ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ
6.1. Վտանգի նախազգուշացման միջոցներ
Ազդանշանային գույները, անվտանգության նշանները, ձայնային և լուսային ազդանշանները ծառայում են հետեւյալ նպատակներին՝ թույլատրելու կարգագրերի հնարավոր վտանգի մասին նախազգուշացնելու, անմիջական վտանգի վրա մարդկանց ուշադրությունը բևեռելու, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար: Մշակված են տեսանելի տեղեկատվության պայմանական նշաններ:
Սահմանված են 4 ազդանշանային գույներ` կարմիր, դեղին, կանաչ, կապույտ:
Կարմիր գույնն օգտագործվում է վտանգի նախազգուշացման համար, երբ պահանջվում է անհապաղ արձագանք. «Արգելված է», «Կանգ առ», «Ակնառու վտանգ» և այլն:
Դեղին գույնը կարմիրի չափ ազդեցիկ չէ: Նրանից օգտվում են, երբ պետք է զգուշացնել հնարավոր վտանգի մասին. «Ուշադրություն», «Վտանգի մասին նախազգուշացում» և այլն:
Կանաչ գույնն օգտագործվում է որպես անվտանգության ազդանշան. «Թույլատրվում է», «Ճանապարհն ազատ է» և այլն:
Կապույտ գույնը հիմնականում օգտագործվում է ցուցումներ տվող նշաններում` որպես «Արտադրական տեղեկատվություն»:
Գունային ազդանշանների հակադրությունը շեշտելու նպատակով, ինչպես նաև բացատրական գրառումների և պայմանական նշանների կատարման համար նախատեսված են գույների հետևյալ համակցությունները. կարմիրը` սպիտակ ֆոնի վրա, կանաչը` կապույտ ֆոնի վրա, սևը` դեղին և սպիտակ ֆոների վրա:
Կարմիր ազդանշանային գույնով նշվում են`
վթարային անջատման կոճակները և բազրիքները, դյուրավառ և պայթյունավտանգ նյութերով տարաները,
սարքավորումների հոսանքատար տարրերով պահարանների ներսի մակերեսը,
հրդեհամարման սարքերը և միջոցները,
տեխնոլոգիական գործընթացների խախտման մասին ահազանգող լամպերը:
Դեղին ազդանշանային գույնով նշվում են`
շինարարական կոնստրուկցիաների վտանգ ներկայացնող տարրերը,
արտադրական սարքավորումների` բաց կամ պտտվող, տեղաշարժվող տարրերը,
սահմանազատող տարրերի եզրագծերը,
վերանորոգման և մոնտաժային հարթակների բազրիքները:
Կապույտ ազդանշանային գույնով նշվում են`
արտադրատեխնիկական տարրերի տեղեկատվության, ցուցչային նշանները:
Կապույտ գույնով ներկում են արտադրական սարքավորումների որոշակի տարրեր, օրինակ, բարձր ճնշման տակ գտնվող օդի խողովակաշարերը:
6.2. Անվտանգության նշաններ
Սահմանվում են անվտանգության կանոնների հետևյալ խմբերը`
արգելող,
նախազգուշացնող,
կարգադրող,
նշացուցիչ:
Ամեն խմբի համար նշանի չափսերը և լրացուցիչ ցուցանակները տեղադրվում են մինչև դիտորդը եղած հեռավորությունից կախված: Գրառումներ կամ նշումներ արված, լրացուցիչ ցուցանակները նախատեսված են ուշադրությունն ավելի բևեռելու նշանների պահանջներին և կարող են տեղադրվել նշանի տակ` հորիզոնական, կամ նրանից աջ` ուղղահայաց դիրքով: Չափորոշիչներում բերվում են նշանների ձևերը և նկարագրերը:
Արգելող նշաններ. կարմիր շրջանակ, սպիտակ եզրագծով և մեջը սպիտակ դաշտով, որի վրա կատարվում է սիմվոլիկ պատկերը: Սպիտակ դաշտով անցնում է շեղ կարմիր գիծ:
Թույլատրվում է արգելող նշանների օգտագործումը` բացատրական գրառումներով:
Նախազգուշացնող նշաններ. դեղին գույնի հավասարակողմ եռանկյունի, կլորացված անկյուններով, գագաթով դեպի վեր: Եռանկյունին ունի սև եզրագիծ: Ընդհանուր առմամբ սիմվոլիկ նշաններ արվում են սև գույնով, իսկ ճառագայթային վտանգի և էլեկտրական լարման դեպքում` կարմիր գույնով: Այդ նշանները նախազգուշացնում են պայթյունի, բռնկման, թունավոր նյութերի ներգործության, բարձր ջերմաստիճանի, բարձր լարումների և այլ վտանգների առկայության մասին:
Կարգադրող նշաններ. կանաչ գույնի քառակուսու մեջ սպիտակ դաշտ` սպիտակ եզրագծերով: Սիմվոլիկ նշանները և բացատրական գրառումները կատարվում են սև գույնով, իսկ հրդեհային անվտանգության նշանի վրա` կարմիր գույնով: Դրանք թույլատրում են գործողություններ միայն անվտանգության որոշակի պայմաններ պահպանելու դեպքում, օրինակ՝ անհատական պաշտպանության միջոցների օգտագործման դեպքում կամ որոշակի վայրերում:
