ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԸ
Առաջին անգամ Օնիկ Մեհրաբյանի անունը լսեցի Լոս Անջելեսում բնակվող բարեկամիցս։ Նա փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ուներ։ Կդիմեմ Օնիկ Մեհրաբյանին՝ ասաց։ Մտածեցի՝ վերջինս փաստաբան է կամ դեսպանատան աշխատող։ Նրա ընկերությունը փոքրիկ դեսպանատուն է Լոս Անջելեսի հայերի համար, հենման կետ՝ ասաց բարեկամս։
Հաջորդ անգամ Օնիկ Մեհրաբյանի անունը լսեցի Հայաստանում։ Տեսնելով նորակառույցը, հետաքրքրվեցի, թե ինչի՞ համար է նախատեսված շենքը։ Օնիկ Մեհրաբյանը փոքրիկ հիվանդանոց է կառուցում։ Շենքն արդեն պատրաստ է, շուտով կբերի նաև բժշկական սարքավորումները ու կնվիրի մարդկանց՝ բացատրեցին տեղաբնակները։
Երրորդ անգամ՝ օրեր առաջ էր։ Ինձ նամակ էր գրել Լոս Անջելեսում բնակվող ընկերուհիս։ Բացվում է նոր հեռուստաընկերություն, վերջինս հրավիրվել է աշխատելու այնտեղ։ Հեռուստաալիքը հայկական է, հայերի մասին ու հայերի համար։ Նախատեսված է հայրենասիրական-ազգային հաղորդումների համար։ Ընկերուհիս խնդրում էր օգնել համապատասխան նյութերով։ Պարզվեց՝ նախաձեռնության հեղինակը Օնիկ Մեհրաբյանն է։
Հենց այդ ժամանակ էլ իմացա, որ ամերիկահայ բարերարը հայրենիքում է ու նրան հանդիպելու առիթը բաց չթողեցի։ Աստվածաշունչը սովորեցնում է՝ թող քո աջ ձեռքը չիմանա, թե ձախը ինչ է անում, և ես չեմ հիշատակելու բոլոր այն բարեգործությունները, որ նա արել է ու շարունակում է անել։ Պարզապես, հրավիրել եմ նրան «Հայ զինվոր»՝ խոսելու իր հայրենակիցների ու (առաջին հերթին) ազգային բանակի զինվորի հետ, պատմելու իր կյանքի պատմությունը, կիսելու իր խոհերն ու մտորումները մարդու բարոյականության, հայի առաքելության ու հայրենիքի ապագայի մասին…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Ես Պարսկաստանում եմ ծնվել։ Ու կարելի է ասել՝ մեծացել եմ հայկական միջավայրում, որովհետև Պարսկաստանում շատ հայեր կային, համայնքը կազմակերպված էր ու շատ ակտիվ։ Հիմա, երբ տարիների հեռվից ետ եմ նայում, հասկանում եմ՝ Պարսկաստանում ավագ սերունդը անում էր ամեն ինչ, որ երիտասարդները ունենան բարձր ազգային ինքնագիտակցություն, սիրեն հայրենիքը, հայրենասիրությունը համարեն մարդու ամենամեծ և ամենակարևոր առաքինությունը։ Ծնված օրվանից մեզ սովորեցնում էին հայ լինել։ Աչքս բացել եմ, լսել եմ հայրենիքիս գովքը, զանազան պատմություններ Հայաստանի փառահեղ անցյալի մասին, հայ ժողովրդի տաղանդի ու բարոյականության մասին։ Հայոց մեծերի անունները արտաբերել եմ աղոթքի նման, որպես սրբություն։ Պարսկաստանում այդպես էր դաստիարակվում յուրաքանչյուր հայ երեխա։ Հայկական դպրոցները հայրենասիրության ու ազգապաշտպանության տաճար էին։ Ու հայ լինելու բանաձևը դաջվում էր յուրաքանչյուր հայի սրտի ու գիտակցության մեջ՝ օգնել Հայաստանին ու յուրաքանչյուր հայի։ Հայրենասիրության ավելի լավ ձև չես գտնի։
