ՀԱՂԹԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ` ԳԵՐԱԳՈՒՅՆ ՆՊԱՏԱԿ
Զորամասի հրամանատար գնդապետ Մ.Աբրահամյանի հետ զրույցի թեման հայոց բանակի անցած ու ներկա օրերն են։ Հրամանատարի համար առավել տեսանելի են ձեռքբերումներն ու հաջողությունները։
-Անձնակազմը համալրված է հերոսական ճանապարհ անցած ազատամարտիկներով, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի բնակիչներով, որոնք նույնպես ռազմական գործի մեծ փորձ և հմտություն ունեն, բարեխիղճ են, իրենց հող ու ջրին, իրենց օջախին նվիրված, մի խոսքով՝ երկրապահ։ Պայմանագրային զինծառայությունն օգնեց նաև սահմանամերձ շրջանների տղամարդկանց սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը, նպաստեց, որ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը կրճատվի, ինչը ամրացնում է սահմանային մեր բնակավայրերը։ Գովեստի են արժանի նաև ժամկետային զինծառայությունն ավարտած այն տղաները, ովքեր ցանկություն են հայտնում իրենց ծառայությունը շարունակելու պայմանագրային հիմունքներով։ Այդ տղաներին, կարելի է ասել, փոխանցվել է մեր ազատամարտի հերոսների ոգին, որին գումարվել է այսօրվա մարտական բարձր պատրաստվածությունը, ժամանակակից սպառազինությանն ու ռազմական տեխնիկային տիրապետելու հմտությունը,- ասաց զորամասի հրամանատար գնդապետ Մ. Աբրահամյանը։
Հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Գ.Կարապետյանի հետ բարձրանում ենք մարտական հենակետեր, որտեղ իրենց ծառայությունն են անցկացնում պայմանագրային հիմունքներով զինծառայողներ։ Փոխգնդապետը ծնունդով Մեղրիից է։ Ազատագրական պայքարին իր մասնակցությունն է բերել առաջին իսկ օրերից։ Կռվել է Ղևոնդ Հովհաննիսյանի կազմավորած ջոկատում։ Բանակի ստեղծման օրից անցել է զինվորական ծառայության։ Եղել է դասակի, վաշտի, գումարտակի հրամանատար, զորամիավորման ավագ սպա, ապա զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալ։ Նույն պաշտոնին վերջերս է նշանակվել այս զորամասում։ Պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան», «Արցախի մայրերի երախտագիտություն», «Դրաստամատ Կանայան», ինչպես նաև «Անբասիր ծառայության» մեդալներով։
-Ամեն անգամ մարտական հենակետեր բարձրանալիս մի պահ մտովի տեղափոխվում եմ ազատագրական պայքարի այն օրերը, երբ ջոկատներով էինք մարտնչում թշնամու դեմ։ Դժվարին օրեր էին, դժվարին կռիվներ, սակայն ջոկատի տղաներով երդվում էինք` թեկուզ կյանքի գնով ոչ մի անգամ թիկունք ցույց չտալ թշնամուն։ Այդպես էլ եղավ, այդպես էլ պաշտպանեցինք մեր շեները, մեր հողերը։ Փառք Աստծու, ունենք արժանի փոխարինողներ։
Առաջին հենակետում փոխգնդապետին զեկուցում է վաշտի հրամանատար, առաջնագծի պատասխանատու կապիտան Ռ.Ստեփանյանը։ Վաշտի հրամանատարը ծնվել է Երևանում։ 1999-ին տեղափոխվել է սահմանամերձ Գեղամասար բնակավայր։ Պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության» առաջին աստիճանի մեդալներով։ Ունի պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի կողմից տրված պատվոգրեր, նվերներ։ Ամուսնացած է, ունի 2 տղա և մեկ աղջիկ։ Տղաները՝ Կարենը և Նարեկը, քիքբոքսինգի Հայաստանի առաջնությունում գրավել են առաջին և երկրորդ տեղերը։