Ցուցադրող նշաններ. կապույտ գույնի ուղղանկյուն, մեջը սև գույնի սիմվոլիկ նշաններով կամ բացատրական գրառումներով սպիտակ քառակուսի: Բուժօգնության կետերի, հրդեհային անվտանգության նշանների կամ գրառումների համար պայմանանշաններն արվում են կարմիր գույնով: Այդ նշանները ցույց են տալիս օբյեկտի գտնվելու վայրը, վթարային ելքերը, փրկարարական միջոցների պլանավորման վայրերը, հրդեհային ջրածորակները, ծխելու վայրերը և այլն: Այդ նշանները հիմնականում տեղադրվում են ցուցանակի հետ, որի վրա սլաքով նշում են ուղղությունը կամ բացատրական գրառումը: Չափորոշիչներում բերված են նշանների կատարման և օգտագործման պահանջները: Ազդանշանային գույների ներկերը կարելի է ստանալ փոշի պոլիմերային ներկերի, պլաստմասսաների և այլ նյութերի օգնությամբ: Նշանները կարող են լինել հարթ և ծավալային: Այդ դեպքում սիմվոլները պետք է նշվեն նշանի մեկ կամ երկու երեսների վրա: Բերված են պահանջներ նշանների լուսավորության և դրանց ներկման վերաբերյալ: Պետք է հաշվի առնել, որ նշանները չեն փոխարինում տարբեր կանոններով նախատեսված անվտանգության տեխնիկական միջոցներին::
Նախազգուշացման միջոցների շարքին են դասվում նաև ազդանշանային սահմանազատումները (ցանկապատերը), ձայնային և լուսային ազդանշանները: Ազդանշանային սահմանազատող միջոցները լինում են ճոպանից (կամ այլ ժապավենային տեսքով), որոնք հաշվարկված չեն մեծ ծանրաբեռնվածությունների համար և ամրացվում են հենակներից, ծառերից, շենքերի, շինությունների կայուն կառուցվածքներից և այլն: Դրանց վրա կախվում են անվտանգության նշաններ` սև եզրագծով դեղին հավասարակողմ եռանկյունու տեսքով, որի կողմերի երկարությունը 100 մմ-ից ոչ ավելի է: Նշանների միջև հեռավորությունը պետք է լինի ոչ ավելի, քան 6 մ:
Ազդանշանային սահմանազատման միջոցների բացակայության դեպքում, դրանք կարելի է պատրաստել ձեռքի տակ եղած միջոցներով, ինչը մարդկանց կզգուշացնի վտանգի մասին:
Ձայնային և լուսային միջոցներով ազդանշաններ.
«Պահանջվում է օգնություն». մեկ րոպեի ընթացքում տրվում է երեք հավասարաչափ նշան, մեկ րոպե ընդմիջումից հետո նորից է կրկնվում և այսպես շարունակ,
«Օգնությունը գալիս է». (նույնն ինչ նախորդում):
Սուլիչով և ձեռքի լուսավորիչով տրվող ազդանշաններ.
«Տագնապ». կարճ ազդանշաններ 3 րոպե տևողությամբ,
«Տագնապի ավարտ». երեք կարճ ազդանշան, մի փոքր դադարից հետո նորից և այսպես շարունակ,
«Անհրաժեշտ են ուժեր». որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ այդ ազդանշանը նույնն է, ինչ «Տագնապ» ազդանշանը, բայց այն տալիս են մինչ պատասխան ստանալը,
«Այո». 2 երկար ազդանշան, մի փոքր դադարից հետո նույնը և այսպես շարունակ,
«Ոչ». 2 կարճ ազդանշան, մի փոքր դադարից հետո նույնը և այսպես շարունակ,
«Գտնվելու վայրի մասին». շարունակական, դադարներով ազդանշան:
Ձայնային ազդանշաններ.
«Տագնապ». փոփոխվող տոնայնությամբ` 1 րոպե շարունակ,
«Տագնապի ավարտ». անփոփոխ տոնայնությամբ` 1 րոպե շարունակ,
«Գտնվելու վայրի մասին». անփոփոխ տոնայնությամբ` անժամկետ ազդանշան:
Զանգակով տրվող ազդանշաններ.
«Տագնապ». արագ անդադար հարվածներ` մեկ րոպե տևողությամբ,
«Տագնապի ավարտ». երեք արագ կարճ հարված, մեկ րոպե դադարից հետո կրկնվում է և այդպես շարունակ` 1 րոպե տևողությամբ,
«Գտնվելու վայրի մասին». երկարատև ազդանշան դանդաղ հարվածների ձևով:
Հրթիռներով տրվող ազդանշաններ.
«Անհրաժեշտ է օգնություն». աղետի ազդանշանը չպետք է կախված լինի հրթիռի գույնից:
Ցանկացած հրթիռ, եթե հայտնի չէ կրակելու նպատակը, պետք է դիտվի որպես աղետի ազդանշան,
«Օգնությունը հասնում է». սպիտակ և կարմիր հրթիռներ` նշված հերթականությամբ,
«Տագնապի ավարտ». կանաչ հրթիռ,
«Անհրաժեշտ են ուժեր». կարմիր հրթիռ,
«Գտնվելու վայրի մասին». սպիտակ հրթիռ:
Հրթիռն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ստուգել նրա գույնը, որը նշվում է մետաղյա թիթեղի վրա (պարկուճի փական):
Բացի գույնից, թիթեղի վրա արվում են փոսիկներ, որոնցով կարելի է տարբերել հրթիռի գույները: Մեկ կետը` կարմիր, 2 կետը` կանաչ, 3 կետը` սպիտակ:
Թվարկված ազդանշանները համարվում են միջազգային և կարող են օգտագործվել ինչպես երկրի ներսում, այնպես էլ` երկրի սահմաններից դուրս:
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