Ես շատ բան եմ սովորել հորիցս։ Նա մեքենաների բիզնեսով էր զբաղվում և հաջողակ գործարար էր։ Հայրս ասում էր, որ հաջողության առաջին պայմանը ազնվությունն է։ Ազնվության ճամփան երկար է ու դեպի վեր, խաբեությունը անդունդ է տանելու։ Ստի, կեղծիքի, խարդախության բերած օգուտը ժամանակավոր է, օրհնված չէ, ավազի վրա կառուցված դղյակ է։ Այնպիսի գործ բռնիր, որ օրհնված լինի՝ ասում էր հայրս։ Նա շատ էր աշխատում, առավոտից իրիկուն աշխատում էր։ Աշխատանքը նրա համար հոգս չէր, այլ բավականություն։ Մեկ օր չաշխատեմ, կմեռնեմ՝ ասում էր, մարդը ոնց կապրի առանց աշխատելու։ Ես աշխատասիրությունը հորիցս ժառանգեցի (թե սովորեցի), նույնիսկ, երբ ֆիզիկապես հանգիստ եմ, իմ միտքը շարունակում է աշխատել, պրպտել։ Կյանքն ինձ համար աշխատանք ու արարում է, կյանքիս յուրաքանչյուր րոպեն։
Հայրս ասում էր՝ քո խղճին պարզած ոչ մի ափ դատարկ չթողնես։ Ասում էր՝ ունեցածդ բաժանելով կբազմապատկվի, խնայելով՝ կսպառվի։ Հետագայում, երբ շարունակելով հորս գործը՝ ինքս էի զբաղվում մեքենաների առևտրով, մեկ առ մեկ հիշում էի հորս խրատները։ Ինչ-որ բանի հասնելու համար ես շատ եմ աշխատել, յուրաքանչյուր հաջողության ու վաստակի հետևում ահռելի աշխատանք ու ջանք կա։ Երբեք չեմ խաբել առևտրի մեջ։ Ու հենց ազնվությունն էլ ճանապարհ է հարթել ինձ համար։
Ես չեմ սիրում, երբ հայրենիքում կամ մեկ այլ տեղ ինձ կոչում են ամերիկահայ բարերար։ Ես սովորական հայ մարդ եմ, որը հնարավորություն ունի օգնելու իր հայրենակիցներին։ Բարերարությունը մարդուն բնորոշ առաջին հատկանիշն է։ Հակառակը չարագործությունն է։ Ամեն մարդ պիտի բարերար լինի։ Ամեն մեկը իր հնարավորությունների սահմանում։ Ինձ փոքրուց ավանդել են, որ յուրաքանչյուր հայ մարդ իմ եղբայրն է։ Իսկ եղբորը չես կարող մերժել, երբ նա քո կարիքն ունի։
Չեմ սիրում, երբ հաճախ են օգտագործում հայրենասեր բառը (այն էլ մեծ հայրենասեր)։ Հայրենասերը նույնն է, ինչ ծնողասերը կամ զավակասերը։ Երբևէ լսե՞լ եք մեկի մասին ասեն՝ նա մեծ ծնողասեր է, կամ նա մեծ զավակասեր է։ Հայրենիքը մարդու ամենաթանկ ու կարևոր, ամենամեծ ու սիրելի հարազատն է։ Չկա մի մարդ, չկա մի հայ, որ չսիրի իր հայրենիքը։ Պարզապես այդ սերը պիտի ավելի առարկայական լինի՝ կառուցել, շենացնել հայրենիքը և օգնել, աջակցել հայրենակիցներին։
Կալիֆորնիայում մեծ ու կազմակերպված հայկական համայնք կա։ Մարդիկ հնարավորություն ունեն բարելավելու իրենց կյանքը, ստանալու ազգային-հայրենասիրական կրթություն։ Այն հեռուստաալիքը, որ շուտով կսկսի գործել, կունենա շեշտված ազգային կողմնորոշում, կլինի Կալիֆորնիայի հայերին հայրենիքին կապելու ևս մեկ օղակ, կխոսի ազգից. ազգային խնդիրներից, ինչպես նաև Կալիֆորնիայի հայերի կյանքից… Այն կդառնա հայապահպանության և սփյուռքը հայրենիքին կապելու փոքրիկ խթան… Այս ամենով հանդերձ՝ պիտի ասեմ, որ հայի ապագան Հայաստանում է։ Օտար երկիրը, որքան էլ բարեկեցիկ և հյուրընկալ լինի, հայրենիք չէ, օտար երկրում կառուցած տունդ օջախ չէ, օտար երկրում ծնված զավակդ թափառական է։ Ճակատագրի բերումով հայրենիքից հեռացած մեր քարավանները պիտի հետ գան ու պիտի տուն կառուցեն սեփական հողի վրա, սեփական հողին հենված ամուր տուն՝ օջախ։ Դրսում որքան էլ հայրենասիրություն քարոզես զավակիդ, միևնույն է, դու չես կարող լրացնել հայրենիքից հեռու լինելու բացը։ Որպեսզի կապվես հայրենիքին, որպեսզի հայրենիքը արյանդ մեջ ունենաս, պիտի ծնված օրվանից շնչես հայրենիքիդ օդը, ոտքդ դնես հայրենի հողի վրա, պիտի մեծանաս, հասակ առնես հայրենիքում։
