ՌՈՒՍՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ
Հայտնի էթնոհոգեբաններ Հեյման Շտեյնալի և Մորիս Լազարուսի կարծիքով, գոյություն ունի, այսպես կոչված, «ազգի հոգի»` որպես հոգևոր մեկ ամբողջություն: Հետևաբար, ազգային հոգեբանության խնդիրը «ազգի հոգին հասկանալն է այնպես, ինչպես անձի հոգեբանությունը հասկանում է անհատի հոգին»: Նրանք նշում են, որ յուրաքանչյուր մարդ կրում է հասարակության` որպես ամբողջի ազդեցությունը, որը սկիզբ է առել հարյուրամյակներ ու հազարամյակներ առաջ: Մարդն իր մտքերով ու զգացմունքներով ամբողջովին կախված է հասարակությունից:
Բավականին տարածված է «ռուսի խորհրդավոր հոգի» արտահայտությունը: Արևմուտքում հաճախ են ասում` «նա ռուս է, և դրանով ամեն ինչ ասված է»: Ռուսի հոգու գաղտնիքները լավագույնս բացահայտել են ռուս գրողները` Ա. Ս. Պուշկինը, Լ. Ն. Տոլստոյը և այլք: Անգնահատելի է Ֆ. Մ. Դոստոևսկու ներդրումը այս գործում: Նրա հերոսների կերպարներում խտացած է ռուսի հոգին` մի մարդու, որը մշտապես ձգտում է տարբեր, նույնիսկ միմյանց հակասող բաների. «Ես կարող եմ իմ կամքից անկախ ծայրահեղ սրությամբ համակված լինել երկու հակադիր զգացմունքներով»: Դոստոևսկու հերոսներից շատերը մեկ լավ գործ են անում, մեկ` վատ, և հաճախ դժվար է միանշանակ գնահատել նրանց մարդկային որակները: Հեղինակն ընդգծում է ռուսական հոգեբանությանը բնորոշ այս երկվությունը:
Ռուսաստանը համարվում է զանգվածի հոգեբանություն ունեցող երկիր, որի բնակչության գիտակցությունը ռացիոնալացնելու և անհատականացնելու միջոցով հասարակությունը «բարեփոխելու» բոլոր փորձերը մատնվում են անհաջողության: Թեպետ դեռ Դոստոևսկին է նշել, որ ռուս հասարակությանն սպառնացող հիմնական վտանգներից մեկը Արևմուտքն է. «Եվրոպական հեղինակության առաջ ռուս մարդը հրճվանքով և հապճեպ ծնկի է գալիս` առանց իրեն հաշիվ տալու, թեպետ նման իրավիճակներում նա առանձնապես էլ չի սիրում վերլուծել»:
Ռուսական մշակույթի խորքային ուսումնասիրության փորձ է արել Յու. Վ. Հարությունյանն իր գործընկերների հետ: Նրանք նշում են, որ 1970-ականներին տարբեր երկրների գիտնականներ բացահայտել են էթնիկական մի տարօրինակություն, որը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. էթնիկական մշակույթի առանձնահատկությունները կարող են վերանալ, սակայն մարդկանց էթնիկական ինքնագիտակցությունը դրան զուգահեռ ուժգնանում է: Էթնիկական ինքնագիտակցությունը ինքդ քեզ այս կամ այն ազգին դասելը չէ միայն, այլ նաև պատկերացումները տվյալ ժողովրդին բնորոշ գծերի (ավտոկարծրատիպերի), մշակույթի, լեզվի, բնության, պատմական անցյալի մասին: Այս տարրերը, որոնցով ձևավորվում է «մենք»-ի հասկացությունը, հուզականորեն «գունավորված են» և առաջացնում են հպարտության զգացում: Վ. Հարությունյանի հետազոտական խմբի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ռուսները Ռուսաստանի առավել ուրբանիզացված (քաղաքաբնակ դարձած) էթնոմշակութային հանրույթն են, որոնց մեջ վերոհիշյալ տարօրինակությունը հետզհետե ավելի խորն է արտահայտվում:
Ռուսներին բնորոշ հետաքրքիր որակների մասին է խոսում նաև ամերիկացի գիտնական Վ. Մենդելը իր «Նոր հայացք Ռուսաստանին» աշխատության մեջ: Ըստ հեղինակի` ռուսներին բնորոշ են`
♦ գոյատևելու անհավանական ընդունակությունը` ֆիզիկական, մտավոր և բարոյական դիմացկունությունը: Դեռ Պետրոս արքայի ժամանակներից նրանք գերհարմարված են եղել իշխանության խիստ մթնոլորտին և որդեգրել են պաշտպանողական ու խուսափողական վարքագիծ:
♦ իշխանության նկատմամբ «տարածություն» պահպանելու ձգտումը: Ռուսները պետական իշխանությունը ընկալում են որպես ուժ, որը դեմ է ժողովրդին: Այդ է պատճառը, որ օրենքը նրանք համարում են մարդու նկատմամբ բռնացող մի բան:
♦ բարությունը և համբերատարությունը, որոնք, ըստ հեղինակի, ռուսների մեջ բնազդային որակներ են:
♦ քչով բավարարվելու ընդունակությունը նյութական պահանջմունքներում:
Հատկապես վերջին որակի շնորհիվ է, որ ռուս ժողովուրդը դիմանում է դժվարին իրավիճակներում, ինչպիսիք են, օրինակ, պատերազմները, երբ հատկապես սննդի սակավություն է լինում: Գուցե կարելի է նաև սրանով բացատրել ռուսների մասին բավականին տարածված այն կարծիքը, թե «նրանք ծույլ են և աշխատել չեն սիրում»:
Ռուսների հայրենասիրության ակունքը իրենց հազարամյա պատմության մեջ է, ինչը ձևավորվել է կլիմայական խստաշունչ պայմաններին ու բազմաթիվ թշնամիներին դիմակայելու տևական շրջանի արդյունքում` ռուսական հզոր պետության, բանակի և մշակույթի ազդեցությամբ և ունի ազգայնական երանգ: Ռուսների ազգայնականությունն «ընդունում է» այն ազգերի շահը, որոնք երկրի սահմաններից դուրս չունեն իրենց պետականությունը և պատրաստ են համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանան ապրել համատեղ գոյակցության ավանդույթների շրջանակում: Այնինչ, հասարակության որոշ շերտերում ազգայնականությունն ունի նաև ծայրահեղ դրսևորումներ, որի հետևանքով նույնիսկ առաջացել է, այսպես կոչված, ռուսաֆոբիա` վախ ռուսներից: Ռուս ժողովուրդն ինքն է վկայում, որ ոչ բոլոր ազգայնականներն են իրական հայրենասերներ:
ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Խորագիր՝ #41 (957) 18.10.2012 – 24.10.2012, Ռազմական