, թող ՌԴ նախագահի գավաթը Միշայի շնորհիվ հանգրվանի Հայաստանում։
Լրագրող- Ծնունդով որտեղի՞ց են մեր ծանրորդները, ո՞ր մարզադպրոցում են մարզվում։
Վիգեն- Անդրանիկն ու Միշան հասակակիցներ են, համադասարանցիներ և լավ ընկերներ։ Ծնվել են Էջմիածնի շրջանի Հայթաղ գյուղում, իսկ ծանրամարտով զբաղվում են 12 տարեկանից։ Մարզվում են Գեղակերտի (նախկին Սամաղար) մեր հանրահայտ հայրենակցի` Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում։ Մարզումների առաջին օրվանից նրանք ունեն իրենց օրվա գրառումների և նշումների անվանական տետրերը, որոնք աչքի լույսի պես պահում եմ։
Լրագրող- Ձեր սաների հետ ապագայի ի՞նչ ծրագրեր եք կապում։
Վիգեն- Լավ մարզվել և նախապատրաստվել եկող տարի Լատինական Ամերիկայի երկրներից Պերուի մայրաքաղաք Լիմայում անցկացվելիք երիտասարդների աշխարհի առաջնությանը, ինչը նրանց համար կլինի լուրջ փորձություն։
Լրագրող- Երևի չգտնվի մի հայ տղամարդ, որն իր կյանքում գոնե մեկ անգամ փորձ արած չլինի ծանրություն բարձրացնելու։ Անշուշտ, կգտնվեն նաև այնպիսիները, որոնք փորձ արած կլինեն գեթ մեկ անգամ ծանրաձողը ենթարկեցնելու իրենց, և հավատացած եմ, որ շատերն այդ փորձից խոր հիասթափություն ապրած կլինեն։ Տասնյակ անգամներ փորձել եմ ծանրաձողը բարձրացնել, և ամեն անգամ՝ ապարդյուն. ինձ թվացել է, թե այդ «շտանգա» կոչվածը ուղղակի մեխված է գետնին: Երբ հանդիպեցի Անդրանիկին ու Միշային, անկեղծորեն զարմացա. որտեղից դպրոցահասակ, տակավին պատանի այս տղաների մեջ այդքան ուժ ու հաղթելու կամք, որ կարողանում են բարձրացնել սեփական քաշից մի քանի անգամ ավելի ծանրությունը` հետն էլ սահմանելով Եվրոպայի և աշխարհի ռեկորդներ։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #41 (957) 18.10.2012 – 24.10.2012, Մարզաշխարհ, Ուշադրության կենտրոնում