Երբ ես ծառայում էի պարսկական բանակում, անընդհատ մեր պատմությունն էի հիշում, մեր կորցրած պետականությունը, մեր կորցրած բանակը։ Նախանձով էի նայում, որ պարսիկները անկախ երկիր ունեն, իրենց սեփական բանակն ունեն։ Ո՞վ կմտածեր, որ այդ մեծ երջանկությունը, այդ անիրական թվացող երազը մեկ օր իրականություն կդառնա, ու սեփական աչքերով կտեսնեմ անկախ Հայաստանը, մեր երկրի բանակը։ Երբ փորձում ենք քննադատել ինքներս մեզ ու սեփական երկիրը, երբ փորձում ենք համեմատել մեզ զարգացած ու բարձրակարգ երկրների հետ, հիշենք, թե ինչ փորձությունների միջով անցանք վերջին 6-7 հարյուր տարում։ Երբ մեզ ու մեր երկրին նայենք այն մարդկանց աչքերով, ովքեր դարեդար անկախ պետականության համար կռիվ տվեցին, ովքեր երազեցին հայկական բանակ, հայկական դրոշ, հայկական օրհներգ ու զինանշան, կհասկանանք մեր ունեցածի արժեքն ու կերջանկանանք այս թեկուզ փոքրիկ ու ոչ այնքան հարուստ հայրենիքով։
Սահմանին կանգնած հայ զինվորի համար շատ բնական ու օրինաչափ է, որ ինքն ունի անկախ երկիր և պաշտպանում է սեփական երկրի սահմանները։ Այս սերունդը ծնվել է անկախ երկրում ու չի էլ պատկերացնում ինչ ասել է ստրկություն… Երբ հայրենիքդ օտարի տիրապետության տակ է։ Երբ օտարն է որոշում, թե դու ինչպես պիտի ապրես սեփական տանդ, երբ օտարն է պաշտպանում քո երկրի սահմանները։ Հպարտ ու ուժեղ սերունդ է բարձրանում Հայաստանում։ Մի սերունդ, որը մտածում է ազատ, կարող է չափվել ցանկացած ազգի երիտասարդության հետ իր մտավոր կարողություններով, որը աշխատասեր է, ինքնուրույն, կենսունակ, հայրենիքի ուժեղ զգացողությամբ ու ազգային ինքնագիտակցությամբ։ Ես վստահում եմ այս սերնդին։ Նա ավելի ուժեղ ու պաշտպանված հայրենիք է կառուցելու։ Եթե խորհրդային սերունդը կարողացավ պաշտպանել և կառուցել այսօրվա հայրենիքը, Արցախյան պատերազմի ոգեղենությունը ապրած, անկախ հայրենիքում մեծացած սերունդը ավելի ամուր է պահելու Արցախի սահմանները ու ավելի հզոր հայրենիք է կառուցելու։ Ես հիմա տանն եմ, եկել եմ, այսպես ասած, լիցքավորվելու, եկել եմ ուժ հավաքելու, որ գնամ ու շարունակեմ աշխատել։ Ճակատագրի բերումով ես պիտի արտերկրում աշխատեմ, այնտեղ է իմ բիզնեսը։ Ես հեռու եմ Հայաստանից, դա իմ ցավն է, բայց հայրենիքիս իմ պարտքը տալիս եմ ու պիտի տամ, իմ որդիական պարտքը կատարում եմ ու պիտի կատարեմ։ Մենք բոլորս մեր երկիրը շենացնելու որդիական պարտք ունենք հայրենիքի հանդեպ։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #41 (957) 18.10.2012 – 24.10.2012, Բանակ և հասարակություն