-Իսկական զինվորներ են՝ ուժեղ, խիզախ,- հպարտությամբ ասում է վաշտի հրամանատարը: -Հայրական կողմս սերում է մեր պատմական Գանձակից, Գարդմանա աշխարհից, իսկ մայրական կողմս՝ Նախիջևանից։ Երեխաներիս տատիկ-պապիկներն իրենց զրույցներում այնքան են պատմում մեր նախնիների ծննդավայրից, որ որդիներս հաստատ որոշել են դառնալ զինվորական։
Ի դեպ, վաշտի հրամանատարի երկու եղբայրները՝ Կարենը և Հակոբը, նույնպես պայմանագրային զինծառայողներ են։
Շրջում ենք մարտական հենակետերով, խրամատներով։ Կապիտանն առաջինը ցույց է տալիս կրակակետերը, դիտորդի դիտակետերը, փշալարային կառույցները։
-Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովն անձամբ է հանձնարարականներ տվել դրանց կառուցման վերաբերյալ։ Հանձնարարականները կատարվել են ճիշտ ժամանակին,- ասաց վաշտի հրամանատարը։
Հենակետում պատրաստ էր նաև շրջանաձև պաշտպանության խրամուղիների համակարգը, ինչպես նաև արթուն հերթապահի նորոգված դիտակետը։ Արթուն հերթապահ, կրտսեր սերժանտ Արթուր Ասատրյանը բացատրում է իր պարտականությունները։ Ծնունդով Շամխորի Ջագիր գյուղից է։
-Ջագիրը գտնվում է Չարդախլուի կողքին,- ասում է նա։ Ջագիրից են նաև հրաձիգներ Աշոտ Մարտիրոսյանը, Նվեր Բաղրամյանը, գնդացրորդ Արամ Ասատրյանը։
Հենակետի տղաները հիմնականում պատմական Գարդմանա աշխարհից են։ Նրանցից ոմանք ծնվել էին այստեղ, իսկ ոմանք էլ հիշում էին իրենց ծննդավայրերը։
Հենակետի ավագ, կրտսեր սերժանտ Վազգեն Մարգարյանը ծնվել է Չարդախլուում։ Ծննդավայրից գաղթել են 1988-ին և հաստատվել Գեղամասարում։ 2003-2005թթ. ժամկետային զինծառայությունն անց է կացրել Արցախում։
Հենակետի ամենից տարիքովը Մակիչ Նազլուխանյանն է՝ 41 տարեկան, իսկ կրտսերը՝ Նվեր Բաղրամյանը՝ 21 տարեկան։
Մարտական այն հենակետերում, որտեղ մենք եղանք, զգացվում էր խստապահանջ և հոգատար ձեռքի աշխատանք։ Խրամուղիները մաքրված են, խորացված, շարունակվում են ինժեներական աշխատանքները։ Առջևում ձմեռ է, իսկ այստեղի ձմեռը խստաշունչ է, և հենակետն արդեն ապահովված է վառելափայտով։ Փոխգնդապետ Գ. Կարապետյանը ստուգեց մարտական հենակետը: Անձնակազմը, ըստ մարտական հաշվարկի գտնվում էր իր տեղում։ Զենքը և զինամթերքը մաքուր վիճակում էին։ Կապը բոլոր դիրքերի հետ, ինչպես նաև դիտորդների հետ ազդանշանային կապի համակարգը գործում էր անխափան, կար գիշերային տեսանելիության սարք։ Հրամանատարության բոլոր պահանջները հենակետում կատարված էին։ «Շնորհակալ եմ անձնակազմից»,-գրանցման մատյանում գրեց փոխգնդապետ Գ. Կարապետյանը։
-Թուրքը նենգ է, լկտի, թույլ օղակ է փնտրում, սպասում է մառախլապատ գիշերների, պետք է զգույշ լինենք,- ևս մի անգամ հիշեցնում է նա զինվորներին:
Զինծառայողները խոսում են իրենց հոգսերից, իրենց ընտանիքներից, զավակներից։ Խնդիրներ շատ կան, սակայն տղաները առաջնայինը և գլխավորը համարում են հայրենիքի սահմանների պաշտպանությունը, որովհետև այնքան փորձություններ են տեսել, այնքան դժվարություններ հաղթահարել, որ հաղթական խաղաղությունը պաշտպանելը նրանց գերագույն նպատակն է։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