ԱԴՐԲԵՋԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ
Քրդեր
Այսօր ոչ ոք չի զարմանա, եթե ասեմ, որ քրդեր չկան և չեն եղել Ադրբեջանում (Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը քրդերի հաշվառման մասին ոչ մի տվյալ չունի), քանի որ չկան նաև տվյալներ, թե ինչպես է չքացել այդ ազգը։ Ոչ ոք չի զարմանա, եթե իմանա, որ քրդերը Ադրբեջանում նորից հայտնվել են, և նկատվում է նրանց ակնհայտ ակտիվացում։
Ադրբեջանի այսօրվա տարածքում քրդերն ապրում են անհիշելի ժամանակներից։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ 1923թ. օգոստոսի 6-ին, ադրբեջանական կառավարության որոշումով ստեղծվեց «Կարմիր Քրդստանի ինքնավար շրջան», որի կազմում էին Քարվաճառի, Լաչինի, Ղուբաթլուի և Զանգելանի շրջանները` Լաչին շրջկենտրոնով։ «Կարմիր Քրդստանի» ազգաբնակչության 72%-ը քրդեր էին, մնացածը՝ հայեր ու ադրբեջանցիներ։ Քրդերի թվաքանակը Ադրբեջանի գյուղական շրջաններում 1926թ. տվյալներով կազմում էր 44193 մարդ։ Քրդերը արագ են բազմանում, ինչպես ադրբեջանցիները, սակայն նրանց թիվը սկսում է արագորեն պակասել՝ 1936թ.՝ 6000 մարդ, 1959թ.՝ 1500, իսկ 1979 թվի մարդահամարից պարզ դարձավ, որ Ադրբեջանում այլևս ոչ մի քուրդ չկա։ Քրդերի, ինչպես նաև Ադրբեջանում ապրող մյուս փոքրամասնություն կազմող ազգերի հաշվին աճեց ադրբեջանցիների քանակը։
Հարց է ծագում` ինչո՞ւ քրդերի հետ նույնը տեղի չունեցավ Հայաստանում և Վրաստանում, չէ՞ որ բոլոր հանրապետություններն էլ կոմունիզմ էին կառուցում և նույն սոցիալ-տնտեսական համակարգում էին։ Պաշտոնական բացատրության համաձայն` տեղի է ունեցել քրդերի կամավոր ուծացում։ Ավագ եղբայր «թուրքերը» քրդերին կոչում են «լեռնային թուրքեր», իսկ Ադրբեջանում նրանց սիրահոժար ընդունում էին իրենց շարքերը։
Այսօր սակայն Ադրբեջանում ապրում են մոտ կես միլիոն քրդեր, որոնք խոսում են իրենց մայրենի լեզվով, չեն մոռացել իրենց երգերն ու պարերը, ազգային ավանդույթները, գերազանց գիտակցում են, որ իրենք ալթայան ընտանիքի թուրքերից չեն, իրենց լեզուն հնդեվրոպական լեզվաընտանիքին է պատկանում, և որ իրենք հին ժողովուրդ են։
Թաթեր
Այս ազգը նույնպես ենթարկվեց «բնական, կամավոր ուծացման»։ Պարզվում է, որ թաթերը նույնպես իրանական ժողովուրդ են և խոսում են պարսկերենի բարբառներից մեկով։ Թաթերն ապրում են Ադրբեջանի շրջաններից վեցում՝ հիմնականում Ապշերոնի թերակղզում, Կասպից ծովի ափամերձ շրջաններում, Կուբայի շրջանում և Դաղստանում։
Թուրք օղուզները 11-րդ դարում թաթ էին անվանում տեղացի պարսիկներին, որոնք նստակյաց կյանք էին վարում։ Պարսկական հանրագիտարանից պարզվում է, որ «թաթերն իրանական ցեղախմբեր են Կովկասում, և որ նրանք պահպանել են իրենց մայրենի լեզուն»։
1926թ. մարդահամարի տվյալների համաձայն` թաթերի քանակը կազմում էր 28444 մարդ, նրանք նույնպես մահմեդականներ էին՝ արագ բազմացող ժողովուրդ։ Եվ ահա մի տարօրինակ բան` շատանալու փոխարեն արագ սպառվեցին՝ 1959թ.՝ 5900 մարդ, 1970թ.՝ 14200 մարդ, 1979թ.՝ 8800 մարդ։
Պարզվում է, որ թաթերն այսօր քառորդ միլիոն են, և համարյա բոլորն էլ պահպանել են իրենց սովորույթներն ու մայրենին՝ պարսկերեն լեզուն։ Այսօր նրանք պահպանում են կապը Իրանի հետ:
Այլ ժողովուրդներ
Հավելենք, որ Քուռ գետից հյուսիս ապրում են նաև կովկասյան ընտանիքին պատկանող ժողովուրդներ` կախեթցիներ, ուդիներ, ավարներ, որոնք նույնպես պահպանել են իրենց ազգային ինքնությունն ու լեզուն։
Կախեթցիներ -Բելոկանի, Զակաթալա, Կախի Նուխի կենտրոններով, մահմեդականություն ընդունել են 16-17-րդ դարերում, լինելով նախկինում քրիստոնյա, անձնագրերում նշվել են ադրբեջանցի, սակայն խոսում են կովկասյան ընտանիքի կախեթական բարբառով։ Պահպանվել է մոտ 200 հազար մարդ։
Ուդիներ -Վարդաշեն, Կուտկաշեն կենտրոններով, կովկասյան ընտանիքի ժողովուրդ են, նախկինում քրիստոնյա, 16-17-րդ դարում ընդունել են մահմեդականություն, խորհրդային անձնագրերում նշվել են ուդիներ։ Այսօր պահպանվել է 150-200 հազար մարդ։
Ավարներ -Ապրում են Ադրբեջանի հյուսիսարևելյան տարածքներում։ Հիմնականում ներկայացվում են որպես լեռնցի գյուղական բնակչություն, նախկինում եղել են քրիստոնյա, 17-րդ դարից մահմեդական են դարձել, մեծ կապեր ունեն դաղստանյան ժողովուրդների հետ։ Ադրբեջանական հատվածում այս ժողովրդի քանակը 100 հազարից ավելի է։
«Ադրբեջանցի» դարձած լեռնային հրեաների թիվն այսօր անցնում է 100 հազարից, նրանք քաղաքաբնակ են, հիմնականում ստացել են ռուսական կրթություն, խորապես գիտակցում են իրենց ադրբեջանցի չլինելը, ապրում են կլաններով և միասնական են։
Հարկ է նշել նաև սլավոնական ազգերի մասին, որոնք Ադրբեջանում մոտ կես միլիոն են և երբեք ցանկություն չեն ունեցել թրքանալու։
«Կորել են» նաև 1926թ. Ադրբեջանում ապրող 27000 պարսկալեզու լեռնային հրեաները։
Ադրբեջանի այսօրվա ղեկավարությունը հայտարարում է 9 միլիոնանոց Ադրբեջանի մասին, սակայն 450 հազար հայերի և այլ ազգերի հեռանալուց հետո այդ թիվը զարմանալիորեն, այսինքն` հասկանալի պատճառներով չի փոխվել։
ԱՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
գնդապետ